Չորեքշաբթի, 04.12.2024, 12:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Ռիշար Ժերանյան. լույսի երաժիշտը
16:05
Ռիշար Ժերանյան. լույսի երաժիշտը
Ռիշար Ժերանյան
Իր 90-ամյակի առթիվ նկարիչ Ռիշար Ժերանյանը սեփական կտավները մայիս-հունիսին ցուցադրում էր Հայաստանի ազգային պատկերասրահում: «Վերադարձ երկիր» խորագրով ցուցահանդեսը պսակում էր ավելի քան վաթսունամյա գործունեությունը այդ մեծ արվեստագետի, որն ամբողջ կյանքում կամուրջ կառուցեց Հայաստանի եւ սփյուռքի միջեւ:

Ցուցահանդեսի բացման օրըՙ մայիսի 20-ին, ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բազմաթիվ արվեստասերներ: Նկարիչը պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով: 90-ամյա վարպետը վերջապես լիարժեք ճանաչում գտավ հայոց պետության կողմից:

Արեւմտահայաստանի Սեբաստիա քաղաքում 1921 թ. հուլիսի 17-ին ծնված Ռիշար Ժերանյանը 7 տարեկանից ապրում է Ֆրանսիայում: Մանուկ հասակում նա առաջին քայլերն է արել գծանկարի ասպարեզում: Պատանի Ռիշարին շուտով նկատում է ընտանիքի հարեւան, նկարիչ Սարգսյանը: «Այն ժամանակՙ 1930-ականներին, նկարչի մասնագիտությանը շատ վատ աչքով էին նայում հայ համայնքում», խոստովանում է նա:

Գերմանական օկուպացման տարիները հատկապես մեծ փորձություն են դառնում հայրենազուրկ Ռիշարի համար, որը նանսենյան անձնագիր ունի: Խուսափելով Գերմանիայում բռնությամբ զորակոչվելուցՙ նա պայքարում է առօրյա կյանքի դժվարությունների դեմ: Նրա զարմիկներից մեկը, որը Միսաք Մանուշյանի մերձավորներից է, միանում է Դիմադրության շարժմանը, եւ Ռիշարը նույնպես կորցնում է հանգիստը պետենիզմի եւ այլատյացության ավերներին ենթակա դարձած Ֆրանսիայում: Նա սովորում է Մարսելի Գեղարվեստի դպրոցում, նկարչության դասընթացներ անցնում Գրանդ Շոմիերում եւ Ժյուլիան ակադեմիայում: 1944-ին զորակոչվելովՙ նա ծառայում է օդուժում: Նրան ուղարկում են Ալժիր, ապա Ֆես (Մարոկկո), որտեղ մնում է մինչեւ 1946 թվականը: Դա նրա առաջին ճամփորդությունն է, իսկ հետո նա կայցելի աշխարհի չորս ծագեր:

1947-ին ծանոթանում է պոլսահայ ծնողների զավակ Ալիսի հետ (ծնված Փարիզում): Վերջինս կդառնա նրա մուսան, կյանքի կինը: «Ալիսն ուներ գեղարվեստական զգացողություն: Նա էր, որ ինձ քաջալերեց պատկերասրահներում բացելու իմ առաջին ցուցահանդեսները: Առանց նրա ես երբեք չէի հասնի ներկա վիճակիս», հուզմունքով ասում է նա:

1951-ին Ժերանյանը իր նկարները ցուցադրում է Օվեր-սյուր-Ուազումՙ նկարիչ Վան Գոգի տանը: Այդ ժամանակ նիդեռլանդացի մեծ վարպետը դեռ չէր արժանացել ներկայիս համբավին: Պրովանսի բնապատկերներով հիացած Ժերանյանը, որպես Սեզանի (նա պնդում էր, որ բնությունը լավագույն ուսուցիչն է) արժանավոր հետեւորդ, բնօրինակից նկարում է հարավի գույները: Այդ ժամանակվանից սկսած նա իր գծանկարները կատարում է տուշով: «Նկարիչը պետք է ունենա մի անհրաժեշտ հատկանիշ, այն էՙ կարողանալ գծանկար անել: Կարծում եմՙ գեղանկարչությունն առնչվում է ավելի շատ ինտելեկտուալ ոլորտի հետ»:

1950-ականներին նա հայտնագործում է երկու երկիր, որոնք տեւականորեն կազդեն իր գործունեության վրա. խոսքը Լիբանանի եւ Հայաստանի մասին է: Բեյրութի գլխավոր պատկերասրահներում ցուցահանդեսներ կազմակերպելովՙ Ժերանյանը շուտով դառնում է լիբանանյան գեղանկարչության առաջամարտիկ. նրան նույնիսկ համարում են լիբանանցի արվեստագետ: «Ես երբեք չեմ տեսել գույների այդպիսի խտացվածություն», ասում է նա, վերհիշելով իր կարճատեւ այցելությունները Լեռնալիբանան եւ Բեքաայի հովիտ: Նա վրձնում է, գծանկարում, հետո գույները գալիս են ինքնըստինքյան: Լիբանանում նա ծանոթանում է երիտասարդ նկարիչների, այդ թվում Ասատուրի եւ Պոլ Կիրակոսյանի հետ: Ապա նա շարունակում է ճանապարհը դեպի Իրան, իր գործերը ցուցադրում Թեհրանի նոր պատկերասրահներում:

1957-ին JAF-ի մշակութային բաժնի պատվիրակության կազմում նա մեկնում է Խորհրդային Հայաստան: Այդ առաջին ուղեւորությունն արտառոց էր: Իբրեւ տարանցիկ ուղեւորներ, Մոսկվա մեկնած նկարիչների խումբը առանց այցագրի մեկնում է մայր հայրենիք... «Իշխանությունները զարմանքից քարացել էին,- հիշում է նա:- Չնայած դրան, մենք կարողացանք մեկ շաբաթ մնալ Երեւանում, ինչը ինձ թույլ տվեց ծանոթանալ մի քանի երեւելի անձանց, այդ թվում նկարիչ Մարտիրոս Սարյանի հետ»:

Նույն թվականին Բեյրութ կատարած մի այցելության ժամանակ Ժերանյան ամուսիններին Անթիլիասում ընդունում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Զարեհ Ա-ն: Զրույցի ժամանակ վերջինս ասում է. «Ձեր տրամաչափի արվեստագետների առաքելությունն է բոլոր միջոցներով բացել Հայաստանի դռներն աշխարհի առջեւ»: Արդ, Հայաստանն այլեւս անմատչելի չէ նկարիչ Ժերանյանի համար, որը կարողացել է արժանանալ խորհրդային իշխանությունների գնահատանքին: Պաշտոնական հրավերներն իրար հաջորդում են 1964-իցՙ Հայկական ԽՍՀ արտաքին կապերի կոմիտեի եւ Լիսաբոնի Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության համագործակցությամբ: Այսպիսով, սփյուռքի նկարիչները (ինչպես Գառզուն) ճամփորդում են: Ժերանյանը ակտիվորեն զբաղվում է մշակութային դիվանագիտությամբ եւ ստեղծված հնարավորությունն օգտագործում է Հայաստան այցելելու եւ ազատորեն ստեղծագործելու համար: Որոշակիանում եւ ձեւավորվում է Սեբաստիայում ծնված նկարչի կապը Արեւմտահայաստանի եւ Խորհրդային Հայաստանի հետ: Այդ հանդիպումից ծնունդ է առնում ամենայն հուզական պաճուճանքից զերծ Հայաստան, որտեղ առասպելը մերձենում է իրականությանը, որտեղ հայկական միստիկան խաչքար է եւ բրուտի կավ: Դա Քրիստոսն է Անիումՙ հայոց Երուսաղեմում եւ հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաքում, իրական եւ աննյութական քաղաքում, որտեղ նա չի եղել իր երկրային կյանքում: Անիում շենքերը տատանվում են սեյսմիկ անկանոնությամբ, եկեղեցիները եւ բնապատկերները կերպափոխված են վերադիր ալիքների շարժումների կիրառությամբ: Իրերի վերագտնված կարգը բաժանող բեկվածքը լույսի շող է, որ գտնում ենք նկարչի փորագրանկարներում, սեւ-սպիտակ եւ գունավոր գծանկարներում, այնպես որ նկարիչը կարողանում է առանձնահատուկ հենք ստեղծել իր գործերից յուրաքանչյուրում:

Նրա նկարներում աբստրակտ ոճն աստիճանաբար ներդաշնակություն է գտնում եւ նյութականանում մեղեդու հետ: Նկարիչն արտահայտում է իր երաժշտական զգայունակությունը, սեփական գործիքովՙ վրձնով կատարելով գույների եւ փախչող գծերի մի սիմֆոնիա, որն իր ամբողջական տեսքով կազմում է հնչյուններին միացող ինչ-որ ներդաշնակ կառուցվածք: Ժերանյանի նկարներից յուրաքանչյուրն արտահայտում է նրա ստեղծագործ ուժի նորացումը: Նրա նկարչական ուղին սկսվում է ֆիգուրատիվ արվեստով, հետո անցնում է սյուրռեալիզմին, կուբիզմին եւ ի վերջո հանգում է աբստրակտ արվեստին:

Հագեցած գույներով լի ներկազանգված, գրեթե ամենագո տուշ, գծամակերեսային տեխնիկա, որը նրա հորինվածքներին տալիս է փորագրանկարներ հիշեցնող շերտավոր հարթությունների տպավորություն... Այսպիսին են Ժերանյանի ֆիգուրատիվ ստեղծագործությունների որոշ տարրեր: Նա այս տեխնիկայով է մշակում իր նախասիրած թեմաներից մի քանիսը. երաժշտություն, կնոջ մարմին, Հայաստան եւ այլն:

Շոպենն ուղեկցում է նրա վրձնի շարժմանը, նկարիչը մշակում է իր գծանկարը, նրա հետ հորինում «Նոկտյուրն»: Ժերանյանի կտավներում Բախի ֆուգաների եւ Չայկովսկու մեծարանքի միջոցով գտնում ենք նրա նախընտրած կոմպոզիտորներին: Այս առումով Ժերանյանի ստեղծագործության մեջ գլխավոր դժվարություններից մեկը երաժշտության «փոխարկումն» է գեղանկարի: Ինչպե՞ս «ճշգրտել» Բախի ֆուգան կամ Շոպենի նոկտյուրնը: Նկարիչը տարածությունը ծածկում է երկրաչափական աղոտ մակերեսներով, կապույտների եւ մանուշակագույնների փոխազդեցությունը մեզ դրդում է կենտրոնանալ այն բանի վրա, ինչը «դարձել է տաճարի ինտերիեր, որտեղ ստվերներն ու լույսերը պայքարում են սլաքաձեւ հենասյուների շուրջը», գրում էր արվեստաբան Ժերար Մուրգը:

Լույսի երաժիշտ Ժերանյանը որոնում է միանգամայն հակասական երկու արտահայտությունների (մեկը վաղանցիկ, մյուսը հավերժական) անկայուն հավասարակշռություն, ինչը Ժերար Մուրգին դրդեց ողջունել վարպետի «անզուգական ուժը», որը կարողանում է «վերարտադրել Չայկովսկու ռոմանտիզմի արտառոց ոճը մեղմ կորագծերով կամ Մոցարտի «Փոքրիկ նոկտյուրնը»»:

Մեկ ուրիշ նկարՙ «Սիզիփոսի առասպելը», սքանչացրել էր գրող եւ դիվանագետ Ռոժե Պեյրֆիտին, որը վարպետին նվիրված կատալոգի նախաբանում գրում էր. «Լուսնի շողերի ներքո եւ ծանր աշխատանք հիշեցնող տարաբնույթ առարկաների միջավայրում իր հսկայական քարը դեպի զառիթափի բարձունքը հրող «Սիզիփոսի առասպելը» հագեցած է զարմանալի բանաստեղծականությամբ»:

Շուազի պողոտայում գտնվող իր փարիզյան արվեստանոցում Ժերանյանը մեզ ընդունում է դստերՙ Բետտիի եւ թոռանՙ Ալեքսիի ընկերակցությամբ: Սրահը խճողված է կտավներով, որոնց մի մասից դեռ թարմ ներկի հոտ է գալիս: Հազիվ տեսանելի սեւ-սպիտակ մի լուսանկար դրված է դարակի վրա: Երիտասարդ Ալիսն է, գեղեցիկ ու լուռ, բացօթյա սրճարանում, նոթատետրը ձեռքին: Երկարատեւ հիվանդությունից հետո մեկ տարի առաջ մահացած կինը մնում է նրա կողքին: Այդ սենյակում լույսն անձրեւում է դեմքի վրա, մեկ ուրիշ Ալիս է հայտնվում նկարչի կտավի վրա: Արվեստանոցն այնքան էլ մեծ չէ, սակայն տարածությունը ընդունում է շարժուն ձեւեր: Ժերանյանը կարողացել է դրան հաղորդել ուժ եւ մարմին, նրա զգայունակությունը եւ գեղարվեստական սուբյեկտիվությունը շնորհել են այն ձիրքը, որ անչափ եզակի դեմքերը զարգանում են նրա հետ մեկտեղ: Փարիզի 13-րդ շրջանում գտնվող իր արվեստանոցից Ժերանյանը լույսի շողով հետազոտում է տարբեր դարաշրջաններ, տարածությունները միախառնվում են ներդաշնակ անկանոնության մեջ: Ժերանյանի կերպարները մեզ հուզում են նրա անձից եւ գոյության տարբեր ժամանակաշրջաններից դուրս: Նրաՙ խորապես հայկական զգացողությունը ներքին օվկիանոս է, որը ներդաշնակորեն զուգորդվում է մարդկային փորձի հետ:

Փարիզ, Les Nouvelles d՛Arme՛nie, Թարգմ.ՙ Պետրոս Քեշիշյանի


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011073001

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 847 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռիշար Ժերանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0