Չորեքշաբթի, 24.04.2024, 07:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Այդ անհաղարդ, բայց տաղանդավոր արվեստագետը` Շանթ Ավետիսյան
16:26
Այդ անհաղարդ, բայց տաղանդավոր արվեստագետը` Շանթ Ավետիսյան
Շանթ Ավետիսյան
Իրենց հոբելյանական տարեթվերին նվիրված եգիպտահայ նկարիչների մեր շարքի չորրորդ արվեստագետը Շանթ Ավետիսյանն է, որն այս տարի բոլորում է իր ծննդյան 60-ամյակը: Ոգեշնչված Եգիպտոսի ծաղկուն շրջանիՙ ոսկեդարի իրադարձություններով (1950-60 թթ.) եւ իր արվեստի տեխնիկական առանձնահատկությունները արեւմուտքում կատարելագործած նկարիչը ճարտարորեն կարողանում է իր նախշանկարներում եւ տրաֆարետներում միահյուսել անցողիկ կյանքն ու տեւական արժեքները:

Տեղեկություններ գտնել այս արվեստագետի մասին բավական դժվար եղավ: Ճանաչողները բնութագրում էին նրան որպես չափազանց տարօրինակ, ինքնամփոփ, անհաղորդ եւ անճշտապահ անձնավորություն: Բնավորության այդ գծերը նրանք, որպես կանոն, բացատրում էին նրա «դժբախտ մանկություն» ունենալու հանգամանքով: Այդուհանդերձ ինտերնետային կայքում եւ մեր տրամադրության տակ եղած սակավաթիվ տվյալներով որոշեցինք ներկայացնել նրան մեր արվեստասեր ընթերցողներին, նախ որովհետեւ նա վաղուց իրեն հաստատել է եւ միջազգային ճանաչում ձեռք բերել եւ, երկրորդ, որովհետեւ հակառակ իր բնավորության գծերի շուրջ տարակարծիք լինելուն, նրան ճանաչողները միակարծիք են մի հարցումՙ նա տաղանդավոր է:

Շանթ Ավետիսյանը ծնվել է 1951 թվին Կահիրեում: Նրա պապն ու տատը Եղեռնից մազապուրծՙ Եգիպտոսում են ապաստան գտել: Ինքը մեծացել է երկրի վերջին թագավոր Ֆարուքի իշխանության (1937-ից 1952 թիվը) մայրամուտը ավետող հուլիսյան հեղափոխության ազգայնական եւ հայրենասիրական կոչերի ժամանակաշրջանում: Հեղափոխություն, որն անկախությունից բացի իր հետ բերեց նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրներ: Գաղութատիրությանը վերջ տալով երկիրը պետք է ինքնուրույն լուծեր այդ խնդիրները:

Նրա արվեստը սովորաբար հանդիսատեսին է ներկայանում երկու չափսերով: Հորիզոնական տրաֆարետային 50 x 70 սմ չափսով պատրաստված պիգմենտներից եւ արաբական խեժից, վերամշակված խավաքարտի վրա, եւ ուղղահայաց տրաֆարետային 150 x 250 սմ չափսովՙ պատրաստված դարձյալ պիգմենտներից եւ արաբական խեժից, բայց ալիքաձեւ ստվարաթղթի վրա:

Ավետիսյանի տրաֆարետները քսան երկարատեւ տարիների ուսումնասիրությունների արդյունք են: Այդ ընթացքում նա կարողացել է Կանադայում եւ Ֆրանսիայում ստացած իր գիտելիքները միախառնել փարավոնական շրջանի անծանոթ արվեստագետների մեհենադրոշմ արձանագրությունների խորհրդապաշտական նմուշներին, արաբական ճարտարապետության երկրաչափական եւ վերացական հասկացություններին, օսմանյան գործվածքների ծաղկազարդ մոտիվներին, եւ անշուշտ հայկական մանրանկարչության նրբագեղ տարրերին: Նմանատիպ նկարների շարքը, որ նա սկսել է վրձնել Լուքսորում 1991-ին, շրջադարձային փուլ կարելի է համարել արվեստագետի համար: Այդ ժամանակ է նա գիտակցել, որ ժամանակակից արեւմտյան ակադեմիական մթնոլորտում կարողանալ գոյատեւելու եւ իր ուրույն տեղը հաստատելու համար նա պետք է վերադառնա իր հայկական եւ արաբական ակունքներին:

«Ժամանակի ընթացքում ես նաեւ հասկացա, որ այն ամենը, ինչ ավանդական ճապոնական արվեստի հետ առնչություն չունի, բարբարոսություն է: Այդ արվեստի պարզությունն ու մինիմալիզմն ամբողջովին համընկնում է գեղեցիկի իմ պատկերացումներին: Հենց դրա միջոցով էլ սկսեցի ավելի լավ ըմբռնել անապատային կյանքին եւ վրանաբնակ քոչվորներին հատուկ արաբական կենցաղային արժեքները, որոնք այնքան մոտ են ճապոնականին», խոստովանում է արվեստագետը, որ գեղարվեստական նկարչության դասընթացների հետեւել է Մոնրեալում, իսկ փորագրանկարչության (էստամպ) եւ կիրառական արվեստի գաղտնիքները բացահայտել է Փարիզի դեկորատիվ արվեստի ազգային բարձրագույն դպրոցում 70-ական թվերին: Եգիպտոսում աշակերտել է մեծ վարպետ Աշոտ Զորյանին եւ հայտնի գեղանկարչուհի Նորա Ազատյանին: 1981-89 թթ. աշխատել է եգիպտացի անվանի ճարտարապետ Հասան Ֆաթհիի հետ, որն իրեն սովորեցրել է գնահատել հասարակ առարկաների առանձնահատկությունները:: Ապրում եւ ստեղծագործում է հիմնականում Կահիրեում, իսկ հանգստանումՙ Երեւանում:

Նրա առաջին հրապարակային «ելույթը» եղել է 1969-ի մայիսի 2-12-ը Կահիրեի «Գառզու» պատկերասրահում կազմակերպված 3 եգիպտահայ արվեստագետների ցուցահանդեսին մասնակցությունը, որտեղ նա հանդես է եկել Հրանտ Քեշիշյանի եւ Վահե Վարժապետյանի հետ միասին:

Այնուհետեւ 1971-ին Մոնրեալի «Թեքեյան մշակութային կենտրոնում» մասնակցել է «Հայ նկարիչներ» ցուցահանդեսին, ապա 1972-ին ՀԲԸՄ-ի նյույորքյան պատկերասրահի «Գարնանային ցուցահանդեսին»: Դրանից հետոՙ 1976-ինՙ նաեւ Փարիզի Ալեք Մանուկյան կենտրոնում, 1982-ին Կահիրեի իտալական մշակույթի կենտրոնում, 1993-ին Բահրեյնի «Անհատական հավաքածուների պատկերասրահում», 1995-ին Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում, 1996-ին Ատլանտայի (Ջորջիա) Դալտոն պատկերասրահում, 1998-ին Բելգիայի Անտվերպ քաղաքում, 2000-ին Կոպենհագենի ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսներին: Վերջին տարիներին մեծ հաջողությամբ ցուցադրվել է Բրյուսելում, եվրոխորհրդարանի շենքում «Ժամանակակից արաբ ներկայացուցիչներ» (2008 թ.), Բեռլինի «Մարտիչ Գրոպիուս Բո» թանգարանում, «Թասուիր: Իսլամի եւ արդիականության պատկերավոր գծագիրներ» (2009 թ.) եւ Լիվերպուլի «Բլու Քոթ Արտ Սենտրում» ու Բեյրութի «Ցուցադրության կենտրոնում» (2010 թ.) բացված ցուցահանդեսներում:

Անհատական ցուցահանդեսներով հասարակությանն է ներկայացել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Մոնրեալում, Լոս Անջելեսում, Ուոթերթաունում, Փարիզում, Լոնդոնում, Բեյրութում եւ Ամստերդամում, իսկ վերջին շրջանում նաեւ Դուբայում եւ Ուելսում (2010 թ.):

Նրա կտավները գտնվում են Սմիթսոնյան հաստատության Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանում, Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Ամստերդամի «Տրոպենմուզեումում», Շոտլանդիայի ազգային թանգարանում եւ Հորդանանի ազգային պատկերասրահում:

1976-ին Կահիրեում կազմակերպված «Հայուհիներ» վերնագրով նրա անհատական ցուցահանդեսը, ըստ արվեստաբան Հրանտ Քեշիշյանի, եղել է նրա «հասունության առաջին գրավականը»: 2006 թվին հրատարակված «Կահիրեի տրաֆարետները» գիրքը, որը խմբագրել է Լոնդոնում բնակվող լիբանանա-իրանյան ծագումով կուրատոր Ռոուզ Իսսան [1] (Սաքի Բուքսը հրատ.), 1990-ից մինչեւ մեր օրերը ընկած ժամանակաշրջանում նրա ստեղծած ավելի քան 200 տրաֆարետային գործերի համապարփակ ուսումնասիրություն է: Այդ գործերը, որոնց թեմաներն, ըստ իր խոսքերի, նա ընտրում է հասարակական, զանգվածային լրատվամիջոցներից կամ սովորական փողոցային հայտարարություններից, արտահայտում են այն մտահոգությունը, որն իր մեջ առաջացել է Ծոցի պատերազմի որպես արդյունք:

2006 թվի հունվարին Ռաուշեում (Բեյրութ) գտնվող «Գալերի ժանին Ռուբեյզ» պատկերասրահում բացված նրա անհատական ցուցահանդեսի առիթով թերթերը գրել են, որ նա Լիբանան ոտք է դնում մի մարդու նման, որն «ուզում է ելք գտնել» ստեղծված իրավիճակից:

Իսկ Լոնդոնի «Բրիտանական թանգարանում» կազմակերպված «Ինքնություն, պատմություն եւ քաղաքականություն» վերնագրով անհատական ցուցահանդսում նա միջազգային ասպարեզ է մտել համարձակ քայլերով: Այդ առթիվ հրատարակված կատալոգում նշված է. «Իր մոնոտիպերի գլխավոր թեման անցած-գնացած ժամանակաշրջանի ռոմանտիկան եւ փայլքն են, երաժշտությունն ու մելոդրաման, հեղափոխական կոչերն ու իդեալների նպատակադրումը եւ իհարկե նաեւ հասարակ ժողովրդի կողմից սիրված հերոսներն ու արվեստագետները»:

Այդ արվեստագետների շարքին պետք է նշել առաջին հերթին Օմ Քալսումին, ապա նաեւ Ֆայրուզին, Ասմահանին, Աբդել Հալիմ Հաֆեզին, Ֆարիդ էլ-Աթրաշին (արաբական աշխարհի ամենահայտնի երգիչ-երգչուհիներ) եւ Հինդ Ռոսդոմին (դերասանուհի): Նա այդ բոլորին ներկայացրել է որոշակի կարոտախտի զգացմունքներով, 1950-60-ական թվերի կոսմոպոլիտ Կահիրեի քաղցր հիշատակներով, միաժամանակ գիտակցելով, որ այդ պատմական օրերի քաղաքական ուժգնությունը չէր կարող քողարկել մարդկային թուլություններն ու թերությունները, նաեւ ափսոսալով, որ ժամանակը դաժան է, եւ այդ բոլորին կարող է դարձնել խիստ «դյուրաբեկ», այսինքն մատնել մոռացության:

Ավետիսյանը Ֆարուքյան շրջանը ներկայացնում է հարուստ գույներով պատկերված դիմանկարներով, որտեղ ինքըՙ թագավորը եւ այլ պաշտոնական անձինք կրում են գիշերային թանկարժեք համազգեստներ կամ կոստյումներ: Հատկանշական գիծն այդ դիմանկարներում պատկերված անձնավորության ետին անկաշկանդ ձեւով ներկայացված ֆոնն է, որն ըստ որոշ մասնագետների հիշեցնում է ֆրանսիացի Անրի Մատիսին: Իսկ ազգային ինքնագիտակցության եւ արաբ միասնականության խորհրդանիշ Գամալ Աբդել Նասերին նա պատկերել է հեղափոխական առաջնորդին բնորոշ արեւի սեւ ակնոցներովՙ եգիպտական նոր դրոշի ֆոնի վրա: Ավետիսյանի Նասերը իշխող ներկայություն է: Բայց նա նաեւ հասարակ ժողովրդի ներկայացուցիչն է, եւ Ավետիսյանն այդ ժողովրդի անցումային շրջանի վկայագիրն է տալիս պատկերելով ֆելլահին, բանվորին եւ կանանցՙ քվեատուփերի առաջ կանգնած: Չնայած նրա պայծառ եւ կենսուրախ տրաֆարետային պատկերների կիզակետում եգիպտական կյանքի տարբեր բնագավառներն են, բայց հիմնական շեշտը նա դնում է երկրի քաղաքական իրադարձությունների եւ դրանց գլխավոր դերակատարների վրա: Այսպես, Օմ Քալսումը, օրինակ, Նասերի կառավարության անխոնջ պաշտպանն էր: Նրան համարում էին «արեւելքի աստղը» (Քաուքեբ էլ շարք): Իր լեգենդար թաշկինակով եւ սեւ ակնոցներով նա «ամենքի կողմից հարգված տիկինն էր» (սիթթել-քոլ): Կենցաղային իրերիցՙ տրանզիստորը, որ նոր-նոր էր եգիպտական շուկա «ներխուժել», իր ասելիքը ժողովրդին հասցնելու Նասերի նախասիրած միջոցն էր: Մուրճն ու մանգաղըՙ նրա քաղաքական ուղղվածության եւ Խորհրդային Միության օժանդակությամբ Ասուանի մեծ ջրամբարի շինարարության վկայությունը:

Ծանոթ լինելով գործվածքների վրա նկարներ դրոշմելու արվեստին, Ավետիսյանը համարձակորեն կարողանում է ստեղծել նաեւ այլ խորհրդապատկերներ: Օրինակՙ երկու ալիքաձեւ գծերի եւ երեք շրջանակների (համապատասխանաբար վագրի եւ ընձառյուծի խորհրդանշանները) միջոցով ներկայացնել օսմանյան սուլթանների իշխանության ուժն ու կարողությունը: Կամ մի այլ կտավում ուրիշ խորհրդանշանների միջոցով ճշգրտորեն վերարտադրել գաղութատիրության թողած ժառանգությունն ու արաբական ազգայնականույթան զարթոնքը:

Այս խորհրդանշանների կողքին, Ավետիսյանն իր կտավներում մեծ վարպետությամբ օգտագործում է նաեւ արաբական եւ լատինական տառատեսակներ եւ հին եգիպտական խորհրդապատկերներ: Անուբիսին, օրինակ, որին նա պարզապես «շուն» է անվանում, մենք տեսնում ենք Ասուանում գտնվող զբոսաշրջիկների սիրելի «Կատարակտ» հյուրանոցի ներքեւի մասումՙ շրջված ձեւով: «Մենաշան»ՙ նպատակ ունի արտահայտելու Եգիպտոսի հին հուշարձանների նկատմամբ արեւմուտքի ունեցած անհագ շահերի հետապնդումը: Այնտեղ է նաեւ Իբիսըՙ այդ սրբազան թռչունը: Այդ բոլորի հայտնվելը կողք-կողքի թույլ է տալիս որոնել հետաքրքրական բացատրություններ Ծոցի պատերազմի, Օմ Քալսումի առաքելության եւ այլ հասարակական ու քաղաքական երեւույթների մասին:

Նրա եռապատկերներում նրբորեն եւ ամենայն մանրամասնությամբ են ներկայացված Մաամուրան (Ֆարուք թագավորի ամառանոցային հանգստավայրը), Կահիրեի Մոհամեդ Ալի փողոցը, թագավորների հովիտը, Նուբիական ավանը, հարուստ վաճառականի առանձնատունը եւ Ֆելլահի հասարակ բնակարանը:

1973 թվին Կահիրեի «Արեւ» օրաթերթի թղթակցուհի Մարո Սագայանին տված իր հազվադեպ հարցազրույցներից մեկում Ավետիսյանը գտնում է, որ «իրական ուսումը անձի մը խորքին մէջն է եւ ոչ դուրսի տուեալներուն», եւ որ պիտի ցանկանար «միշտ անկեղծ ըլլալ անձիս եւ գործերուս հանդէպ»: Եվ ամենակարեւորըՙ «երբեք չկարծել, որ հասած եմ արուեստագէտի տիտղոսին, որն ըստ իս գոյութիւն չունի երբեք: Պիտի ջանամ ըլլալ միշտ հետաքրքիր եւ պրպտող»: («Արեւ», 1 օգոստոսի, 1973 թ.):

Վստահ լինելով, որ նա ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ պրպտող արվեստագետ է, նրան հարատեւություն, նորացող եռանդ ու կորով եւ անվերջ հաջողություններ ենք ցանկանում, խորհուրդ տալով միաժամանակ լինել ավելի դյուրահաղորդ:

Ծանոթագրություն

1. Ռոուզ Իսսան նաեւ գրող եւ պրոդյուսեր է: Լոնդոնի «Բարբիկան Արվեստի կենտրոնի», «Լեյտոն Հաուս» թանգարանի եւ այլ մշակույթի հաստատությունների համագործակցությամբ կազմակերպել է ցուցահանդեսներ եւ ֆիլմերի փառատոներ: Մեծապես օգտակար խորհուրդներ է տվել այդ հաստատություններին ձեռք բերելու արվեստի գործեր Մերձավոր Արեւելքի երկրներից: Վենետիկի 50-րդ բիենալեում «Ազգային տաղավարների» ժյուրիի անդամ է եղել:


Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011062502

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1078 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Amber   (04.03.2012 04:35) [Նյութ]
I went to tons of links before this, what was I thkining?

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0