«Սիրտ կա որ կը ճաճանչէ...»
Շահան Շահնուր
«...գրագետ մը իր մատը ամէնէն ավելի պետք է դնէ մարդակայինին ու գեղեցիկին վրայ...»,- Շահնուրյան այս խոսքերը ամբողջությամբ կարելի է վերագրել պատմավիպասան Վարդան Գրիգորյանին:
« ... կարեւոր գործոն է անհատի մտածելակերպի եւ աշխարհընկալման առանձնահատկությունը: Ինձ հուզողը Մարդ եւ Ժամանակ փոխհարաբերությունն էր: Ներկան ժամանակի մեկ վիճակն է, գոյություն չունի առանց անցյալի եւ ապագայի, տվյալ պահին տեղի ունեցածը իմաստավորվում է լոկ երեկվանով եւ վաղվանով: Ժամանակի ամբողջական ընկալումն էր, որ ինձ տարավ մեր ժողովրդի պատմական անցյալը...»
Վարդան Գրիգորյան
Ուրախալի է, որ «Նաիրի» հրատարակչությունը նորից անդրադարձավ Վարդան Գրիգորյանի երեք պատմավեպերինՙ այս անգամ մեկ ամբողջական շքեղ հատորով: Ուստի որոշեցի հանդիպել անվանի արձակագիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վահագն Գրիգորյանի հետՙ զրուցելու հրատարակված գրքի շուրջ:
- Պարոն Գրիգորյան, մեր զրույցի շարժառիթը ձեր եղբորՙ Վարդան Գրիգորյանի պատմավեպերի վերահրատարակությունն է: Ժամանակին մեծ արձագանք ստացած, գրաքննադատության եւ ընթերցողների բարձր գնահատականին արժանացած այդ վեպերից վերջինըՙ «Մանյա այրք»-ը, հրատարակվել էր 1988 թ., «Դար կորստյան»-ըՙ 1985 թ., իսկ «Հավերժական վերադարձի» հրատարակությունից անցել է ուղիղ երեսուն տարի: Վարդանին, իհարկե, ոչ ոք չի մոռացել, բայց այս վաղուց սպասված հրատարակությամբ, կարելի է ասել, կայացավ նրա վերադարձը:
- Նրա վերադարձը դեպի ընթերցող: Ինչի համար ուզում եմ երախտագիտությունս հայտնել «Նաիրի» հրատարակչությանը, որ նախաձեռնեց ու իրականացրեց այս հրատարակությունը:
- Գուցե ես պետք է զրուցեի «Նաիրի» հրատարակչության տնօրենության հետ կամ գրաքննադատներից որեւէ մեկի, որոնք բազմիցս անդրադարձել են Վարդան Գրիգորյանի ստեղծագործությանը, բայց որոշեցի դիմել ձեզ: Դուքՙ նույնպես գրող, նաեւ Վարդանի ավագ եղբայրն եք, միասին եք մեծացել, հետեւաբար, նրան մոտիկից գիտեք ոչ միայն որպես գրողի, այլեւ որպես մարդու: Սա շատ կարեւոր է, քանի որ արդեն շուրջ քսաներկու տարի Վարդանը մեզ հետ չէ: Ինչպիսի՞ն էր նա, ինչպե՞ս սկսվեց նրա ճանապարհը դեպի գրականություն:
- Սկսվեց, թերեւս նրանից, որ մենք աչք ենք բացել գրքերի մեջ: Մեր տունը, չափազանցություն չի լինի, եթե ասեմՙ նաեւ գրադարան էր, որտեղ կային նաեւ հին, հազվագյուտ հրատարակություններ, որոնք մեր հայրըՙ բանաստեղծ Վահան Գրիգորյանը, 20-ական թվականներից սկսած, ձեռք էր բերել գրավաճառներից: Գրքի հանդեպ նրա սերը փոխանցվեց մեզ, գիրքը մեզ համար ոչ միայն ընթերցանություն էր, իմացության, հոգեւոր կայացման դաշտ, այլեւ ամեն ինչից վեր արժեք, ուղեցույց: Իհարկե, մեր գրադարանը ոչ միայն գեղարվեստական գրականության, այլեւ շատ ուրիշ գայթակղությունների աղբյուր էր. պատմություն, աշխարհագրություն, հնագիտություն, աստղագիտություն, դիցաբանություն, եւ այլն, եւ այլն, նույնիսկ կենդանաբանություն...
- Այնուհանդերձ, բազում գայթակղությունների բովով անցնելով, Վարդան Գրիգորյանը նախընտրեց պատմությունն ու գրականությունը: Պատմությունը որպես մասնագիտություն, գրականությունը, ինչպես ինքն է գրել, «կյանքի նպատակ»:
- Նվարդըՙ մեր քույրը, որի կոչումը, հատկապես վերջին տարիներին, մեր գրքերը խմբագրելն ու Վահան, Վահագն, Վարդան Գրիգորյանների արխիվները կանոնակարգելն է, վերջերս Վարդանի թղթերի մեջ գտել է մի երկտող. «Ես եմ Վարդանը ու կդառնամ գրող»: Գուցե հավակնոտ է հնչում, առավել եւս, որ գրվել է 1965 թ., ընդամենը տասնչորս-տասնհինգ տարեկան հասակում, բայց ուշադրություն դարձրեք, թե ինչպես է գրված. իրեն նայում է ասես կողմնակի աչքով. քննել է, պարզել, որ Վարդան անվանյալը կոչված է գրող դառնալու եւ հավաստում է, որ այդ Վարդանը ինքն է: Ես հավատում եմ, որ այս աշխարհում իր խոսքն ունեցող մարդը ունենում է սեփական վայրի, տարածքի զգացողություն: Մնում է այնտեղ հասնելու նվիրում ունենալ: Ապագան վկայեց, որ գեղարվեստական տեքստը ի վերուստ էր Վարդանինը:
- «Հավերժական վերադարձը» համընդհանուր հիացմունք առաջացրեց: Ակնհայտ էր, որ ասպարեզ է իջել կայացած, ուրույն ձայն ու ասելիք ունեցող տաղանդավոր գրող: Եվ զարմացնում էր, որ նա այդքան հասուն է ներկայանում առաջին իսկ գրքով:
- Հիշատակածս երկտողի հետ գտնված մեկ-երկու էջանոց փոքրիկ պատմվածքների լուսանցքում Վարդանը նույն ձեռագրով գրել է. «Թույլ է»: Արդեն այդ տարիքում նա կարողացել է քննադատաբար նայել իր արածին, բացառիկ անհրաժեշտ հատկություն արվեստագետի եւ մասնավորապես գրողի համար: Նման հայացքից հետո կամ գրիչը մի կողմ ես դնում, կամ ավելի հաստատուն առաջ գնում: Իսկ այդ պատմվածքները, որոնք առաջին անգամ նույնպես վերջերս եմ կարդացել, վատ չեն, շրջապատի, բնության, օրվա անցուդարձի աշխույժ, դիպուկ դիտարկումներ են: Սկսնակի ճանապարհը նա անցավ ինքն իր հետ, ինքն իր մեջ: Այլոց հանդեպ պահանջկոտ, իր հանդեպ անողոք պահանջկոտ էր: Գումարածՙ վերլուծական միտք, երեւույթների խորքը թափանցելու կիրք, որոնք ի վերջո լայն հուն բացեցին:
- Հաջորդ երկու վեպերըՙ «Դար կորստյան» եւ «Մանյա այրք», եկան հաստատելու Վարդան Գրիգորյանի մեծ տաղանդը:
- Նույն այդ 1965-ին, երբ մեզնից գաղտնի պատմվածքներ էր գրում, ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը նա անհետացավ տնից: Գնացել էր Հաղթանակի զբոսայգի եռագույն բարձրացնելու ապագա Մայր Հայաստանի հուշարձանի պատվանդանին (Ստալինի արձանը հանվել էր, իսկ Մայր Հայաստանը դեռ չէր տեղադրվել): Մտահղացումը գլուխ չէր եկել, որովհետեւ նա, ով պետք է բերեր դրոշը, չէր եկել: Ափսոս, բայց այդպես էլ է լինում, այս օրինակով ես ուղղակի ուզում էի ասել, որ թեեւ այդ տարիքում նա հավանաբար չի գիտակցել, արդեն առաջնորդվել է հետագայում իր բանաձեւած Ամբողջական ժամանակի գաղափարով: Ժամանակի ամբողջական ընկալումը Վարդանի ստեղծագործության առանցքն է: Ընդհանրապես Վարդանը տարբեր առիթներով իր ստեղծագործության շատ բանալիներ է տվել: «Հավերժական վերադարձ» վերնագիրն արդեն բանաձեւում էր նրա մոտեցումը պատմությանը, կամ, ավելի ճիշտ, ասես գալարաձեւ զարգացող ժամանակին, որը պարբերաբար մեր առջեւ նույն խնդիրներն է դնում: Խորհրդային Միության վերջին տասնամյակումՙ կայսրության փլուզման նախօրեին, նա ասպարեզ իջեցրեց իր վեպերը ազատության, անկախության, պետականության կերտման գաղափարների արծարծումներով, որոնք այն նույն ժամանակ, երբ ինքը հրաժեշտ էր տալիս կյանքին, ամբողջ հասակով ծառացան մեր դեմ: Ուստի զարմանալի չէ, որ այսօրՙ երկու-երեք տասնամյակ անց, Վարդանի գրականության արդիականութունն ավելի է ընդգծվել:
- Կուզեի, որ անդրադառնայիք նրա այս մտքին. «... օրհասական եւ մռայլ ժամանակներում է, որ առավել, քան երբեւէ, ի հայտ են գալիս ազգի կենսունակությունն ու ոգին եւ, ցավոք, նաեւ բացասական կողմերը»:
- Ազգի ինքնաճանաչումը չի կարող սահմանափակվել միայն պատմության հերոսական դրվագներով: Ոգեշնչելը լավ բան է, բայց հանցավոր սխալները քողարկելը հղի է կործանարար հետեւանքներով: Ինչու՞ 4-րդ դարում Տրդատ Մեծին, չնայած տիտանական ջանքերին, նույնիսկ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն, չհաջողվեց հզոր, Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ պատեպատ չխփվող պետություն ստեղծել («Մանյա այրք»): Ինչո՞ւ 11-րդ դարում Հայոց բնօրրանից շուրջ հազար տարով ջնջվեց հայկական պետականությունը («Դար կորստյան»): Ինչո՞ւ հայ մարդը, որի ներուժին դժվար է կասկածել, չդրսեւորեց երկիր ստեղծելու եւ պահելու կամք ու գիտակցությունՙ այստեղից բխող բոլոր հետագա արհավիրքներով ու կորուստներով: Ինձ թվում է, Վարդանի այս երկու վեպերը, մեզ համար բախտորոշ իրադարձությունները մաքրելով առասպելաբանությունից, կրոնական շղարշից, կեղծ հայրենասիրական պաթոսից, տալիս են յուրաքանչյուրիս տանջող հարցի անողոք պատասխանըՙ կորուստների պատճառը շատ հաճախ նաեւ մեր մեջ է եղել:
- Նկատի առնելով, թե ինչ գաղափարներ են առաջնորդել Վարդան Գրիգորյանին, ինչ խնդիրներ է նա դրել իր առաջ եւ հատկապես ինչպես է իրականացրել, ուզում ես մի կողմ դնել «պատմական» բաղադրիչը, քանզի իմ կարծիքով Վարդանի երեք վեպերն էլ ավելի քան արդիական են: «Նրա խոսքը որոնում էր ու մաքառումՙ հանուն չպղծված, ուժեղ եւ հպարտ հայրենիքի,- գրել է Հրաչյա Թամրազյանը, -...Դա նոր, ուժեղ ու ինքնատիպ արձակ է, նոր ուղենշային խոսք հայ պատմավիպասանության ժանրում, արդիական, առանց արդիականացման ճիգերի»:
- Համաձայն եմ, Վարդանի վեպերը նախ եւ առաջ բարձրարվեստ արձակ են: Ոչ մի գաղափար, ինչքան էլ մեծ, չի կարող տեքստը գրականություն դարձնել, իսկ բարձրարվեստ գեղարվեստական տեքստում գաղափարը շնչավորվում է: Այս իմաստով, Վարդանին իր գրքերի տարածքով առաջնորդած խնդիրներըՙ իր հերոսների գործով ու սայթաքումներով, մաքառումով ու ողբերգությամբ, նաեւ մարդու որոնում են: Արժեքներ կրող, չվաճառող ու չվաճառվող, արարող ու պահպանող մարդու:
- Վարդանի վեպերը ընթերցվում են մեծագույն հափշտակությամբ, նույնիսկ կասեիՙ ինքնամոռացմամբ, կախարդական մի ուժ քեզ ուղղակի ներքաշում է նրա ստեղծած վիպական աշխարհը, որից չես հեռանում նաեւ ընթերցանությունը ավարտելուց հետո:
- Իր գրքերը Վարդանը գրում էր ինքնայրումով:«Գրողը այն պահին, երբ թղթի առաջ է, պետք է հավատա, թե ընդունակ է գրչով վերափոխելու աշխարհը»,-գրել է նա: Այս հավատամքով էլ նա ստեղծեց իր երեք վեպերից յուրաքանչյուրը: «Մանյա այրք»-ը ավարտեց 1987-ի ամռան վերջինՙ արդեն հիվանդ, կրծքավանդակում սաստկացող ցավերը հաղթահարելով: Օգոստոսի 26-ի երեկոյան գրասեղանից հեռացավՙ ասելով. «Վե՛րջ, ավարտեցի»: Նույն գիշերն էլ շտապ օգնության մեքենան նրան տեղափոխեց հիվանդանոց: Սկսվեցին մեր դեգերումները հիվանդանոցներովՙ Երեւան, Մոսկվա, Փարիզ: Յոթ ամիս պառկեց Փարիզի «Անրի Մոնդոր» հիվանդանոցում, ուր մենք հասել էինք ֆրանսահայ բանաստեղծ, երջանկահիշատակ Զուլալ Գազանճյանի ջանքերով: Գրեթե ամեն օր ես այցելում էի Վարդանին, ժամերով նստում հիվանդասենյակում: Այդքան հաճախ մենք իրար հետ եղել էինք թերեւս մեկ էլ երեխա ժամանակ: Փարիզյան այս հիվանդասենյակում էլ նրան գտավ «Մանյա այրք»-ի ազդօրինակը Երեւանից ուղարկված: Ապաքինման հույսը աղոտ էր, այնուհանդերձ, երբ Վարդանը համեմատաբար լավ էր զգում իրեն, ուղղումներ ու փոփոխություններ էր կատարում այդ օրինակի վրա (որոնք տեղ են գտել ներկա հրատարակության մեջ), երբեմն էլ ասում, թե էլի ինչ կուզենար գրել: Մենք սովորություն չունեինք դեռ թղթին չհանձնածից խոսելու, նրա կյանքի այդ վերջին ամիսները բացառություն էին: «Ես դեռ իմաստուն չեմ,-ասում էր,-այ, երբ իմաստուն դառնամ...»: Ավա՜ղ, Վարդանի ճանապարհն ընդհատվեց արձակագրի համար շատ երիտասարդ տարիքում:
- Ավա՜ղ, բայց այն էլ, ինչ Վարդան Գրիգորյանը ստեղծեց իր ընդամենը մեկ տասնամյակ տեւած ստեղծագործական կյանքում, մեր գրականության մնայուն, անփոխարինելի արժեքն է: Եվ ուզում եմ իրենՙ Վարդանին վերադարձնել իր իսկ խոսքերը «Հավերժական վերադարձ»-ից, որոնք ինքն ուղղել էր ազատության խարույկ բարձրացած իր հերոսին. «Նա լսում եւ տեսնում էր ժամանակը, անցյալ դարձած ներկանՙ ներկա դարձած ապագայի բարձունքից»: Ես անչափ ուրախ եմ, որ Վարդանի կյանքի գործը այս վերահրատարակությամբ նորից հասանելի է լինելու ընթերցողին:
Զրուցավար` ԳՈՐՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ
Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011071606
|