ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է ՀՀ-ում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, նորանշանակ Չալերում Պոլ Թանչիտին: Ըստ նախարարության տեղեկատվության` Հ.Պողոսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնավարության կապակցությամբ և մաղթել Հայաստանում դիվանագիտական խաղաղ առաքելություն: Նախարարը պարոն Չալերում Պոլ Թանչիտին շնորհավորել է ևս 2 առիթով. նախ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20- ամյակի կապակցությամբ, որին ընդառաջ մշակույթի ոլորտում որպես նոր որակական ձեռքբերում, ըստ նախարարի, կարող է դառնալ «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը, որը մի քանի տարի է շրջանառվում է, և որի ստորագրմանը իր ներդրումն, անշուշտ, կարող է ունենալ նորանշանակ դեսպանը: Շնորհավորելու հաջորդ առիթը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Բանգկոկը 2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակումն է: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ուրախությամբ հայտնել է նաև, որ այդ պատվավոր տիտղոսը Բանգկոկին փոխանցելու է Գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք Երևանը, իսկ դա ենթադրում է համատեղ բազում նախաձեռնութուններ ու մշակութային երկխոսություններ ու փոխանակումներ տարբեր ոլորտներում ու հարթություններում` ազգագրական կատարողական արվեստից մինչև ցուցադրություններ, թարգմանություն ու համատեղ հրատարակություններ: ՀՀ-ում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չալերում Պոլ Թանչիտը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորինը 2 երկրների միջև փոխըմբռնումը մեծացնելու ուղղությամբ, ինչի լավագույն իրականացումն ու դրսևորումը մշակույթի միջոցով կարող է լինել, որտեղ չկան շահեր, այլ կա շահագրգռվածություն բարեկամանալու, պատմական անցյալին ու ժառանգությանը, փոխադարձ մշակույթներին ծանոթանալու ու մեկ- մեկու ճանաչելով հարստանալու: