Գլխավոր » 2011»Հուլիս»23 »
Փարաջանով. արվեստի կործանված գլուխգործոցը (տեսանյութ)
13:30
Փարաջանով. արվեստի կործանված գլուխգործոցը (տեսանյութ)
1990 թվականի հուլիսի 20-ին Երեւանում վախճանվեց Սերգեյ Փարաջանովը: Նրան հողին հանձնեցին հուլիսի 25-ին, Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: 1994-ին Ռոն Հոլուեյը նկարահանեց «Փարաջանով. Ռեքվիեմ» վավերագրական ֆիլմը, որը կարող եք դիտել այստեղ… Այդ օրերի մասին Տոնինո Գուերան գրել է. «…Երբ Երեւանում թաղում էին ռեժիսոր Փարաջանովին, մոտ քառասուն աստիճան շոգ էր: Քաղաքը կանգ էր առել, որպեսզի պատվի իր մեծ արվեստագետին: Արեւը կանգնած էր զենիթում, եւ ստվերները մարդկանց ոտքերի ու տների տակից չէին հեռանում: Օդը եռում էր բերանում, եւ ցայտաղբյուրները չոր էին:
Երկու ժամվա ընթացքում Երեւանի փողոցներով շարժվում էր ցավից ու ծարավից սեւացած, մարդկանց մռայլ ստվերը: Մինչեւ որ մեկը դիմեց իրենց տների զովության մեջ մնացած ծերունիներին, եւ այդժամ բացվեցին պատուհաններն ու առաջին հարկի դռները եւ ջրով լի բաժակներով ձեռքեր հայտնվեցին, որ ձգվում էին դեպի թաղման թափորը:
Մարդկանց վիթխարի, ձգվող շղթան բաց դագաղի ետեւում, ուր ննջում էր Փարաջանովը, հալչող սառույցի կտորներով պատված, սկսեց ցրվել: Մարդիկ վազեցին դեպի այդ բաժակները: Աղոթքի կոծերը թաղվեցին ջրի համար վիճող ձայների աղմուկում, եւ այդպես շարունակվեց մինչեւ գերեզմանոց, ուր գիշերով, ձեռքերով փոս էր փորվել, ինչպես ընդունված է անել պաշտելի մարդկանց համար:
Լուսանկարիչը, ում բախտ չէր վիճակվել լուսանկարել Փարաջանովին ողջ, կարող էր այժմ պատկերել նրան անշարժ` դագաղի մեջ: Ցավոք, ողջ ժապավենը լույս էր տեսել, հնարավոր է, որ դա ռեժիսորի վերջին կատակն էր: Երբ մարմինը շիրիմ իջեցրին, մարդիկ ծնկի եկան ու սկսեցին դագաղի վրա բռերով հող լցնել, մինչեւ որ դատարկությունը լցվի…»:
«… մարդու ստեղծագործական տասը տարին լափեցին, բեկեցին սքանչելի թռիչքը: Սարսափելի էր բանտից նոր դուրս եկած Փարաջանովին տեսնելը: Ինչ գեղեցիկ տղամարդ, ինչ գեղեցիկ գոյություն էինք բանտ ղրկել եւ ինչ ետ ստացանք՝ արվեստի կործանված գլուխգործոց…»,- սա արդեն Հրանտ Մաթեւոսյանն է: