Ամենայն հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ տ. Վահրամ քահանա Մելիքյանը երեկ «Մեդիամաքսին» ասել է, որ «համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է եւ խեղաթյուրված ձեւով է ներկայացնում կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը»: «Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը: Հանդիպման ավարտին վրաց պատրիարքը Վեհափառ հայրապետի եւ շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում՝ ներկայացնելով եկեղեցին, այգին եւ թռչունները: Այնուհետեւ Վեհափառ հայրապետը բարձրաստիճան հոգեւորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով՝ ռուսերեն: Հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսը անդրադարձ է կատարել Հայ եկեղեցուն հուզող խնդիրներին՝ ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետերի միջեւ կայացած պայմանավորվածություններից վրաց պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ ետ քայլ է կատարել: Նաեւ զրույցում Նորին սրբությունն անդրադառնում է վրաց պատրիարքարանում եղած շրջայցին...…Ինչպես կոմյունիկեի նախագծի հրապարակումը, սա եւս հերթական սադրանքն ենք նկատում վրացական կողմի, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում»,- «Մեդիամաքսին» ասել է տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95554/view
|