Հայաստանից, Վրաստանից, Լատվիայից եւ Գերմանիայից եկած շուրջ 20 երիտասարդների նկարներ այսօր Երեւանում ներկայացվեցին «Pictures' Point of View»' «Նկարների տեսակետը» խորագրով ցուցահանդեսում: Դրանք ոչ արհեստավարժ նկարիչների աշխատանքներ են: Ցուցահանդեսը, որին արվեստասերները ընդամենը երկու ժամ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու, կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության կողմից' գերմանական GIZ' Գերմանական զարգացման համագործակցություն կազմակերպության հետ համատեղ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներկայացնել ժամանակակից հայ հասարակության ներսում առկա բազմազանությունը: Երիտասարդական խմբերը նկարել էին Հայաստանում տարբեր խոցելի խմբերի, տեսել մշակութային, սոցիալական, կենցաղային բազմազանություններ: Նրանք քայլել են Երեւանի փողոցներով, զրուցել եւ այցելել մեր քաղաքի բնակիչներին: Միջոցառումը ֆինանսավորվել է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի կողմից:
Երիտասարդներից մեկը' Ռութան, նշեց, որ նկարներով իրենք փորձել են ցույց տալ սոցիալական տարբերությունները: Մասնակիցները Հայաստանում գտնվելու առաջին օրը քաղաքին են ծանոթացել, երկրորդ օրվանից արդեն անցել են բուն աշխատանքներին' հանդիպել են երեխաների, այցելել Կանանց ռեսուրսների կենտրոն եւ այլ վայրեր: Նրանք նկարել են նաեւ Երեւանի շենքերը' համեմատելով հինը նորի հետ: Իրենց լուսանկարչական արտացոլումն են գտել Երեւանի տարբեր հատվածներ, ինչպես նաեւ ծաղկաձորյան դրվագներ:
Երիտասարդները նշեցին, որ իրենց նկարներին քննադատաբար պետք չէ մոտենալ, քանի որ դրանք մասնագետների աշխատանքներ չեն, ավելին' իրենցից շատերն առաջին անգամ են այս գործով զբաղվում: «Նայենք նկարներին «լավ աչքով» եւ համարենք, որ սա մի մեծ խմբի աշխատանք է»,- նշեցին նրանք: GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հարթմութ Յարոշը նշեց, որ ինքն անչափ ուրախ է նշված երկրների հետ համագործակցության համար եւ շնորհակալություն հայտնեց ներկա երիտասարդներին:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658523/
|