Յայտնի դարձաւ դէպի Սասունի Մարութայ լեռ լեռնագնացութեան թուականը:
Սասունի գաւառապետ Իւսուֆ Իզզեթ Քարամանի նախագահութեամբ նիստ գումարած յանձնաժողովը յայտնեց, որ լեռնագնացութիւնը կը սպասու Յուլիս 30ին:
Այս տարի լեռնագնացութեան մեծ մասնակցութիւն պիտի ըլլայ: Գաւառապետ Իւսուֆ Իզզեթ Քարամանի, քաղաքապետ Մուզզաֆեր Արսլանի, անվտանգութեան պետ Սահիր Ուզունի, գաւառի ժանտարմերիայի հրամանատար, հարիւրապետ Թոլկա Պաշի, նահանգային յանձնախումբի, քաղաքացիական-հասարակական կազմակերպութիւններու եւ գիւղապետերու մասնակցութեամբ կայացած նիստին քննարկուեցաւ լեռնագնացութեան ծրագիրը: Նիստին ելոյթ ունեցած գաւառապետ Իւսուֆ Իզզեթ Քարաման նշեց. «Այս նիստը գումարած ենք, որպէսզի լեռնագնացութիւնը դէպի Մարութայ լեռ, որուն պիտի մասնակցին թէ՛ դուրսէն եւ թէ՛ Սասունէն, աւելի կազմակերպուած իրականացնենք: Մեր նպատակն է նախապէս ծրագրուածը գործնականօրէն իրականացնել»:
Մօտ երկու ժամ տեւած նիստին ընդունուած որոշումներուն համաձայն՝ մագլցումը պիտի սկսի առաւօտ կանուխ՝ Սասունի Ճումհուրիյէթ հրապարակէն, իսկ Մարութայ լերան գագաթին նախաճաշ պիտի կազմակերպուի: Մասնակիցները գագաթին պիտի մնան մօտ երկու ժամ, որմէ ետք անոնց համար Շէյխ Պազըթ եւ Մարութայ լերան միջեւ գտնուող հարթավայրին մէջ պիտի կազմակերպուի ուրախ ծրագիր: Ծրագիրի աւարտէն անմիջապէս ետք պիտի մատուցուի ճաշը: Փուրշենկ այգիներ այցէն ետք մասնակիցները ինքնաշարժներով պիտի վերադառնան գաւառ:
Յուլիս 30ին նախատեսուող մագլցման մեծ հետաքրքրութիւն ցուցաբերած են նաեւ սասունցի հայերը: Կը սպասուի, որ լեռնագնացութեան մասնակցին նաեւ «Ակօս»ի մէջ նախապէս տպագրուած Սասունի մասին իր յօդուածներով յայտնի Պեսսէ Քապաքը, Բիթլիսի, Պաթմանի, Մուշի, Վանի, Սթամպուլի եւ նահանգներու, գաւառներու ու գիւղերու հայերու եւ Սասունի հայերու հասարակական փոխօգնութեան, համերաշխութեան եւ մշակոյթի միութեան նախագահ Ազիզ Տաղճըն, «Ակօս»ի խումբ մը լրագրողներ, ինչպէս նաեւ՝ նախապէս Սասունէն եւրոպական երկիրներ գաղթած հայեր:
«ԱՍՊԱՐԷԶ».- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոնի կայքէջէն առնուած այս լուրին մէջ արձանագրուած «լեռնագնացութիւն» բառը, անշուշտ հայերու համար եւ հայկական տեսանկիւնէն, պէտք է փոխարինուի «ուխտագնացութիւնով»:
——————————————————————–
Մարութայ Եկեղեցին
Մարութայ լեռը՝ 2973 մետր բարձրութեամբ, ամենաբարձրն է Բաթմանի Սասուն գաւառում: Սասունցիների շրջանում այն ընդունուած է որպէս սուրբ լեռ: Մարութայ լերան գագաթին է գտնւում Մարութայ Բարձր Աստուածածին անունով հայկական եկեղեցին, որը ժողովրդի շրջանում յայտնի է Մարութայ եկեղեցի անուամբ:
«Սասունցի Դաւի»չ էպոսում պատմւում է, որ Մարութայ եկեղեցին կառուցել է տուել Մհերը, որը եկեղեցին կոչել է Մարութայ Բարձր Աստուածածին անունով: Մհերի մահից յետոյ արաբների (էպոսում յիշատակւում է Մսրայ մելիք ձեւով) կողմից աւերուած վանքը մէկ օրում վերակառուցել է տուել Մհերի որդին՝ Դաւիթը: Մէկ այլ հաւատալիքի համաձայն՝ Մարութայ եկեղեցին կառուցել են Սանասար ու Բաղդասար եղբայրները:
Մարութայ լեռան գագաթին գտնուող եկեղեցի հասնելու համար մեքենայով կարելի է գնալ մինչեւ Քայաբիդի (Փուրշենգ) գիւղը: Այստեղից սկսած 2-3 ժամ տեւողութեամբ մագլցումով միայն կարելի է լերան գագաթ հասնել: Գագաթից շատ հանգիստ տեսանելի են Բիթլիսը (Բաղէշ), Մուշը, Սղերդը, Դիարբեքիրը (Տիգրանակերտ) եւ Սասունը: Ընդունուած տեսակէտի համաձայն՝ Մարութայ լերան անուանումը ծագում է արամէերեն «աշխարհիս տէրը» արտայայտութիւնից: «Մարաթթու» բառը հանդիպում է նաեւ որպէս երդում: Հայերի կողմից՝ «Մարաթթու», իսկ մուսուլմանների կողմից էլ «Մերեթոյ» արտաբերուող Մարութայ լերան անունը փոխուել է Այդընլըքի: Բայց եւ այնպէս, շրջանի բնակչութիւնը շարունակում է օգտագործել Մարութայ անուանումը: Եթէ այսօր շրջանի ժողովրդին հարցնէք, թէ որն է Այդընլըք լեռը, ամենայն հաւանականութեամբ չեն հասկանայ, թէ որ լերան մասին է խօսքը:
Մարութայ եկեղեցին սուրբ է համարւում հայերի եւ մուսուլմանների շրջանում, ովքեր այն այցելում են որպէս սրբատեղի: Հնում Սասունի հայերը Վարդավառի տօնին մեծ խմբերով գալիս էին Մարութայ լեռ եւ այստեղ կազմակերպում երեք օր տեւողութեամբ տօնակատարութիւններ: Սասունի Էրդեմլի թաղամասում (Շէյհան գիւղում) գտնուող Շէյխ Նասրեդդինի դամբարանի մօտ կատարուող տօնակատարութիւններին մասնակցում էր գաւառի բնակչութեան մեծ մասը: Յուլիս ամսի վերջին Հինգշաբթի օրը Շէյհանում հաւաքուող սասունցիները, Ուրբաթ օրն էլ բարձրանալով Մարութայ լեռը, մատաղ էին անում, ուտելիք պատրաստում, շուրջպարի բռնւում եւ ժողովրդական խաղիկներ երգում: Անցեալում Մարութայ լերան վրայ կազմակերպուող տօնակատարութիւնները տեւում էին Ուրբաթ օրուանից մինչեւ Կիրակի: Հայերի՝ շրջանը լքելուց յետոյ (Ցեղասպանութեան պատճառով-Ակունքի խմբ.) մուսուլմանները որոշ ժամանակ շարունակել են Մարութայ լերան վրայ տօնակատարութիւններ կազմակերպել: Սակայն յետագայում եկեղեցին լքուել է՝ անվտանգութեան նկատառումներից ելնելով: Այս աւանդոյթը ներկայում փորձում են վերապրեցնել: Սասնայ շրջանի հայերն ու մուսուլմանները եւ աշխարհի տարբեր անկիւններից ու Թուրքիայի զանազան շրջաններից եկող հայերը բարձրանում են Մարութայի գագաթը եւ նշում Վարդավառի տօնը:
Այսօր Սասնայ շրջանի ողջ պատմութիւնը կառոյցների պէս է. Մարութայ եկեղեցին էլ շարունակում է գոյութիւն ունենալ աւերակ վիճակում: Այդ նշանաւոր վանքից միայն մեծ մասամբ աւերուած եկեղեցին է մնացել: Իսկ այն հարցը, թէ ինչպէ՞ս է կառուցուել մօտաւորապէս 3 հազար մ բարձրութեամբ լեռան գագաթին գտնուող սոյն եկեղեցին, մեծ հետաքրքրութիւն է առաջացնում: Մարդկութեան համատեղ ժառանգութիւնը եղող եւ Սասնայ շրջանում գտնուող պատմական շինութիւնների՝ հնարաւորինս կարճ ժամանակահատուածում վերականգնումը կը լինի թէ՛ շրջանի բնակչութեան եւ թէ՛ ողջ Սասնայ ժողովրդի օգտին:
(Նիւթը պատրաստեց Բեհջեթ Չիֆթչին)
———————————————————————
Մարութա սարը, որ կը գտնուի Արեւմտեան Հայաստանի Սասուն գաւառին մէջ, եղած է սասունցիներու սիրած եւ պաշտելի լեռը: Կոչուած է նաեւ Մարաթուկ:
Ըստ աւանդութեան, Մարութայի պաշտամունքը խիստ զայրացուցած էր Սասուն գաւառի միւս հսկան՝ Անդոկին (Հայկական Տաւրոսի գագաթներէն մէկը): Անդոկ Մարութա սարին մարտի կը հրաւիրէ: Մարտի ժամանակ Անդոկը իր կայծակէ թուրով կը հարուածէ եւ կը ճեղքէ Մարութա սարի գլուխը, եւ այդ պատճառով ալ անոր ջղլագլուխ (զոյգ գլխով) Մարաթուկ կ՛անուանեն:
Անդոկի հարուածէն վիրաւորուած Մարութա սարը իր կողերէն հսկայ ժայռ մը կը պոկէ եւ կը նետէ Անդոկին կուրծքին: Ժայռը կը խրուի Անդոկայ սարի կուրծքը, կը թաղուի անոր կողերուն մէջ. դուրս կը մնայ միայն ժայռի կտոր մը՝ երկու ջրաղացաքարի չափով, որուն վրայ հիմա ալ կ՛երեւին Մարաթուկի ձեռքի հետքերը:
Մարաթուկ լերան վրայ կառուցուած է Ս. Աստուածածին վանքը, զոր Գարեգին վրդ. Սրուանձտեան անուանած է «սուրբ եւ բարեպաշտ» եւ որ Սասունի ամբողջ ժողովուրդին համար դարձած է առաջին եւ վերջին ամենահաւաստի երդումը: «Հընը Մարաթուկ վկայ. տհընը սուրբ Մարաթուկ գինա»:
————————————————————————-
ՀԱՏՈՒԱԾ ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑԻ «ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉ»ԷՆ
Հաւատքի Ուժը
Երկու-երեք քարընկէց էր մնացել, որ հասնէի Ս. Աղբերիկ, երբ իմ առաջ բացուեց լեռնային աշխարհի անկրկնելի մի տեսարան:
Մի խումբ սասունցիներ, ձորի խոր յատակից քարքաշով դէպի սարի գլուխն էին հանում մի վիթխարի ջրաղացքար: Քարքաշը երկճղանի կոշտ ու կոպիտ մի փայտ էր՝ ուղղահայեաց մի ցից կենտրոնում: Գլխի հաստ կողմում կացնի նեղ բերանով փորուած մի անցք կար: æրաղացքարը պառկեցրել-հագցրել էին ցցի վրայ, փորանցքից մի երկայն շղթայ էին անցկացրել, շղթայից՝ հորիզոնական ձողեր: Երկու կողմից երեքական տղամարդ ձեռքերով պինդ բռնած եւ կրծքերը դէմ տուած այդ ձողերին, հսկում էին, որ հաւասարակշռութիւնը չխախտուի: Լծել էին նաեւ եօթ լուծ եզ հօտաղները լուծքերին, եւ անդունդի թէք քարքարոտ կողերով դէպի վեր էին տանում հսկայ քարը, ամէն րոպէ պատրաստ քարքաշով, ջրաղացքարով եւ լծկաններով ձորը գլորուելու: Թուով տասնութ-քսան հոգի էին, բոլորն էլ դարչնագոյն թուխ դէմքերով, բրդեայ գդակներով եւ կռնակներին այծամորթի: Ամէնից բարձրահասակը մի յաղթանդամ ծերունի էր ալրոտ հագուստով: Սա ետեւից էր գալիս, զգուշօրէն հետեւելով, որ քարը չպոկուի քարքաշից:
Երկու օր առաջ լեռնային հեղեղը քանդել էր քեռի Միրոյի հնադարեան ջրաղացը եւ նրա վերին քարը տեղահանելով գլորել անդունդ: Տեսնողների վկայութեամբ քարը շարունակել էր թաւալուել անդունդի յատակին, իր վրայից դէն շպրտելով հեղեղի կատաղի յորձանքները: Այդ բանը աւելի ամրապնդել էր խութեցիների հաւատքը իրենց ջրաղացի զօրութեան մասին:
Գրիգոր Լուսաւորիչը Կեսարիայից վերադառնալով, Հաւատամք լեռան վրայ պատերազմի էր բռնուել
Տարօնի քրմական բանակի դէմ: Աւանդութիւն կայ, որ նա իր ձեռքին բռնած փայտաշէն խաչով յաղթել է քրմական բանակին եւ նրանց առաջնորդներ Գիսանէ եւ Դէմիտրի քրմապետներին սպանելով եւ նրանց մարմինները այրելով՝ մոխիրը Փրէ-Բաթմանի կամուրջից թափել է ջուրը: Պարտուած քրմերի եւ քրմուհիների մի մասը իրենց տաճարների փլատակներից փախչելով, ըստ աւանդութեան, վերափոխուել են կաքաւների, իսկ միւսներին Լուսաւորիչը ժողովելով լցրել է Հաւատամք լեռան եւ Սասնոյ լեռների անդունդների մէջ, նրանց վրայ շպրտելով հսկայական քարեր:
Միայն մի կաղ դեւ է ազատուել այդ մութ զնդաններից, խոստանալով որպէս փահլեւան յաւէտ ծառայել Ս. Կարապետի եւ Ս. Աղբերիկի վանքերին, մաքրելով նրանց կրակարանները եւ մոխիրը գիշերով թափելով Փրէ-Բաթմանի մէջ:
Ու Տարօնի ժողովուրդը հաւատում է, որ երբ ամէնքը քնած են, կաղ դեւը իր հսկայ սակառը շալակած գիշերով գալիս մաքրում է այդ վանքերի մոխիրը եւ մի ոտքը Շամիրամի լեռանը դրած, միւսը Ծովասարին Մարաթուկի վրայով շտապում է դէպի Բաթմանի կամուրջը եւ կռանալով իր ծանր բեռը դատարկում է գետի մէջ:
Սասունցիները իրենց լեռների խոռոչներում ժամանակին յայտնաբերել էին ապառաժեայ աղաքարերի բազմաթիւ կուտակումներ: Իբրեւ թէ դրանք եղել են Մշոյ դաշտի քարէ հեթանոս մատեանները, որ Գրիգոր Լուսաւորիչը կործանելով շպրտել է փախչող դեւերի ետեւից: Հեթանոս գրերը ակնթարթում մեղուներ դարձած պարս են կապել Ծիրնկատարի ծերպերին, իսկ սարաժայռերը իրար վրայ կուտակուելով, փակել են լեռների խոռոչներում թաքնուած դեւերի փախուստի ճանապարհը: Խութեցիները մանաւանդ հաւատում էին, որ իրենց ջրաղացքարը այդ ապառաժներից է շինուած: Այդ էր պատճառը, որ գիւղացիները հաւաքուելով միահամուռ ուժերով նորոգել էին աւերուած ջրաղացը եւ եօթ լուծ եզ ու քարքաշ առնելով իջել էին ձորը, որ նուիրական քարը խորխորատից բարձրացնեն եւ նորից հաստատեն իր հիմքին:
Թեթեւ դադար եղաւ: Երբ հրաման տրուեց գութանը քաշելու, հօտաղները ցատկեցին լուծքերին, ձայն տուին իրար, եզները ձգեցին շղթան եւ քարքաշը տեղից պոկուելով շարժուեց սարն ի վեր: Հօտաղներից մէկը տալուորիկցի Ֆադէն էր: Սա նստած էր առաջին լուծքին, քշտած ոտքերը անդունդի վրայ կախած: Ֆադեն Խտանայ կածից առաջինն էր տեսել անդունդի հեղեղի մէջ թաւալուող քարը եւ թիակը ուսին դէպի Ծովասար գոռալով շտապել էր օգնութեան: Ես էլ մասնակցեցի խութեցոց ջրաղացքարը անդունդից հանելու աշխատանքին: Միայն մի կարճ պահ տեւեց իմ մեկուսի կանգնելը: Վայրկեանապէս մօտեցայ եւ ծերունի Միրոյի կողքին տեղ գրաւելով, իմ կուրծքը դէմ տուեցի երկաթէ շղթային:
Մանրատերեւ սալորենու տակ մոլորուած կածանը անդարձ կորել էր, շնչակտուր դէմ առնելով լերկ քարափին: Ինչ-որ ջրհեղեղից անդունդ քշուած մի քար էր, որ նոյնպէս կորցրել էր իր ուղին, եւ մենք մեր ուսերն ու բազուկները իրար նեցուկ արած ու հաւատքով կպած գործին, ժայռոտ լեռնալանջով նրան մղում էինք դէպի վեր, դէպի արեւոտ բարձունք:
Եզները ձիգ տալով դանդաղ շարժւում էին կճղակները ապառաժներին սեղմած: «Հասանք, հա՜, հասանք, ձեզ ղուրբան», ետեւից ոգեւորում էր ջրաղացպան Միրոն, շարունակելով աչալուրջ հսկել, որ քարքաշի հաւասարակշռութիւնը չխախտուի:
Վերջապէս մեծ դժուարութեամբ ջրաղացքարը անդնդախոր ձորից հանեցինք սարի գլուխ, խորդուբորդ ոլորաններով հասցրինք ջրաղացի դուռը, թեթեւ կռանեցինք եւ մեր թեւերին առած ներս տանելով հաստատեցինք ներքին քարի վրայ:
Ֆադէն իսկոյն կարգի բերեց մայր առուն, եւ ջրաղացը նորից սկսեց թափով աշխատել:
Աղորիքի տէրը՝ քեռի Միրոն, բոլոր մասնակիցներին ճաշ տուեց եւ, իմանալով իմ պատմութիւնը, ինձ պահեց իր մօտ, թաքցնելով իր շողտան մէջ ջրաղացի ստորին հարկում:
Ամբողջ գիշերը ջրի զօրաւոր հոսանքը աչքերիս առաջ ուժգնօրէն դարձնում էր ջրաղացի թափանիւը, եւ ես այդ պտուտակի մօտ կանգնած, մտածում էի հեղեղից քանդուած եւ վերականգնուած ջրաղացի մասին եւ այն զարմանալի տոկուն ջրաղացպանի մասին, որի անունը Միրոյ էր, այն լեռնականների մասին, որոնց կամքը աւելի հզօր էր, քան լեռնային ամեհի հեղեղը: Միայն հաւատքի ուժը կարող էր անդունդի յատակից վեր բարձրացնել խորտակուած ալիւրաքարը: Եւ ակամայից ես մեր ժողովրդի բախտը համեմատում էի խութեցի Միրոյի ջրաղացի հետ: Պատմութեան դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ: Ո՞վ պէտք է վերեւից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը եւ սարից-սար գոռալով, առաջինը շտապի օգնութեան: Ո՞վ պիտի այդ տեղահանուած քարը անդունդից հանի եւ վերստին հաստատի իր հիմքի վրայ:
Այդ պէտք է անենք մենք: Պէտք է անեն հաւատքի ուժը եւ հաւատաւոր մարդիկ:
Եթէ բոլորս ի մի զօրուենք եւ մեր կամքը դարձնենք մի հսկայ քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտուած մնայ անդնդում:
Աղբյուր`http://asbarez.com/arm/104564/
|