Վերջերս թուրքական մամուլում խոսվում է այնպիսի թեմաների շուրջ, որոնք տարիներ առաջ փակ էին ու արգելված, քննարկման ենթակա չէին: Դրանց շարքում են Հայոց Ցեղասպանության իրողությունը, ազգային փոքրամասնությունների` այդ թվում` հայերի նկատմամբ սպառնալիքների ու սահմանափակումների կիրառումը, մոլեռանդ ազգայնական գաղափարների հողի վրա իրականացվող սպանությունները, այլազգիների` մասնավորապես հայերի խթանիչ դերը անցյալում, ինչպես և ներկայումս Թուրքիայի հանրապետության հասարակական-քաղաքական-մշակութային ամենատարբեր բնագավառներում:
Նշված «ոչ ցանկալի» թեմաներից մեկը` Թուրքիայում 1915-ից սկսած կարևոր վարչական տեղանունները բռնի փոխելու խնդիրը, բարձրաձայնվում է հայտնի լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզի կողմից թուրքական Zaman-ում: Վերջինս սկզբում ցիտում է Սևան Նշանյանի զեկույցներից մեկից առանձին հատվածներ` համաձայն որոնց` Թուրքիայի հանրապետական շրջանում փոփոխության են ենթարկվել ավելի քան 15.000 տեղանուններ, որոնք ծագմամբ գերազանցապես հայկական են, ինչպես նաև կան հունական, քրդական, հրեական, արաբական և այլ անվանումներ: Ըստ էության, անունների փոփոխումը հստակ մշակված քաղաքականություն դարձավ Հայոց Ցեղասպանությունից անմիջապես հետո` 1916 թվականին, երբ Էնվեր փաշան համանման հրովարտակ ստորագրեց: Արմատական փոփոխությունները ծայր առան 1950-ականներին, երբ այդ միտումը դարձավ պետական ներքին դիվանագիտության անքակտելի մի մաս: 1957 թվականին ստեղծվեց այսպես կոչված Օտար անվանումների փոփոխման կոմիտե, որը պարտավոր էր նոր անվանումներ մշակել: 1960-ականներին գործընթացը համապետական տարածում ունեցավ, որի արդյունքում շուրջ 10.000 գյուղեր նոր անուններ ունեցան, ընդհանուր առմամբ Թուրքիայի տեղանունների 1/3-ը փոխվեց, ինչի պատճառով հարյուրամյակների պատմություն ունեցող 12.000 ավաններ, 4000 քաղաքներ ու թաղամասեր, 1000-ից ավելի գետերի, լեռների, լեռնաշղթաների աշխարհագրական անուններ, որոնք երկար տարիներ կիրառվում էին թե՛ տեղի բնակչության, թե՛ մյուս պետությունների կողմից, հանվեցին շրջանառությունից: Համաձայն հոդվածագրի` այս քաղաքականությունը նպատակ ուներ ամեն ինչ ու ամենքին թրքացնելու ու ազգային փոքրամասնություններին ձուլելու: Մեծ տույժեր էին սահմանված քարտեզներում կամ գրքերում հին անվանումները հիշատակելու համար: Հավելեմ նաև, որ տեղանունների փոփոխումը կամ իսպառ վերացումը թույլ տվեց անպատժելիորեն ավիրել բազմաթիվ հայկական վանքեր ու եկեղեցիներ: Ջենգիզն անգամ ակնարկում է, որ հուշարձանների մասսայական ոչնչացումը կատարվում էր պետական ոստիկանական ուժերի կողմից` հենց պետական հանձնարարությամբ:
Հոդվածի վերջում նշվում է, որ իրավիճակը կտրուկ փոխվում է 2009-ին, երբ իրենց ընտրարշավների ժամանակ Աբդուլլահ Գյուլն ու Էրդողանը միգուցե պատահաբար, իսկ գուցե մտածված ելույթի ընթացքում շեշտում են այս կամ այն տեղանվան հին տարբերակը: Բնական է, որ սա արվում է տեղի բնակչությանը հաճոյանալու և ձայներ հավաքելու նպատակով: Ապա Ջենգիզն ընդգծում է, որ վերջերս Արդվինի շրջանում` շատ վայրերում` դրվել են նոր ցուցանակներ, որտեղ նշված են տեղանվան հին` արգելված ու նոր տարբերակները:
Կկրկնվեմ, եթե ասեմ, որ սա բնավ չի փաստում, որ Թուրքիան փոխել է իր քաղաքականությունը. Պարզապես ներքին լարված իրավիճակում Թուրքիայի Կառավարությունը փորձում է սիրաշահել ազգային փոքրամասնություններին` աշխարհին ներկայանալով հանդուրժող դեմոկրատի դիմակի ներքո:
Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/301-forced-to-change-location-names
|