Գլխավոր » 2011»Հուլիս»12 »
"Ոսկե ծիրան"-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր"
16:58
"Ոսկե ծիրան"-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր"
Երևանի "Մոսկվա" կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է "Ոսկե ծիրան" 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Թեև հորդառատ անձրևին` փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:
Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, "Ոսկե ծիրան"-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հետաքրքիր: "Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երևանին ապրել այլ տրամադրությամբ",- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: "Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի",- ասել է ՀՀ վարչապետը:
Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյարոսթամիի "Վավերացված պատճենը" ֆիլմով:
Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։