Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Թամանյանական նախագիծը պետք է դիտարկել հրապարակի կոնտեքստի մեջ. Ալեքսանդր Բադալյան
17:10
Թամանյանական նախագիծը պետք է դիտարկել հրապարակի կոնտեքստի մեջ. Ալեքսանդր Բադալյան
«Առաջին լրատվականը» Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի հետ զրույցում փորձեց ճշտել՝ արդյո՞ք նպատակահարմար չէ կառավարության շենքի բակում կառուցվելիք շինության համար տրամադրվելիք 10 մլն դոլարն ուղղել այլ ոլորտների։ Վերջինս, սակայն, տեղեկացրեց, որ այդ նախագիծը դեռ վերջնականապես հաշվարկված չէ։ «Մոտավորապես հաշվարկ է արված, և ես ինչպե՞ս կարող եմ կարծիք արտահայտել գումարի վերաբերյալ»,- ասաց նա։
«Կառուցե՞լ, թե՞ չկառուցել թմբուկը» հարցը կարծես իր պատասխանն էր ստացել վերջերս Երևանի քաղաքաշինական խորհրդի նիստում, որտեղ հայտարարվել էր, որ ձայների մեծամասնությունն ընդունել է թմբուկի կառուցման անհրաժեշտությունը։ Մեկնաբանելով դա՝ Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահն ասաց, որ խորհրդի նիստում հարցադրումն այլ կերպ էր դրված։ «Դրված էր՝ «Իմաստ կա՞ կառուցել թամանյանական գմբեթը, թե՞ ոչ» հարցադրումը։ Չէինք դիտարկում նախագիծը։ Բայց ստացվեց այնպես՝ կարծես նախագիծը հավանության արժանացավ։ Դա այդպես չէ»,- ասաց ճարտարապետը։
«Բայց դեռ պետք է քննարկում անցկացվի, ուսումնասիրվի թամանյանական նախագիծը, պետք է այն դիտարկել հրապարակի կոնտեքստի մեջ»,- նշեց նա։
Թե որքանով է արդարացված այդ շինության կառուցումն այսօր, Ա. Բադալյանը պատասխանեց, որ այդ շինության կառուցումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ այնտեղ տեղավորել երկու նախարարություն։ «Կառավարության որոշման մեջ գրված է՝ այդտեղ կառուցել ու տեղավորել երկու նախարարություն։ Դա է անհրաժեշտությունը կառավարության համար»,- նշեց վերջինս։