«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր եւ տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի հիմնականում միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծամասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են: Այդ մասին նշված է մշակույթի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած փաստաթղթում:
Նախարարություն առաջարկում է ընդունել արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման ու օգտագործման ծրագիր: Նպատակը ոչ միայն հուշարձանների վերականգնումն է, այլեւ արգելոցը որպես զբոսաշրջային գրավիչ արգելավայր դարձնելը: Խոսք է գնում այսպես կոչված գրաստային զբոսաշրջության զարգացման մասին: Գրաստների միջոցով խմբերի տեղափոխումը հուշարձաններ կարող է տեղում զարկ տալ հատկապես ձիաբուծությանը, լրացուցիչ եկամտի աղբյուրի վերածվել արգելոցին հարակից բնակավայրերում ապրող բնակչության համար եւ չվնասել բուսածածկը ճանապարհների կառուցման դեպքում:
Առաջնահերթ է համարվելու երեք խոշոր հուշարձանային համալիրների վերականգնման, պահպանության եւ առանձին երթուղիներով ներկայացման հարցը: Դրանք են` «Հավուց Թառ» (11-18-րդ դդ.), Աղջոց Սբ Ստեփանոս (12-13-րդ դդ.) վանական համալիրները եւ Գեղմահովիտի եկեղեցին (13-րդ դար): Այս հուշարձաններն ընդգրկված են արգելոցի 1-2 երթուղիներում (Հավուց Թառ-Ելիջա գյուղատեղի-Գիլան գյուղատեղի-Բայբուրդ գյուղատեղի-Փոքր շեն գյուղատեղի-Ներքին Իմիրզեկ գյուղատեղի-Բերդատակ-Կաքավաբերդ):