Գլխավոր » 2011»Հուլիս»16 »
Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնումն ավարտված է
20:05
Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնումն ավարտված է
Մարտիրոս Սարյանի «Պարսկաստան» նկարը փրկված է: 1913 թ-ին ստեղծված կտավը, որտեղ պատկերված է պարսկական կենցաղից մի դրվագ, վերականգնվել է իտալացի նկարիչ Լուչիանա Բիլիոտիի կողմից: Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքերով` նկարը վնասվել էր դեռ նկարչի կենդանության օրոք` ջեռուցման խողովակի վթարի հետևանքով: Նկարի զգալի մասը ջրից քայքայվել էր:
20 օր, 14 ժամյա անդադար աշխատանք. Ռուզան Սարյանը Aysor-ին պատմեց, թե որքան մեծ նվիրումով և մեր երկրի նկատմամբ լցված սիրով էր աշխատում Լուչիանա Բիլիոտին, արդյունքում` կտավը նույնքան վառ է, որքան նոր ծնված ժամանակ. «Նա Հայաստանը տեսել էր միայն Սարյանի կտավներում և պարզապես սիրահարված էր: Այնքան էր աշխատում, որ նույնիսկ հաց ուտելու ժամանակ չէր գտնում»:
Ռ. Սարյանը տեղեկացրեց, որ վերականգնումն իրականացվել է հայ-իտալական «Պիլոտային ծրագրի» շրջանակներում. «Պարսկաստան» կտավի համար տրամադրվել է 4 մլն դրամ: Նրա խոսքերով, սակայն, այդ գումարը միայն նկարի վերականգնման համար չէ ծախսվել` այդտեղից հոգացել են Իտալիայից նյութեր և սարքավորումներ բերելու, ինչպես նաև` թարգմանչուհու ծախսերը. «Տիկին Բիլիոտին, կարելի է ասել, մեզ նվեր արեց և այդ գումարով ամրացրեց ևս 3 կտավի ներկաշերտը: Այսինքն` մինչև նրա հաջորդ գալն այդ նկարները գոնե չեն հասցնի քայքայվել»,- նշեց Սարյանը:
Սարյանի` արդեն նորացված «Պարսկաստան» կտավը տուն-թանգարանում կցուցադրվի մոտ մեկ շաբաթից:
Նշենք, որ վերականգնումը համակարգող Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնը զբաղվում է նաև Մարմաշենի եկեղեցու, Քոբայրի վանական համալիրի և Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնմամբ: