Հինգշաբթի, 21.11.2024, 19:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Սպիտակ բացատի հոգեւոր արժեքը
21:41
Սպիտակ բացատի հոգեւոր արժեքը
Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Դեռեւս անցած տարի՝ 2010 թ. փետրվարին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հրամանագրով տեր Վիգեն քահանա Ղազարյանը նշանակվեց Ախթալա համայնքի հոգեւոր հովիվ: Ու երկարատեւ լռությունից հետո Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում բարձրաձայն քահանայական աղոթք հնչեց առ Աստված, երգեցին շարականներ, խունկ ծխեցին... Բնականաբար, այստեղ միշտ էլ մարդիկ աղոթել են, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է ընկալվում. եկեղեցին ունի իր հոգեւոր սպասավորը:

Այսօր եկեղեցին մեկ այլ տեսքով է ներկայանում հանրությանը: Բոլորովին վերջերս այստեղ տեղադրվեցին նստարաններ, մկրտության նոր ավազան, նոր մոմակալներ, վարագույր կախվեց խորանին...

Ախթալացի բարեգործ Նորայր Բլուդյանի հովանավորությամբ օրերս Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին նվեր ստացավ ծիսաարարողական սպասքեղենի ամբողջական եւ թանկարժեք հավաքածու:

Գրեթե ամեն օր սրբավայր են այցելում բազմազգ զբոսաշրջային խմբեր, որոնք, մեծապես ազդված լինելով եկեղեցու ոգեղեն որմնանկարներից եւ վանքի բակում տիրող հոգենորոգ միջավայրից, աննկարագրելի տպավորություններով են վերադառնում իրենց հայրենիք: Հայտնի է (ըստ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի), որ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի տարածքում միակ որմնանկարային մեծ համալիրն է: Ասում են՝ եկեղեցին միակն է աշխարհում հետեւյալ երկու արժեքների համադրությամբ. որմնանկարների առատությամբ (շուրջ 900 քմ) եւ հնությամբ (շուրջ 800 տարի): Եվ առհասարակ եվրոպական երկրների հանրագիտարաններում Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկված է որպես աշխարհի հնագույն որմնանկարների օջախ: Սակայն որմնանկարները եւ ընդհանրապես եկեղեցին ունեն խնամքի կարիք:

«2010 թ. վանք այցելեցին ՀՀ հուշարձանների պահպանության գործակալությունից եւ հույս հայտնեցին, որ 2012 թ. պետական բյուջեից հնարավոր է, որ տրամադրվեն որոշակի միջոցներ եկեղեցու գմբեթի վերականգնելու համար, ինչը որոշ չափով կպաշտպանի որմնանկարները անձրեւից»,- հայտնում է եկեղեցու քահանան: Չնայած եկեղեցու ոչ այնքան բարվոք ներքին տեսքին՝ այն գեղեցիկ արտաքին ունի. երեք կողմից քարափներ են, միայն մեկ կողմն է միանում սարավանդին՝ նմանվելով ձեռքի ափի: Ժամանակին այստեղ եղել են սահմանապահ թագավորանիստ ամրոց, վանք, դրամահատարան, դպրոց... Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին վանական համալիրի մի մասն է: Համալիրն ունի վեց կառույց՝ բուն եւ հիմնական եկեղեցին, մեկ մատուռ՝ հենց եկեղեցու բակում, եւ չորս մատուռ՝ համայնքի տարբեր մասերում, որոնք, ըստ տեղացիների, մեկը մյուսին կապված են գաղտնուղիներով, որոնք հիմա չեն գործում: Իսկ փոքրիկ մատուռներից յուրաքանչյուրն իր անունն ունի. Սուրբ Գեւորգ կամ Առաքելոց, Սուրբ Երրորդություն, Սուրբ Բարսեղ, Զույգ եկեղեցի:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95436/view


Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1265 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0