«Ոսկե ծիրան» ութերորդ միջազգային երեւանյան կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի շրջանակներում կներկայացվի Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ», Մարտին Յաբսի «Նորան դեռ ողջ է», Նաչո Մարտինի «Էլ Նինյո Միգել» եւ Նատալյա Ալմադայի «Գեներալը» ֆիլմերը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոփառատոնի ծրագրերի տնօրեն վահագն Ստամբոլցյանը, այս տարվա վավերագրական ֆիլմերի մրցույթը շատ հետաքրքիր է եւ բազմազան: «Ուշագրավ է, որ այս ֆիլմերից երկուսն արվեստագետների մասին են' կիթառահարի եւ նկարչի»,- ասաց նա' հավելելով, որ Մ. Յաբսի «Նորան դեռ ողջ է» ֆիլմը շատ հուզիչ է եւ գեղարվեստորեն բարդ' իրավիճակն արտացոլելու տեսանկյունից: Ինչպես նշեց Նատալյա Ալմադան, իր համար մեծ հաճույք է Հայաստանում գտնվելը: «Գեներալը» մի ֆիլմ է, որը նկարահանվել է իր տատի տված տեղեկատվության հիման վրա: «Տատիկս ֆիլմում հիշում է իր հեղափոխական հորը, որը դարձել է Մեքսիկայի նախագահ եւ երկրի պատմության դեմքերից մեկը»,- ասաց նա' հավելելով, որ Մեքսիկայում մեծ նշանակություն է տրվում երկրի պատմությանը:
Իսպանացի ռեժիսոր Նաչո Մարտինին շնորհակալություն հայտնեց, որ իրեն հրավիրել են մասնակցելու կինոփառատոնին: Նրա խոսքով' իր ֆիլմը պատմում է կիթառահար Էլ Նինյո Միգելի մասին, որը փորձում է ստիպել, որ իր հին ու շարքից դուրս եկած կիթառը երգի: «Մուրճի պես ուժեղ բութ մատով էլ նա դեռ ի զորու է հուզել' սրտի զգացած ակորդները' կյանքի ակորդները, նվագելով»,- ասաց նա' հավելելով, որ իր ֆիլմում ինքը ցանականում էր ներկայացնել, թե ինչ է նշանակում գնչուների համար ապրել ոչ քոչվոր պայմաններում. պայմաններ, որոնց նրանք սովոր չեն: Պարսիկ ռեժիսոր Ահմադ Սեյեդքմիրի խոսքով' ստեղծված է շատ ջերմ մթնոլորտ հյուրերի նկատմամբ, որից ինքը շատ է շոյվում: «Ես ֆիլմը նկարահանել եմ մարդկային իրական բնավորությունների հիման վրա: Այն մի մարդու մասին է, որն ապրում է իրեն օտար միջավայրում, սակայն ցանկանում է իր հնարավորություններն ի ցույց դնել: Սա ֆիլմ է Իրանում արգելված թեմաների մասին' թատրոն, կինո, արվեստ եւ այլն»,- ասաց նա' հավելելով, որ ֆիլմը լեցուն է երազանքներով եւ լավատեսությամբ:
Գերմանացի ռեժիսոր Մարտին Յաբսը նշեց, որ իր ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որի դուստրն ունի ֆիզիկական արատներ: «Չնայած դրան, նա վառ անհատականություն է: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ նա շուտով մահանալու է, սակայն Նորան արդեն իմ տարիքին է' երեսուներկու տարեկան, որը շարունակում է ապրել իր կյանքի մեջ ներփակված»,- ասաց ռեժիսորը: Յաբսը պատմեց, որ երբ նկարահանող ֆիլմն այցելել է հերոսին, պարզվել է, որ Նորայի մայրն արդեն մահացել է, սակայն աղջիկը չի կարողանում գիտակցել այդ: «Ֆիլմն առաջին հերթին մարդու սիրտն է շարժում, նոր միայն միտքը»,- ասաց նա:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658476/
|