Կինոարվեստում երկար տարիների լռությունից հետո կինոռեժիսոր Սամվել Սարիբեկյանը նկարահանեց «Հրեշտակների ճախրանքը» ֆիլմը: Այն նվիրված է կինոռեժիսոր Ռոման Բալայանի 70-ամյա հոբելյանին: Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա որոշեց ֆիլմ անել, եւ այն էլ` նվիրված Ռ. Բալայանին, Ս. Սարիբեկյանը ժպտալով պատասխանեց. «Միշտ ուզում էի նրա մասին ֆիլմ նկարել, եւ քանի որ նրա 65-ամյակին չհասցրեցի նկարել ֆիլմը, ուստի որոշեցի 5 տարի եւս սպասել: Եվ մեծ կինոռեժիսորի 70-ամյակին նվիրեցի ֆիլմը: Եվ եթե պետք է վերադառնայի կինո, ապա միայն Ռոման Բալայանի մասին ֆիլմով»: Ս. Սարիբեկյանը Արցախյան հերոսամարտից հետո այլեւս դադարել էր նկարել ֆիլմեր: Ինքը պատերազմի մասնակիցներից է: Ասում է՝ պատերազմի հետեւանքները բավական ծանր է տարել, հոգեկան դեպրեսիվ փուլ է եղել, որի պատճառով, ինչպես ինքն ասաց` մի կողմ էր քաշվել կինոարտադրությունից: Սակայն կինոռեժիսորի համար կարեւոր խթան էին մոր եւ թոռան խոսքերը: Ըստ նրա` հենց վերջիններիս հորդորներով էլ ինքը կրկին մտավ կինոդաշտ: «Ինձ համար կարեւոր ազդակ էին մորս խոսքերը, երբ մի օր նա ինձ ասաց, թե` տղա ջան, երկու ինստիտուտ ես ավարտել՝ Երեւանում, Մոսկվայում, ինչո՞ւ ես հեռացել կինոյից: Երկրորդ ազդակ եղավ Ֆրանսիայում բնակվող թոռս: Մի անգամ, երբ խոսում էի նրա հետ, նա ասաց. «Սամո, բա ո՞նց տեսնեմ քո ֆիլմերը»: Գրեթե 20 տարվա ընդմիջումից ես ուշքի եկա, ընդ որում՝ ուշքի եկա մորս ու թոռանս խոսքերից»,- ասաց կինոռեժիսորը: Օրեր առաջ «Կինոմոսկվայի» Կարմիր դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրությունը, ինչպես նաեւ` Զառա Աբդուլաեւի՝ Ռոման Բալայանի մասին գրված «Լիարյուն խառնվածք» գրքի շնորհանդեսը: Ի դեպ, նշենք, որ գրքի թարգմանությունը հովանավորել է ճարտարապետ Աշոտ Առաքելյանը: Հրեշտակների նոստալգիկ ճախրանքն այնքան էմոցիոնալ էր, որ անտարբեր չթողեց որեւէ մեկին: Ֆիլմը, որ նվիրված էր Ռ. Բալայանին, պատմում էր նրա ստեղծագործական փուլերի՝ ֆիլմերի մասին, թե ինչպես ծնունդ առան «Կաշտանկան», «Համբույրը», «Պահպանիր ինձ, իմ թալիսմանը» , «Թռիչքներ երազում եւ արթմնին», եւ այլն: Եվ ոչ միայն կինոգետներն ու կինոքննադատներն են այն կարծիքին, որ «Ռոմանի ֆիլմերը շարունակում են երիտասարդ մնալ», այլեւ դրանում համոզվեց հանդիսատեսը: Մեր օրերում դժվար է այդպիսի մաքրությամբ ֆիլմեր դիտելը, իսկ ամենագրավիչը մարդկանց անմիջական խառնվածքն էր: Ֆիլմի հեղինակը դահլիճ մտավ այն ժամանակ, երբ հանդիսատեսն արդեն հեռանում էր: Նա ներքին հուզմունքով սպասում էր իր վարպետի՝ Ռ. Բալայանի գնահատականին: «Լավ էր, բայց տիտրերից մեկում մի անուն սխալ էիք գրել»,- խստահայաց ուսուցչի պես ասաց Ռ. Բալայանը՝ հպարտությամբ նայելով իր աշակերտին: Իսկ Ս. Սարիբեկյանը հասկացավ, որ, փաստորեն, անտեղի չէին իր ջանքերը, եւ ուսուցչի խոսքերում, թերեւս, գտավ այն գնահատականը, որ սպասում էր լսել:
Աղբյուր`http://168.am/am/articles/28777
|