Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը մտահոգ է հուշարձանների վիճակով, եւ հիմնադրամի համար նշանակություն չունի, թե ինչ միջոցներով է իրականացվում հուշարձանի վերականգնումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց այս տեսակետը ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը' նշելով, որ այդ ամենի հետ մեկտեղ ինքը վախ է ապրում յուրաքանչյուր վերականգնվող հուշարձանի համար: «Սկսած խորհրդային տարիներից' հաճախ հուշարձանի վերականգնման հետեւանքով վնասվում է նրա նախնական հորինվածքը; Այստեղ չափազանց կարեւոր է, թե ինչպես է վերականգնվում հուշարձանը»,- ասաց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ եկեղեցիները, բացի հուշակոթող լինելուց, նաեւ ապրող իրողություն են, եւ դրանք ծառայեցվում են ժողովրդի կարիքների համար, եւ անշուշտ, որոշակի փոփոխություններ կարող են լինել: «Վեհափառ Հայրապետը որեւէ նոր շենքի կառուցում չի կատարում, եթե այդ նախագիծը չի հաստատվում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ճարտարապետական խորհրդի կողմից, որոնց շարքերում անվանի ճարտարապետներ են»,- ասաց նա' շեշտելով, որ համաձայնություն է տալիս նաեւ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659282/
|