«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին:
Նախօրեին Հայաստանի կառավարությունը հաստատել է արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել ավելի քան 300 հուշարձաններ` դրանք վերականգնելու և բարեկարգելու նպատակով։
Բարձր գնահատելով կառավարության քայլը` երիտասարդական նախաձեռնությունը միաժամանակ հայտնում է, որ չփարատված է մնում «Ճանաչիր քո երկրի» կողմից 2 ամիս առաջ բարձրացված խնդիրը` արգելոցի տարածքում գտնվող սրբատեղիներ այցելող ուխտավորներից 3000-ական դրամ գանձելու վերաբերյալ։
Խոսրովի անտառի տնօրենը հունիսի սկզբին փորձեց արդարացնել ուխտավորներից գումարի գանձումը «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությամբ»:
Հաշվի առնելով այդ հանգամանքը` «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն առաջարկում է ամսական առնվազն մեկ անգամ Խոսրովի անտառում գտնվող սրբատեղիների ուխտավորների համար կազմակերպել այսպես կոչված «բաց դռների օր»:
Խնդրի լուծման հարցում «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը ապավինում է վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը: