Կիրակի, 24.11.2024, 06:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » «Ոսկե ծիրանն» ընդդեմ ոսկե ցուլի
12:49
«Ոսկե ծիրանն» ընդդեմ ոսկե ցուլի
Տիգրան Խզմալյան
Հացի ու զվարճալի տեսարանների պահանջը Հին Հռոմի մենաշնորհը չէ: Հպատակներին հնազանդեցնելու լավագույն միջոց է համարվել սա բոլոր ժամանակներում ու տարածքներում` Ամերիկայից մինչեւ Հյուսիսային Կորեա: Որքան քիչ է հացը, այնքան շատ ու զվարճալի պետք է լինեն տեսարանները` սա կառավարման օրենքներից մեկն է:

Մենք՝ հայերս, իսկապես եզակի ժողովուրդ ենք. երեքուկես գրախանութ ունենալով` Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ենք հայտարարում, մեկուկես կինոթատրոնով ութ տարի միջազգային կինոփառատոն ենք անցկացնում: Հարություն Խաչատրյանի ինքնազոհության գնով կազմակերպվող «Ոսկե ծիրանը» թերեւս դարձել է հայաստանյան մշակութային կյանքի կենտրոնական ու ամենաորակյալ ամենամյա միջոցառումը:

Վահագն Ստամբոլցյանի մահից հետո միայն ավագ սերունդն է հիշելու Երեւանում ժամանակին անցնող երգեհոնային երաժշտության փառատոնները, Խորեն Աբրահամյանից հետո մոռացվեցին ավանդական շեքսպիրյան միջազգային օրերը, իսկ նորաստեղծ թատերական փառատոններին մի քիչ պակասում է քաղաքի փառասիրությունը շոյող գերաստղերի ներկայությունը, մի բան, որ նախանձելի պարբերականությամբ ապահովում է Երեւանին «Ոսկե ծիրանը»:

Տոնինո Գուերան եւ Արտավազդ Փելեշյանը, Գոդֆրի Ռեջիոն ու Վիմ Վենդերսը, Կլաուդիա Կարդինալեն եւ այս տարի` անզուգական Ֆաննի Արդանը: Մեզ մոտ գալիս ու գալիս են հանճարներ, քանզի աշխարհը Հայաստանից ու հայերից շարունակում է հրաշք սպասել: Իսկ մեզ համար նրանց գալն անհրաժեշտ է` դա մեզ հիշեցնում է մեր առաքելության ու նրանց սպասելիքների մասին, համ էլ սա է, որ քաղաքը մայրաքաղաք է դարձնում, սա է երկիրը պահպանում քարտեզի վրա եւ ոչ միայն մշակութային քարտեզի…

Այսուհանդերձ, «Ոսկե ծիրանն» առաջին հայացքից որեւէ առնչություն չունի Հայաստանի առօրյա կյանքի հետ: Աստղերը փայլում ու հեռանում են գիսաստղերի պես, մենք էլ մնում ենք տեղական գորշ հեռուստաալիքների դեմ-դիմաց, որտեղ, կարմիր գորգով անցնող պաշտոնյաներից ու քաղքենի մակերեսությամբ տոգորված հաղորդումներից բացի, փառատոնից որեւե բան չի ցուցադրվում:

Հատկապես երբեք չեն ցուցադրվում նույն այդ աստղային ֆիլմերը: Իզուր չէ, որ հենց փառատոններից մեկի բացման արարողության ընթացքում երկրի երկրորդ նախագահը կուշտ ինքնահավանությամբ արտասանեց զավեշտական մի բանաձեւ. «Մեզ էսօր Ֆելինի եւ Փարաջանով պետք չեն, մեր ժողովրդին ժամանակակից կինո ա պետք…»:

Աննախադեպ բան է կինոփառատոն անցկացնող երկրի համար. վերջին տարիներին «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակը ստացած հայ հեղինակներ Հ. Հակոբյանի ու Վ. Հովհաննիսյանի վավերագրական ֆիլմերը երբեք չեն ցուցադրվել ոչ միայն մասնավոր, այլ նաեւ ու հատկապես Հանրային հեռուստատեսությամբ:

Վավերագրական կինոն ճշմարիտ է, ուստիեւ անտանելի է ստով լցված հայկական հեռուստա… կամ ավելի ճիշտ` հարուստատեսության համար: Բայց իզուր չէ, որ «Ոսկե ծիրանն» իր մեջ պարունակում է եւ հացի տեղ անցնող ծիրանը, եւ ոսկու տեղ ընդունվող զվարճանքը: «Ոսկե ծիրանն» իսկապես չի առնչվում Հայաստանի այսօրվա դարդուցավին:

Բայց այն հաստատ առնչվում է ու պատրաստում նոր Հայաստանը` այն երկիրը, ուր մենք կատարելու ենք մեր պարտքն աշխարհի ու մեր իսկ երկրի ու պատմության առաջ, վերստին դարձնելով Հայաստանը մշակույթի ու գեղեցկության, աշխատանքի ու ստեղծագործության երկիր:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/14/golden-aricot/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 754 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոն, Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0