Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում շուրջ 2 շաբաթ առաջ հայտնաբերվել է մի հնավայր, որտեղի գտածոները` այդ թվում ոսկյա ու արծաթյա զարդեր, պատկանում են Տիգրան Մեծի ժամանակաշրջանին:
Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը հեղեղումներից հետո հողի հետ գնացած շերտի տակ երեւացող կարասներ է նկատել: Հասկացել է, որ դրանք սովորական կարասներ չեն ու հնագետներ է հրավիրել: Իսկ մինչ նրանք կժամանեին, իր հայտնագործության նկատմամբ հսկողություն է սահմանել, որ համագյուղացիներից որեւէ մեկը հանկարծ չբացի դրանք, թեեւ, ինչպես երեկ հայտնեց մեզ հետ զրույցում, կատարվածն առավելագույնս գաղտնի էր պահել: Կարասները գտնվել են գյուղից դաշտեր տանող ճանապարհին: «Ես հաճախակի այդ կողմերով դաշտեր եմ գնում»,- բացատրեց գյուղապետը: Ասաց, որ մտքով չի անցել անձամբ բացել կարասները եւ այնտեղ գանձեր լինելու դեպքում էլ որոշել է ոչ ոքի չասել այդ մասին: «Ես ինձ թույլ չտվեցի, քանի որ չգիտեմ` դրա հետեւանքները ինչ կլինեին»,- զգուշացել է Սպարտակ Զաքարյանը:
Նշենք, որ երեկ փորձեցինք պարզել, թե իսկապես ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել նման քայլը. որեւէ պատժամիջոց սահմանվո՞ւմ է` գտնված գանձերը թաքցնելու համար կամ ընդհակառակը, կա՞ խրախուսում, երբ ազնվորեն դրանք հանձնվում են պետությանը: Ոչ հնագետները, ոչ էլ իրավաբաններն այս հարցերի պատասխանը չունեին: Իսկ պեղումներն իրականացրած մասնագետները մինչեւ այժմ էլ աշխատում են Եղվարդի հնավայրում: Նրանք ընդարձակել են պեղումների տարածքը` հուսալով այլ հնագիտական իրեր եւս գտնել: Առայժմ այն, ինչ արդեն պեղված է, վկայում է երկու կարասային թաղումների մասին: Տարածքում աշխատող հնագետ Արման Նալբանդյանը մեզ փոխանցեց, որ կարասներում թաղված հանգուցյալներին ուղեկցող նյութը բավականին հարուստ է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք բարձր խավի ներկայացուցիչներ են եղել, իսկ մեկը` բարձրաստիճան զինվորական: Այդ նույն կարասների մեջ հայտնաբերվել են 2 զույգ ոսկե ականջօղեր, արծաթե բազկակալ ու վզնոց, շքասեղ եւ ուլունքներ: «Կարծիք կա, որ վզնոցը միաժամանակ եղել է կշռաքար»,- ասաց հնագետը: Հայտնաբերվել են նաեւ պարթեւական Միհրդատ 2-րդ արքայի պատկերով մետաղադրամ, ձիու սանձ, դանակ, զանգ: Ենթադրվում է, որ կարասներում թաղվածներից մեկը կին է, մյուսը` տղամարդ, ինչպես արդեն նշեցինք` զինվորական: Պեղված կարասների մեջ եղել է նաեւ մեկական փոքր կճուճ: Հնագետները չեն բացառում, որ կճուճները կարող էին նախատեսված լինել աճյունափոշու համար, թեեւ կարասներից մեկում կմախքի մնացորդներ են գտել: «Կարասներից մեկի մեջ ոսկորները շատ վատ պահպանված, քայքայված վիճակում էին, իսկ մյուսի մեջ գրեթե չկար: Հավանաբար տեղի է ունեցել դիակիզում, որովհետեւ երկու կարասների մեջ էլ կային փոքրիկ կճուճներ` դիակիզման մոխիրը լցնելու համար: Բայց դա դեռեւս ուսումնասիրման փուլում է եւ այդ առումով ոչինչ պարզ չէ»,- ընդգծեց Արման Նալբանդյանը` հավելելով, որ հնարավոր է հետազոտություններից պարզվի, որ կճուճներից մեկի մեջ հայտնաբերվածը բոլորովին էլ դիակիզման փոշի չէ:
Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա, մշակման են ենթարկվել, մաքրվել: Զարդերից մի մասի վրա նաեւ նախշեր են բացվել: Արման Նալբանդյանը նշեց, որ գտածոները լիարժեք ուսումնասիրվելուց եւ մշակվելուց հետո նաեւ կցուցադրվեն:
Աննա Զախարյան
Աղբյուր`http://www.armtimes.com/26385
|