Գլխավոր » 2011»Հուլիս»12 »
Ռուս լրագրող. «Ոսկե ծիրանում» ամեն ինչ ընկերական է ու մտերմիկ
16:50
Ռուս լրագրող. «Ոսկե ծիրանում» ամեն ինչ ընկերական է ու մտերմիկ
«Ինձ ամենաշատը «Ոսկե ծիրան»-ում դուր եկավ այն, որ փառատոնում ոչինչ պաշտոնական չի արվում` թե´ ուղղակի և թե´ փոխաբերական իմաստով: Այստեղ ամեն ինչ ընկերական ու մտերմիկ է»,- Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնի մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում իր կարծիքը հայտնեց նկարիչ-ձևավորող, «Ռոսսիա» հեռուստաընկերության լրագրող Զինաիդա Կուրբատովան:
Կուրբատովայի խոսքերով` ««Ոսկե ծիրանը» մի փառատոն է, որտեղ կարևորը մրցանակները չեն, այլ կարևորն այն է, որ երիտասարդները և հասարակությունը ծանոթանա կինոարվեստի, նոր ամբողջ աշխարհում ճանաչում ձեռքբերած ֆիլմերի հետ»:
Անդրադառնալով հայ կինոարվեստին` լրագրողն առանձնացրեց ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Նա հայտնեց, որ արդեն հասցրել է լինել ռեժիսորի տուն-թանգարանում և լիարժեք հիացմունք է ապրել:
«Փարաջանովը մի երևույթ է, որին էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում չես հանդիպի, այն ինչ ստեղծել է նա, ոչ ոք չի ստեղծել, նա ազդել է մի ողջ դարաշրջանի վրա և դեռ չբացահայտված ռեժիսոր է, որին պետք է ճանաչեն ամբոջ աշխարհում»,- ընդգծեց Զ. Կուրբատովան: