Գլխավոր » 2011»Հուլիս»25 »
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է Պարույր Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը
18:19
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է Պարույր Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը
Հուլիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մամբրեի Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը:
Պ. Մուրադյանը ծնվել է 1933թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում: 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների (պարսկական) բաժնում: 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում` ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով:
1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում: 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով: 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր: Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը:
Մնայուն և գիտական մեծարժեք հետազոտություններ են «Armeno-Georgica» մատենաշարով հրապարակված Պ. Մուրադյանի մենագրությունները` Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Վրաստանի հայերեն արձանագրությունները (2 հատոր), Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները:
Պ. Մուրադյանը հեղինակ է ավելի քան 300 տպագիր գիտական աշխատության: