Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Թուրքիայում հայ երգահանը քաղաքական դրդապատճառներով է փոխել իր անունը
14:47
Թուրքիայում հայ երգահանը քաղաքական դրդապատճառներով է փոխել իր անունը
Թուրքիայում հանրահայտ երգահան, հայազգի Չենք Թաշքանը (Մաժակ Թոշիկյան) հայտարարել է, որ հրաժարվել է իր իսկական անունից ու ազգանունից` Թուրքիայում տիրող քաղաքական վիճակի պատճառով, գրում է Nouvelles d`Arménie-ն:
Թաշքանի խոսքով, եթե ինքը չփոխեր իր հայկական անունը, ապա պետական եւ մյուս հեռուստաալիքների կողմից գրաքննության կենթարկվեր։ «Եթե ես անունս չփոխեի թուրքականով, ապա Թուրքիայի պետական հեռուստաալիքը (TRT) կարգելեր իմ աշխատանքների եթեր հեռարձակումը։ Ես փոխեցի անունս հենց այն ժամանակ, երբ աշխատանքներս սկսեցին ուղարկվել TRT, որպեսզի իմ երգիչ ընկերներն էլ անունիս պատճառով խնդիրներ չունենային հեռուստատեսությունում։ TRT-ում կարող էին արգելել երգերը, միայն այն պատճառով, որ հեղինակներից մեկի անունը հայկական էր»,- ասել է հայազգի երգահանը։
Ըստ Թաշքանի՝ այժմ Թուրքիայում բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ «Վերջին տարիներին Թուրքիան բոլոր ոլորտներում առաջընթաց է ապրել։ Մարդկանց այժմ չի հետաքրքրում դիմացինի ծագումը։ Այսօր Թուրքիայում հետաքրքրված են մատուցած աշխատանքի որակով։ Սա շատ մեծ ձեռքբերում է Թուրքիայի համար»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայումս աշխատում է երկու մեծ նախագծերի՝ «Նոյյան Տապան»-ի եւ «Երկնային»-ի վրա։
Նշենք, որ Թաշքանն արդեն 40 տարի զբաղվում է երաժշտությամբ։ Նրա ալբոմները Թուրքիայում քննադատները լավագույններից են համարում։