Հուլիսի 14-ին Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպեց հայտնի ռուս կինոռեժիսոր Պավել Կոստոմարովը: Նրա զրույցի հիմնական թեման ժամանակակից կինոն է իր առավելություններով և թերություններով: Ըստ Կոստոմարովի, վավերագրական և խաղարկային ֆիլմերի միջև ընդգծված սահման չկա: «Վավերագրական և խաղարկային ֆիլմերի միջև սահմանը իմ կարծիքով չկա: Դա հնացած հասկացություն է: Նույն վավերագրական ֆիլմում իրական հերոսը գիտի, որ դու նրան նկարում ես, ինչ-որ չափով հանրահայտ դարձնում», ասաց ռեժիսորը:
Կոստոմարովի խոսքով ֆիլմը պարտադիր չէ որ գեղեցիկ լինի, կարևորը` վերջում հույս ներշնչի դիտողի մոտ: «Բոլոր գեղանկարչական աշխատանքները կամ արվեստի մյուս գործերը չէ, որ գեղեցիկ են, բայց նրանք արժեքավոր են: Նույնպիսին էլ պետք է լինի կինոն»,- ասաց նա:
Պավել Կոստոմարովը ծնվել է 1975թ-ին Մոսկվայում: 2000-ին ավարտել է Մոսկվայի համառուսական պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորության ֆակուլտետը: Որպես օպերատոր աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Վ. Ասլյուկը, Ա. Ուչիտելը, Ս. Լոզնիցան, Ա. Պոպոգրեբսկին: 2004-ից հանդես է գալիս որպես ռեժիսոր: Կոստոմարովի աշխատանքներից երեքը մասնակցել են «Ոսկե ծիրան»ՄԿՓ-ին: 2010-ին նրա «Երկուսով» ֆիլմը լավագույն վավերագրական կինոնկար է ճանաչվել փառատոնում: Կոստոմարովի ստացած պարգևների թվում են նաև լավագույն ֆիլմի մրցանակը (Տամպերեի կարճամետրաժ կինոյի ՄՓ, 2004), «Արծաթե վիշապը» լավագույն վավերագրական ֆիլմի համար (Կրակովի ԿՓ, 2005), Արևելաեվրոպական լավագույն ֆիլմի մրցանակը (Լայպցիգի վավերագրական և անիմացիոն կինոյի ՄՓ, 2007) «Արծաթե արջը» Ա. Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար (Բեռլինի ՄԿՓ, 2010): Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է նրա և Ալեքսանդր Ռաստորգուևի համատեղ «Ես քեզ սիրում եմ» ֆիմը: Այն արվել է սիրողական, բայց որակյալ տեսախցիկով: Տեսախցիկները բաժանվել են հասարակ մարդկանց, ովքեր նկարել են ինչ ցանկացել են: Արդյունքում ռեժիսորները ստեղծել են ֆիլմը այդ պատառիկներից:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74448/
|