«Popok» գովազդի միջազգային փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը այսօր կազմակերպված ասուլիսին գնահատելով փառատոնը՝ ասաց. «Մենք, ելնելով անցյալ տարվա փորձից, սովորել ենք շատ բաներ և դեռ շատ բաներ ունենք սովորելու։ Մեր անդամները միջազգային այլ դաշտերում էլ են հանդես գալիս, սովորում ենք տարբերել լավը վատից, ինչն առաջընթաց է։ Սա մեր երկրորդ տարին է և, բնականաբար, ենթադրում է ավելի մեծ ակնկալիքներ»։
Նիզբիլյանը նաև հավելեց, որ այս տարի կազմակերպչական առումով փառատոնը կլինի եռօրյա, կլինեն հեռուստագովազդներ, ռադիո, տպագրական ու նաև այլընտրանքային գովազդներ.
«Նախորդ տարիների նման ունենալու ենք միջազգային ժյուրի, որը կբերի աշխատանքներին նոր փորձ և օբյեկտիվ մոտեցում։ Ընդ որում, սկզբունքորեն որոշել ենք, որ նախորդ տարվա ժյուրիի անդամները չեն կրկնվելու։ Ունենալու ենք նաև վարպետության դասընթացներ. նախորդ տարի, երբ մենք ունեցանք մինչև 400 մասնակից մեր այդ դասընթացներին, հասկացանք, որ դրա կարիքը կա։ Մյուս կողմից, առանց դրանց փառատոնը կորցնում է ուսուցողական մասը և մնում է միայն ձևականը»։
Փառատոնի ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանը, իր հերթին կարևորելով փառատոնը, հայտնեց, որ հենց առաջին փորձից միջազգային հանրության կողմից փառատոնի Հայաստանում կայանալու փաստի ընդունումը ապացուցվում է նաև այլ երկրներից մասնակցողների մեծ քանակով. «Որպես պատասխան քայլ, որպես հաստատումն այդ ամենի, նրանք անցյալ տարի եկան, մասնակցեցին, ինչը, կարծում եմ, բավական պատվաբեր է յուրաքանչյուր փառատոնի համար»:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26544.html
|