Գլխավոր » 2011»Հուլիս»30 »
Փաստի առաջ են կանգնեցրել Գյումրիի քաղաքապետին. Վահան Թումասյան
16:49
Փաստի առաջ են կանգնեցրել Գյումրիի քաղաքապետին. Վահան Թումասյան
Գյումրիի «Շիրակ» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, անդրադառնալով երեկ կառավարության այն որոշմանը, համաձայն որի՝ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 հասցեում գտնվող՝ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում, «Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց, որ վարչապետը Գյումրիից ոչ մի առաջարկություն չի ստացել որմնանկարները սեփական ուժերով վերականգնելու վերաբերյալ:
«Մենք կողմ էինք, որ որմնանկարները տեղադրվեին մշակութային օջախներում, ոչ թե սեփական օբյեկտում ու քաղաքապետարանում»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ «աֆերիստ քայլով» ինչ-որ տեղ փաստի առաջ են կանգնեցնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ասելով. «Ուզո՞ւմ էիր որմնանկար՝ ստացի՛ր»:
Բացի դրանից՝ «Գորգ են գործում» որմնանկարն իրականում տեղադրվելու է Կումայրի թանգարան-արգելոցում կառուցված, անհատի պատկանող ռեստորանահյուրանոցային համալիրում: «Ի՞նչ է, Ձեր կարծիքով, «Արմենիա Մարիոթը» պատմամշակութային կոթո՞ղ է»,- զայրացած ասաց «Շիրակ» ՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ կառավարությունն իր որոշման մեջ դիտավորյալ է գրել՝ «Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահ»: