«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հուլիսի 14-ին Սարդարապատի հուշահամալիրում կանցկացվի Տոլմայի համահայկական փառատոն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի անցկացումը կազմակերպության' հայկական ավանդական խոհանոցի լուսաբանման եւ հանրությանը ներկայացնելու առաքելության հերթական դրսեւորումն է: «Հայկական ավանդական խոհանոցը շատ թերի է ներկայացվում, եւ դրանում մեղավոր ենք նաեւ մենք' խորհարարներս»,- ընդգծեց Ս. Մամուլյանը' հավելելով, որ պետք է փոխել հանրության վերաբերմունքը հայկական խոհանոցի հանդեպ: Ըստ նրա' կազմակերպությունը փոքր քայլերով, սակայն մեծ համառությամբ առաջ է գնում հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման գործում:
Կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում 22 առանձին տաղավարներով ներկայացվելու են հայկական տոլմայի բազմաթիվ տեսակներ: Տաղավարները կներկայացնեն թե անհատ խորհարարների, թե ռեստորանների պատրաստած տեսականին: Փառատոնին մասնակցելու հրավերներ են ուղարկվել հայաստանյան քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների, ինչպես նաեւ հարեւան երկրներ: Արդեն հստակ է, որ փառատոնին կմասնակցի Հնդկաստանից ներկայացուցիչ, որն էլ հենց հայկական ավանդական տոլմա կպատրաստի: Վ. Անթանեսյանի խոսքով' փառատոնի շրջանակներում տաղավարների միջեւ անցկացվելու է նաեւ մրցույթ' 3 անվանակարգերով' «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն ձեւավորում» եւ «Լավագույն մտահղացում»: Գլխավոր մրցանակը կավե մեծ գավաթ է, նաեւ հաղթողներին կտրամադրվեն մեդալներ: Բացի մրցութային ծրագրից, նախատեսվում են նաեւ երաժշտական եւ պարային կատարումներ:
Կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում գիրք հրատարակել' հայկական տոլմայի բոլոր տեսակների բաղադրատոմսերով:
Փառատոնի անցկացման համար կազմակերպությունը համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի հետ: Ինչպես նշեց վերջինիս անդամ Վարդան Հակոբյանը, կարեւոր է, որ փառատոնի շրջանակներում օտարերկրյա հյուրերը ծանոթանան նաեւ Հայաստանի պատմությանն ու մշակութային արժեքներին: Ըստ նրա' Տոլմայի փառատոնի կազմակերպմամբ միանգամից մի քանի հարց է լուծվում. փառատոնի շուրջ 120-150 հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ Սարդարապատի հուշահամալիրին, այլեւ հայկական խոհանոցին' համտեսելով ավանդական տոլման:
Բանախոսները վստահությամբ նշեցին, որ թե հետագա համագործակցությունը, թե Տոլմայի փառատոնի կազմակերպումն ավանդական բնույթ կկրեն:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658234/
|