Ուրբաթ, 26.04.2024, 07:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » Հայկական ֆիլմերի ոդիսականը
16:29
Հայկական ֆիլմերի ոդիսականը
հայկական կինոնկար
Երբևիցե եղե՞լ է, որ կինոթատրոն գնաք և «Սարդ մարդը-2»-ի կամ «Sgooby Doo»-ի փոխարեն դիտեք հայկական որևէ կինոնկար: Հավանաբար, ոչ: Երբևէ գովազդային հոլովակներում տեսե՞լ եք, որ ենթադրենք`  նշվի, թե  մայիսի 11-21-ը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր:

Կինոթատրոնները հայկական արտադրության ֆիլմեր երբեմն-երբեմն ցուցադրում են, դրանք հիմնականում արտադրում են մեր տեղական հեռուստաընկերությունները: Խրախուսելի է, որ կինոարտադրությունը որոշ զարգացում է ապրում, եթե համեմատենք նախորդ տասնամյակի հետ, բայց, ընդհանուր առմամբ, լուրջ, էական առաջընթաց դեռևս չի նկատվում:

Ներկայումս հայկական կինոշուկայում ավելի մեծ տարածում է գտել հատկապես արտասահմանյան գիտաֆանտաստիկ ֆիլմերի ցուցադրումը: Ոչ մի կինոթատրոնի ֆիլմերի ցանկում հայկականը, ցավոք, տեղ չի գտել:

Ռեժիսոր Արկա Մանուկյանը կարծում է, որ հայկական ֆիլմերի քիչ լինելը կամ չլինելը կապվում է սերունդների անհամաձայնության հետ.

-Երիտասարդ սերունդն ասելիք ունի, ցույց տալու բան ունի, իսկապես նկատելի է նոր մտածողությունը, բայց ավագ սերունդը չի հետաքրքրվում երիտասարդներով, չի նայում այդ ֆիլմերը: Երիտասարդ ռեժիսորներն էլ հիմնականում հիասթափվում են, քանի որ բախվում են արհամարհանքի փակ դռանը: Պետական միջամտություն ու դրամաշնորհներ երիտասարդներին բաժին չի հասնում, և վերջիններս էլ որոշում են համագործակցել մասնավոր ընկերությունների հետ,- ասում է Արկա Մանուկյանը և հիշում մի հետաքրքրական պատմութուն:- «Կինոաշուն» փառատոնն էր ընթանում, քննարկումներից մեկի ժամանակ քննադատ Սուրեն Հասմիկյանն ասաց. «Քանի որ ռեժիսորներ այստեղ ներկա չեն, մենք մասնագիտական ավելի խորը վերլուծություն չենք անի»: Ես ի պատասխան Հասմիկյանին ասացի, որ ես ու ընկերս ռեժիսորներ ենք, բայց նա մեզ չէր ճանաչում: Կարծում եմ` ամեն դեպքում մեր ավագ սերնդի ամենօրյա անհանգստության թեման պետք է լինի կինոյի այսօրվա ապագան: Բայց հավաստիացնում եմ, որ ավագ սերնդից և ոչ ոքի դա չի հետաքրքրում:

Եթե մի հեռուստաալիքով ցուցադրում են «Կտոր մը երկինքը», իսկ մյուսով` «Սպանել Բիլլին» ֆիլմը, ապա հասկանալի է, որ հեռուսադիտողների մի մեծ բանակ կնախընտրի դիտել «Սպանել Բիլլին» կինոնկարը, մինչդեռ մեզ համար ավելի հարազատ են մեր` հայկական ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասում է, որ  հայկական ֆիլմերն այնքան էլ տարածված չեն, եկամուտ չեն բերում և մեծ լսարան էլ չունեն: Ճանաչված վավերագիրն ասում է, որ երիտասարդ սերունդը ասելիք ունի, բայց իրականում հնարավորություններն են քիչ:

Հարություն Խաչատրյանի խոսքով` «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում, և որոշ բացառություններով կան նաև թե՛ կրտսեր, թե՛ ավագ սերնդի հայազգի ռեժիսորների աշխատանքներից:

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի կենտրոնական անձը հայն է` իր խնդիրներով ու տառապանքներով, նաև` ապագայի հույսով: Վավերագիրը մտահոգություն ուներ, որ «Սահմանը», «Սպիտակ քաղաքը», «Կոնդը» և նմանատիպ բովանդակության այլ ֆիլմերը չեն դիմանա ժամանակի քննությանը, բայց  առանձնակի հպարտությամբ է փաստում.

-Ասեմ, որ ապացուցվեց հակառակը: Արձագանքներից հասկանում եմ, որ տասնյակ տարիներ գլորած այս ֆիլմերն ամեն անգամ մարդիկ նորովի ու նոր հետաքրքրությամբ են դիտում:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն էլ, ի պատասխան «Անկախ» շաբաթաթերթի այն դիտարկմանը, թե ինչու կինոթատրոններում հայկական ֆիլմեր չեն ցուցադրում, նշում է.

-Ես կարծում եմ, որ հայկական ֆիլմեր ցուցադրում են, բայց միայն այն ֆիլմերը, որոնք շնորհանդես են անում: Ուշի-ուշով հետևում եմ այդ գործընթացներին և պետք է ասեմ, որ մենք ֆիլմեր քիչ ենք արտադրում, տարեկան 3-4 ֆիլմ: Բնականաբար, տարվա ընթացքում այդ ֆիլմերը դաշտում չեն էլ երևում:

Այն հարցին էլ, թե ինչու հայկական ֆիլմերը եկամտաբեր չեն, Ռուբեն Գևորգյանցը փաստում է.

-Կինոթատրոնները մասնավոր ընկերություններ են, որոնք միշտ էլ շահույթ են ակնկալում: Հայկական մեր ֆիլմերը շահույթ չեն կարողանում ապահովել: Ցավոք, դա  իրականություն է: Ես չեմ ասում, որ ֆիլմը պետք է միայն եկամուտ բերի, բայց շահույթն էլ կարևոր է, անհրաժեշտ է:

Կինոգործիչների միության նախագահն ասում է, որ ինքն անմիջական կապի մեջ է երիտասարդ սերնդի հետ, խրախուսում է նրանց, խորհուրդներ տալիս, երբեմն էլ իր կարծիքն է հայտնում:

-Շնորհալի շատ երիտասարդներ կան: «Ես եմ» փառատոնը հենց ապացուցում է այն, որ մենք ուզում ենք ճանաչել երիտասարդ ռեժիսորներին, տեսնել նրանց ֆիլմերը, կինոմտածողությունը, արվեստի նկատմամբ վերաբերմունքը: Ես հիմա Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կուրս ունեմ ու ասեմ, որ շնորհալիներ շատ կան:

ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի մագիստրոս Աննա Գրիգորյանն էլ ասում է, որ մեր երկրում դժվար է ֆիլմ նկարահանելը.

-Օգնելու փոխարեն շատերն անում են ամեն ինչ, որ հիասթափվես: Հիմա Երևանի մասին ֆիլմ եմ նկարահանում, ոմանք, տեսնելով նկարահանման աշխատանքների ընթացքը, փորձում են անել ամեն ինչ, որ ֆիլմը ձախողվի: Մեր ավելի տարիքով ու փորձառու ռեժիսորները նոր մտածողություն, նոր մոտեցում չեն ընդունում:

Սա իմ մասնագիտությունն է: Ինչպես բոլոր այլ մասնագիտությունների դեպքում, այստեղ ևս սերունդների անհամաձայնություն կա, հասկանալի է… Ուղղակի ես մի բանով եմ հայտնի իմ համակուրսեցիների ու դասախոսների շրջանում. շատ եմ աշխատում:

Իսկ թե երբ հայկական ֆիլմերը կզբաղեցնեն իրենց հաստատուն տեղը մեր կինոթատրոնների ցուցադրման ծրագրում, դժվարանում են ասել թե՛ կինոշուկայի ներկայացուցիչները, թե՛ կինոգործիչները:
 
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ


Աղբյուր`http://ankakh.com/2011/06/127197/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 920 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Chassidy   (14.10.2012 10:03) [Նյութ]
This has made my day. I wish all psonitgs were this good.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0