Հունիսի 16-26-ը Հայաստանն առաջին անգամ մասնակցեց բեմանկարչության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ Պրահայի հանրահայտ քվադրինալեին, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ՝ Չեխիայի նախագահի հովանու ներքո, ԵՄ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Պրահայի քվադրինալեի գործունեության 40 տարիների ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդար արվեստագետներ, որոնց թվում են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը, Ժոզեֆ Սվոբոդան, Դավիդ Բորովսկին եւ այլք: Հայաստանը թատերարվեստի ոլորտի այս հզոր իրադարձությանը մասնակցում էր 20 քմ տարածք զբաղեցնող փոքրիկ տաղավարով: Ինչպես պատմում է փառատոնի ազգային համադրող, բեմանկարչուհի Նելլի Բարսեղյանը, չնայած փոքր տարածքին, իրենց հաջողվել է հետաքրքրել օտարերկրացիներին: «Առավոտի» նախորդ համարներից մեկում նշել էինք, որ Նելլի Բարսեղյանը Պրահա է մեկնել Երեւանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ Լիլիթ Ստեփանյանի հետ: Քվադրինալեի շրջանակներում «Մաքրելով հիշողության փոշին» խորագրի ներքո ցուցադրվել են Լիլիթ Ստեփանյանի հեղինակած «Արդաղիոն», «Գիրք ծաղկանց», Նելլի Բարսեղյանի՝ «Արեգնազան» եւ լուսահոգի Գրիշա Սահակյանի «Աթոռ» ներկայացումների բեմանկարչական ձեւավորումները, զգեստներն ու դեկորները:
Պրահայի քվադրինալեն ընկալվում է իբրեւ հզոր երեւույթ, 70 երկրների ներկայացուցիչներ են մասնակցում: Փառատոնի շրջանակներում ողջ Պրահայով մեկ կայանում են ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, դասախոսություններ, այն ինքնաարտահայտման եւ հայտնի դառնալու բացառիկ հնարավորություն է՝ դիզայներների, ճարտարապետների, բեմանկարիչների եւ այլոց համար: Նելլի Բարսեղյանը տպավորված է վերադարձել, ասում է՝ փառատոնի հրավերը ստացել է միջազգային բեմանկարչական ասոցիացիաների հետ ունեցած կապերի շնորհիվ: Նելլին նշում է, որ մասնակիցների 90%-ը չգիտեր՝ Հայաստանն ինչպիսի երկիր է եւ ինչ մշակույթ ունի: Ոմանց նույնիսկ հետաքրքրել է՝ Հայաստանում երբեւէ Շեքսպիր բեմադրվե՞լ է: Բոլոր տաղավարներին, նախագծերին, այդ թվում՝ հայկական, կարելի է ծանոթանալ՝ այցելելով փառատոնի www.pq.cz կայք: Ն. Բարսեղյանի խոսքով, հայկական տաղավարն ու միտքը չեն զիջել մյուսներին, «բացը» զուտ տեխնիկական է եղել. ափսոսում է, որ մոնիտոր չունեինք, մինչդեռ տաղավար կար, որ հագեցած էր 40 մոնիտորով, ինչը ինտերակտիվ շփումն ապահովող ամենահարմար միջոցն է: Նելլիի պատմելով, հսկա եւ շքեղ տաղավարներ ունեին Իսպանիան, Լեհաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թայվանը: Վերջինի երկրի օրը նշելիս իրենց մշակույթի նախարարն է ժամանել, ով էլ ազդարարել է բացումը: Գեղեցիկ է եղել Բրազիլիայի վարդագույն տաղավարը՝ համապատասխան կոլորիտով, ու հենց այս երկրին էլ շնորհվել է գլխավոր մրցանակը:
Ն. Բարսեղյանի ասելով, ամեն տաղավարի «բնավորությունից» կարելի էր կռահել, թե որ երկիրն է ներկայացնում, օրինակ՝ ամերիկացիների պատին Օբամայի գրաֆիտին էր, տաղավարում՝ Ազատության աստվածուհին եւ այլն:
Այս տարի քվադրինալեն ունեցել է 40000 այցելու, հսկայական հերթեր են եղել տոմսերի համար, որոնք էժան չեն եղել. 11 օրվա համար՝ 50 եվրո: Մեր զրուցակցի պատմելով, իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել, իսկ Ռուսաստանի տաղավարի հայազգի համադրող Իրինա Միրզոյանը առաջարկել է նման մի բան մտածել՝ տարածաշրջանի ձեւաչափով: Հունիսի 17-ին, երբ նշվել է Հայաստանի օրը, այն մեծ ոգեւորություն է առաջացրել տեղացի հայերի շրջանում: Ընդհանրապես հայ համայնքը եւ հատկապես «Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը Պրահայում թեւ ու թիկունք են եղել մեր երիտասարդ բեմանկարիչներին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95362/view
|