ՓԽՐՈՒՆ ԿԻՐՔԸ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Երաժշտագետ
Էտյուդներՙ Շոպենի էտյուդների մասին
Սույն հոդվածի հեղինակն իր ստորագրության տակ նշել է իր բուն մասնագիտությունըՙ երաժշտագետ: Իրավացիորեն: Քանզի «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը բուն մասնագիտությամբ երաժշտագետ է, այն էլՙ տաղանդավոր, որի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով ներկայացրած երաժշտագիտական հաղորդումները թեեւ փոքր, բայց կայուն լսարան ունեն Հայաստանում թե Սփյուռքում, իրենց պարզ, մատչելի ու միաժամանակ մասնագիտորեն հագեցած բովանդակության համար: Ոչ ոք չի կարող նրան մեղադրել իր բուն մասնագիտությունը ամեն օր չկիրառելու եւ փոխարենը օրաթերթ խմբագրելու եւ ամենօրյա առաջնորդողներ գրելու համար (նա մեր տպագիր մամուլում միակ սյունակագիրն է), այլ կարելի է պարզապես ափսոսանք հայտնել, որ իր թերթում շատ հազվադեպ է ցարդ հանդես եկել երաժշտագիտական հոդվածներով: Ինչեւէ: Մեր գործընկերը կարողացավ ժամանակ գտնել ընդառաջելու «Ազգ»-ի խնդրանքինՙ Շոպենի ծննդյան 200-ամյակին նվիրված սույն հոդվածը տրամադրելու մեր մշակութային հավելվածին: Հուսով ենքՙ առաջինն ու վերջինը չի լինի: Խմբ.
«Իմ ծնողներ, իմ քույրեր, որտե՞ղ եք դուք, մի՞թե դուք արդեն դիակներ եք: Գուցե մոսկալը իմ հետ դաժան կատակ է արել: Թշնամին իմ տանն է, արվարձաններն այրված են: Տեր Աստված, դու գոյություն ունե՞ս եւ վրեժխնդիր չե՞ս լինում: Գուցե դու է՞լ ես մոսկալ» : Այս խոսքերը 21-ամյա Ֆրեդերիկ Շոպենը գրել է Շտուտգարտումՙ իմանալով, որ ռուսական զորքերը ներխուժել են Վարշավա եւ դաժանորեն ճնշել լեհերի ապստամբությունը: Հենց այդտեղՙ Շտուտգարդում, ազդվելով ռուսական ցարիզմի դեմ ապստամբությունը ճնշելու լուրից եւ անհանգստանալով հարազատների ճակատագրի համար, Շոպենը գրեց իր թիվ 12, դո-մինոր էտյուդը, որը Լիստն անվանել է «Հեղափոխական»: Բնականաբար, լեհ կոմպոզիտորն օժտված էր բավական բարձր ինտելեկտովՙ որեւէ ժողովրդի նկատմամբ թշնամանք կամ ատելություն չունենալու համար: Բայց մյուս կողմից հայտնի է նաեւ, որ նշված իրադարձությունից` 1831 թվականի սեպտեմբերի 6-ին գեներալ Պասկեւիչիՙ Վարշավայի գրավումից հետո, Շոպենն այլես հայրենիք չէր վերադարձել: Ավելի ուշ Շոպենի ուսուցիչըՙ Էլսները խորհորդ է տալիս նրան գրել օպերաՙ ազգային-ազատագրական թեմաներով: Կոմպոզիտորը խոստանում է մտածել, բայց որոշ ժամանակ անց հասկանում է, որ օպերան իր ժանրը չէ: Հայրենիքի հանդեպ ամբողջ կարոտը, նրա ճակատագրի նկատմամբ ամբողջ ցասումը Շոպենն արտահայտում է դաշնամուրային պիեսներիՙ այդ թվումՙ Էտյուդների միջոցով:
Մինչեւ 19-րդ դարի 30-ական թվականները էտյուդը պարզապես վարժություն էրՙ կատարողական տեխնիկան զարգացնելու համար: Շոպենից առաջ եւ նրա հետ զուգահեռ էտյուդներ են գրել, մասնավորապես, իտալացի Մուցիո Կլեմենտին եւ ավստրիացի Կարլ Չերնին: Տեխնիկական բնույթի էտյուդներ ստեղծվել են նաեւ հետագայում: Բայց Շոպենի նման կոմպոզիտորի ու դաշնակահարի համար տեխնիկան միայն կերպարը, բովանդակությունը բացահայտելու միջոց է: Նման բովանդակություն է նա ներդնում էտյուդների մեջ, որոնք երբեմն զուտ արտաքնապես նվիրված են որեւէ տեխնիկական հնարքի հաղթահարմանը: Բայց այդպիսի ընկալումը նշանակություն ունի միայն մասնագետների համար: Կարեւորն այստեղ մարդկային հույզերի, տրամադրությունների ներկապնակն է, որն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացրել է կոմպոզիտորը: Շոպենի 24 էտյուդները, որոնք ամփոփված են երկու շարքերում, կարելի է ասել, ոչ այնքան դաշնամուրային տեխնիկայի, որքան մարդկային հոգու հանրագիտարան են: Ապրելով ընդամենը 39 տարիՙ Շոպենը հասցրել է իրեն դրեւորել նաեւ որպես նշանավոր մանկավարժ: 21-22 տարեկանից նա պարապում է օժտվածության տարբեր աստիճան ունեցող երիտասարդ դաշնակահարների հետ, եւ դա կոմպոզիտորի ապրուստի հիմնական միջոցն էր: Դաշնամուրային արվեստի մասին իր մտքերը նա թղթին էր հանձնել, եւ այդ գրառումներն առ այսօր պահպանել են իրենց նշանակությունը ժամանակակից կատարողների համար: Բացի այդ, Շոպենի մտքերը ճշգրտությամբ կամ մոտավոր գրի են առել նրա աշակերտները, որոնցից, հետազոտողների կարծիքով, առավել ուշագրավ եւ կանոնակարգված են Միկուլիի գրառումները: Լվովում մի քանի դար բնակվող հայկական հայտնի ընտանիքի զավակ Կարոլ Միկուլին Շոպենի սիրելի աշակերտներից մեկն էր, հետագայումՙ նրա ասիստենտը: 1854 թվականին Միկուլին հիմնեց Գալիցյան երաժշտական ընկերությունը, իսկ քիչ ուշ դարձավ Լվովի նորաստեղծ կոնսերվատորիայի առաջին ռեկտորը: Ի դեպ, նույն ժամանակահատվածում նրա եղբայրըՙ Լյուդվիգը, Չերնովցի քաղաքում հայկական եկեղեցի հիմնեց: Շոպենի ստեղծագործություններն առ այսօր էլ հրատարակվում են նաեւ Միկուլիի խմբագրությամբ, որովհետեւ մեր հայրենակիցը հիմնվում էր մեծ կոմպոզիտորի ձեռագրերի եւ Շոպենի օրոք տպագրված նոտաների վրա, որոնց վրա հեղինակն արել էր իր նշումները:
Իր աշակերտներին հանձնարարած գործերից, կարելի է, իհարկե, դատել կոմպոզիտորի երաժշտական նախասիրությունների մասին: Նա կատարում եւ աշակերտներին էր հանձնարարում այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց անուններն այսօր հայտնի են միայն մասնագետներինՙ օրինակ, Ֆիլդ, Կալկբրուններ, Տալբերգ, Ռիս, որոնք իրենց ժամանակի նշանավոր դաշնակահարներն էին, բայց որպես ստեղծագործողներ համեմատության եզր չունեն Շոպենի կամ Լիստի հետ: Մյուս կողմից, նա ընդգծված գեղագիտական հակասություններ ուներ իր նշանանավոր ժամանակակից Ռոբերտ Շումանի հետ: Վերջինիս «Կառնավալ» ստեղծագործության մասին Շոպենն ասել է, թե դա ընդհանրապես երաժշտություն չէ: Հետաքրքարական է, որ նույն «Կառնավալում» Շոպենի կերպարը չափազանց դրական է ներկայացված: Ավելինՙ Շումանը, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն մեծ կոմպոզիտոր էր, այլեւ իր ժամանակի ամենահեղինակավոր քննադատներից մեկը, Շոպենի առաջին իսկ ստեղծագործությունները լսելուց հետո գրել էր Լայպցիգի երաժշտական թերթում. «Հանեք գլխարկներդ, պարոնայք, ձեր առջեւ հանճար է» :
Մեծ ակնածանքով էր Շոպենը վերաբերվում Բեթհովենի երաժշտությանը, սակայն այստեղ էլ որոշակի վերապահումներ ուներ: Ինչպես գրում է Լիստը, Բեթհովենի գործերն իրենց կառուցվածքով Շոպենին չափից դուրս կոպիտ, ատլետիկ էին թվում, նա գտնում էր, որ դրանց կիրքը մոտ է կատակլիզմին: Իհարկե, Շոպենի գործերը նույնպես կրքոտ են, բայց դրանց կիրքը զտված է, նուրբ է ու փխրուն: Փոխարենը Յոհան Սեբաստիան Բախը եւ մասնավորապես նրա պրելյուդներն ու ֆուգաները «Լավ տեմպերացված կլավիրիցՙ Շոպենի, այսպես ասած, սեղանի նոտաներն էին: Բախը նրա համար ուղեցույց էր նաեւ զուտ որպես դաշնակահարի տեխնիկան զարգացնելու իմաստով եւ նույն մոտեցումը դրսեւորել նա հորդորում էր նաեւ իր աշակերտներին: Համերգների պատրաստվելիս նա «մատները բացում էր» հենց Բախի գործերով, իսկ մի անգամ իր ծանոթներից մեկի համար նվագեց հաջորդաբար 14 պրելյուդ եւ ֆուգա, եւ երբ իր բարեկամը զարմացավ, թե ինչ լավ հիշողություն ունի, Շոպենը պատասխանեցՙ «Այդպիսի բաները չեն մոռացվում»: Գուցե տարբեր տոնայնություններում էտյուդների եւ պրելյուդների շարքեր գրելու գաղափարը նո՞ւյնպես գալիս է Բախի «Լավ տեմպերացված կլավիրի» հանրահայտ շարքերից:
Ի դեպ, Շոպենի 24 բարդագույն էտյուդները, ինչպես նաեւ 24 պրելյուդները մի համերգի ընթացքում կատարում են աշխարհի հատուկենտ դաշնակահարներՙ դա ոչ միայն վարպետություն, այլեւ ֆիզիկական ու էմոցիոնալ մեծ լարվածություն է պահանջում: Եվ այդպիսի երաժիշտներից մեկը մեր հայրենակից Արթուր Փափազյանն է, որն այդ ստեղծագործությունները կատարել է աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից մեկումՙ Նյու-Յորքի Քարնեգի-հոլլում, որտեղ հանդես են գալիս միայն աշխարհի լավագույնՙ բարձրակարգ կատարողները: Շոպեն եւ Լիստ : Երկու մեծ երաժիշտների հարաբերությունները բարդ էին ու հակասական: Պատճառներից մեկն այն է, որ զուտ մարդկային բնավորությունների տեսակետից ավելի տարբեր երկու անձնավորություններ դժվար է պատկերացնել: 21-ամյա Շոպենը Լեհաստանից Փարիզ եկավ 1831 թվականին, երբ 20-ամյա Լիստն արդեն մի քանի տարի ապրում էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, եւ երկու երիտասարդ արվեստագետների միջեւ հարաբերությունները եթե ոչ շատ ջերմ էին, ապա անկեղծ էին եւ բարեկամական: Փարիզյան սալոններում նրանք նույնիսկ համատեղ համերգներ էին տալիսՙ էքստազի հասցնելով հանդիսատեսին: Բացի այդ, Լիստը, իրեն հատուկ լայնախոհությամբ, դարձավ Շոպենի ստեղծագործությունների ոչ միայն երկրպագուն, այլեւ քարոզիչըՙ մինչեւ կյանքի վերջը ընդգրկելով այդ գործերն իր համերգային երկացանկում: Թե ինչն էր երկու երաժիշտների հարաբերությունների վատթարացման պատճառը, դրա մասին հստակ տեղեկություններ չկան:
Ոմանց կարծիքովՙ Լիստի եւ Շոպենիՙ իրարից հեռացման մեջ դեր խաղացին նրանց ընկերուհիներըՙ մի կողմից Մարի դ՛Ագուն, մյուս կոմիցՙ Ժորժ Սանդը, որոնք կանացի հայտնի խանդից կոմպոզիտորներին տրամադրում էին իրար դեմ: Գուցե երաժիշտներին կռվացնելու անշնորհակալ գործով զբաղված էին նաեւ այն ժամանակվա երաժշտական քննադատները: Փաստն այն է, որ 40-ական թվականներին Շոպենը Լիստի մասին արտահայտվում էր հեգնանքով, երբեմն նաեւՙ հակակրանքով: Վստահաբար կարելի է ասել, որ նման վերաբերմունքը փոխադարձ չէր. Լիստը, որը լեհ կոմպոզիտորի մահվանից հետո ապրել է 37 տարի, բացի հիացմունքից ու խոնարհումից, Շոպենի մասին որեւէ այլ խոսք չի ասել: Ավելինՙ նա Շոպենին է նվիրել մի ամբողջ գիրք, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում առնվազն այնքանով, որ համաշխարհային մշակույթի պատմության մեջ շատ հազվադեպ են դեպքերը, երբ մի հանճարը մյուսի մասին գիրք է գրում: Այսօր Շոպենի մահվանից գրեթե ավելի քան 160 տարի անց (նա մահացել է 1849 թվականի հոկտեմբերի 17-ին) նրա եւ Լիստի տարաձայնություններն ու տարբերությունները նահանջում են երկրորդ պլան, երկու կոմպոզիտորներն էլ ընկալվում են որպես նորարարներ, որոնք էապես հարստացրին երաժշտական արտահայտչամիջոցները եւ փոխեցին մեր պատկերացումները երաժշտական ժանրերի մասին: Անշուշտ, թե՛ Լիստի եւ թե՛ Շոպենի համար նման ժանր էին նաեւ էտյուդները:
Ռուս մեծ բանաստեղծ Բորիս Պաստեռնակը հրաշալի հոդված ունի Շոպենի մասին: Նա այստեղ ընդհանուր դատողություններ է անում երաժշտական ռեալիզմի վերաբերյալՙ նշելով, որ այս արվեստում կամայականության աստիճանը շատ բարձր է: Եվ այստեղ, գրում է բանաստեղծը, ամեն ինչ հիմնված է բացառությունների վրա, որոնք եւ կազմում են երաժշտության պատմությունը: Եվ կան, ըստ Պաստեռնակի, բացառություններից բացառություններ: Դրանք երկուսն ենՙ Բախը եւ Շոպենը: Վերջինիս էտյուդները, գրողի կարծիքով, դասագրքեր չեն, դրանք ուսումնասիրություններ են. երաժշտական միջոցներով նա հետազոտում է մարդու կյանքըՙ մանկությունից մինչեւ մահ: Դրանք սովորեցնում են ոչ այնքան դաշնամուր նվագել, որքանՙ հասկանալ տիեզերքը:
Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011052101
|