«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնի երրորդ աշխատանքային օրվա ընթացքում ցուցադրվեց 44 ֆիլմ' նախորդ օրվա 45-ի փոխարեն: Ցուցադրումներն իրականացվել են Երեւանի «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Մոսկվայի տանը, «Նարեկացի» արվեստի միությունում, Սիրահարների այգում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր ցուցադրվեց Դիեգո Լերմանի «Անտեսանելի աչքը» ֆիլմը: Ֆիլմը նկարագրում է 1982 թ-ի Բուենոս Այրեսը: Արգենտինայի մայրաքաղաքի փողոցներում ժողովուրդը մարտահրավեր է նետում ռազմական բռնապետությանը: Գլխավոր հերոսուհին' Մարիա Տերեսան, վարժուհի է Բուենոս Այրեսի ազգային վարժարանում. մի կառույց, որը կրթում է երկրի ապագա ընտրախավին: Նա 23 տարեկան է եւ ձգտում է ճշտապահ լինել, իսկ ուսմասվարը սովորեցնում է, թե ինչպես զգոն, ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչը վրիպում է ուրիշների ուշադրությունից, այսինքն' դառնալ անտեսանելի աչք: Մարիա Տերեսան ամբողջովին նվիրվում է այս փոքր, փակ աշխարհի անողոք վերահսկման գործին' երեւակայելով, որսալով եւ հետապնդելով:
«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած' Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսն ութսունամյա Կարապետն է, որի մայրը հրաշքով փրկվել է Հայոց եղեռնի ջարդերից: Նա փորձում է իր ամերիկացած սերնդակիցների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Միայն այդկերպ նա կարող է փրկել ընտանիքը փոխադարձ խորթացումից ու քայքայումից: Անձամբ Կարապետն իր պարտքն է համարում ամեն տարի ապրիլի քսանչորսին Թուրքիայի դեսպանատան առջեւ այրել այդ երկրի ազգային դրոշը: Դա բողոքի' նրան հասանելի միակ ձեւն է: Նման դեմարշները զայրացնում են որդուն' Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել եւ անհասկանալի են տասնյոթամյա թոռանը, որը նույնիոկ սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն: Կարապետի անհաշտ ու անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա:
Ցուցադրվեց նաեւ Լեւոն Մինասյանի «Դաշնամուրը» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես Գյումրիի ավերիչ երկրաշարժից տասներեք տարի անց տասներեքամյա որբ Լուսինեն պապի հետ ապրում է տնակում: Նա համր է, բայց' շնորհալի դաշնակահարուհի: Միջազգային մրցույթի պատրաստվելու համար Մշակույթի նախարարությունը նրան մի գեղեցիկ դաշնամուր է տրամադրում: Բայց, երբ գործիքը բերվում է, պարզ է դառնում, որ տնակը, որտեղ նրանք ապրում են, շատ փոքր է դաշնամուրը տեղավորելու համար: Նմանատիպ դրամատիկ իրավիճակներ շատ են պատահել հայերի հետ:
Այսօր ցուցադրվեց նաեւ Հարութ Շատյանի «Ներբեռնելով կյանքս» ֆիլմը, որը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Պատմությունը ուսանող երիտասարդի մասին է, ով զինվորական ծառայության ժամանակ հիվանդացել է շաքարախտով եւ զորացրվել իբրեւ զինծառայությանը ոչ պիտանի մարդ: Բուժման համար անհրաժեշտ դեղերը , որ պետք է անվճար տրամադրվեին հիվանդին, ուշանում են, եւ գործազուրկ ուսանողին ոչինչ չի մնում անել, քան դիմել գողության: Ֆիլմը նկարահանված է հերոսի ինքնախոստովանության սկզբունքով, իսկ խոստովանահայրը տեսախցիկն է: «Բեռնելով կյանքս» ֆիլմում ամեն ինչ շատ անկեղծ է ու համոզիչ. երկրոդական է դառնում գործողությունների վավերագրական կամ հորինվածք լինելու հանգամանքը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658411/
|