Հինգշաբթի, 21.11.2024, 20:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Սերիալականներ` նշանավոր պիեսում
17:47
Սերիալականներ` նշանավոր պիեսում
Մ. Մեիոյի եւ Մ. Էյնեկենի «Ստախոս կինը»՝ Սամսոն Ստեփանյանի մեկնաբանությամբ
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերին իր հոբելյանական՝ 90-րդ թատերաշրջանը կբացի ամերիկյան նշանավոր սցենարիստներ եւ դրամատուրգներ Մարգարետ Մեիոյի եւ Մորիս Էյնեկենի «Ստախոս կինը» պիեսի բեմադրությամբ: Հեղինակները կատակերգական հետաքրքիր լուծումներ են տվել պիեսին. խռոված եւ տնից հեռացած ամուսնուն ետ բերելու համար Կետին հորինում է պատմություն այն մասին, թե իբր ինքը երեխա է ունեցել, մտածելով, որ հանուն մանկան` ամուսինը կվերադառնա: Այս պատմությանը «խառնվում» են ընկերուհին՝ Մեջին եւ նրա ամուսինը՝ Ջիմին: Վերջինս, առանց երեխայի մոր համաձայնության, նորածին է վերցնում մանկատնից: Լուրն իմանալուն պես, Կետիի ամուսինը՝ Վիլյամը վերադառնում է տուն: Սկսվում է խառնաշփոթը, որի ընթացքում լվացարարուհուց եւս երկվորյակներ են վերցնում «պարտքով»: Իսկական քաոսային վիճակ... Ի վերջո, բացահայտվում է սուտը:

Օրերս բեմադրության փակ դիտումն էր, որին ներկա էր նաեւ «Առավոտը»:

«Ազատ բեմի» շրջանակում այս թատրոնում արդեն բեմադրություններ են ներկայացրել Արմեն Էլբակյանը, Արմեն Մազմանյանը, Դավիթ Հակոբյանը, Վահան Բադալյանը: Երեք տարի կիրառելով այս մեթոդը, թատրոնը հիմա էլ հրավիրել էր բեմադրիչ Սամսոն Ստեփանյանին, ով ընտրել էր վերոնշյալ կատակերգությունը: Ինչպես ընդունված է փակ դիտման ժամանակ, պարտերում իրենց տեղերն էին գրավել գեղարվեստական խորհրդի անդամները: Դահլիճը մարդաշատ էր սունդուկյանցիներով: Մինչ ներկայացման սկսվելը՝ շշուկներ տարածվեցին, թե Անելկան չկա, հրաժարական է տվել: Խոսքը գեղարվեստական խորհրդի նախագահ, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի մասին էր: Այս առիթով մեր հարցերին ի պատասխան՝ տիկին Գրիգորյանն ասաց. «Առաջին անգամ էի բացակայում, այն էլ ֆիզիկական պրոբլեմի պատճառով: Շատ եմ ափսոսում, մանավանդ որ՝ ներկայացումը սիրելի ուսանողիս աշխատանքն է»:

Անդրադառնալով «Ստախոս կնոջը», նշենք, որ դժվար թե մերօրյա կյանքի ռիթմին վարժված ժամանակակից հանդիսատեսը առանց ձանձրանալու մոտ 3 ժամ հետեւի ներկայացմանը: Ձանձրալի էր հատկապես առաջին գործողությունը: Թեեւ դահլիճում ներկա հանդիսատես կոլեգաները հաճախ հրճվանքով, ուրախությամբ էին արձագանքում դերասանների հաջողված այս կամ այն կոմիկ արտահայտությանը կամ ընդգծված խաղին: Իսկ բեմում էին միայն երիտասարդ սունդուկյանցիները, գեղարվեստական ֆիլմերից ու սերիալներից ծանոթ անուններ, որոնց տեսնելիս, համոզված ենք, հանդիսատեսը նրանց մտովի կհամեմատի հեռուստաէկրաններից ծանոթ կերպարների հետ: «Եզրագծից այն կողմ» սերիալից հանրածանոթ Մարջիկ Ավետիսյանն ու Գնել Ուլիխանյանն այստեղ խաղում էին Կետի եւ Ջիմի, «Կյանքի կարուսել» եւ «Հրեշտակների դպրոցը» սերիալներից հայտնի դարձած Լուսինե Կիրակոսյանը Մեջի էր, Հրաչ Քեշիշյանի ֆիլմերից նշանավոր դարձած Արման Մարգարյանն էլ՝ Վիլիամ, «Բանակում» սերիալից հանդիսատեսը հաստատ կմտաբերի Արթուր Հարությունյանին, ով կերտում է Հենրիի կերպարը: Ո՞ւմ մտքով կանցներ, որ «Լորդի» կին Լիան (Մ. Ավետիսյան՝ «Եզրագծից այն կողմ») այստեղ կանացի սեթեւեթանքներով պիտի ներկայացներ Կետիին: Գյումրիի թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանն էլ («Անուրջներ») իր առաջնախաղը նշելու է Մայր թատրոնում, մերթ չոր ու դաժան, մերթ նուրբ ու քնքուշ Փեթինգտոնի դերով: Նա հանդես եկավ կերպարի հրաշալի զգացողությամբ, խոսքի բարձր մշակույթով ու բեմական հմայքով:

«Առավոտի» հետ մասնավոր զրույցներում հանդիսատեսի կարգավիճակում հայտնված դերասան-դերասանուհիները հայտնեցին իրենց զարմանքը նկարչական ձեւավորման առիթով, այն համարելով «ամենաթույլ տեղը». բեմի աղքատիկ ձեւավորումը, լույսի սակավությունը միօրինակություն էին ստեղծել (սիմվոլիկ պատկերներ): Մինչդեռ ընտրված երաժշտությունը համահունչ էր ներկայացմանը:

Ներկայացման առիթով ծանրակշիռ խոսքը թողնելով մասնագետներին, այնուամենայնիվ մեջբերենք բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքը, ինչին ականաջալուր եղանք ընդմիջմանը. «...բանի տեղ չեն դրել գեղարվեստական խորհրդին, արդյունքում բեմ են բերել ասելիք չունեցող ու հնացած պիես...»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96211/view

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 1012 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սունդուկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0