Հինգշաբթի, 25.04.2024, 17:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » Կոնսերվատորիայում ոչինչ չի փոխվում՝ ամեն ինչ փտել է
12:51
Կոնսերվատորիայում ոչինչ չի փոխվում՝ ամեն ինչ փտել է
Շահեն Շահինյան
Օրեր առաջ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դադարեցրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները՝ հիմք ընդունելով վերջինիս դիմումը: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը:

Սակայն կոնսերվատորիայի ներսում այս փոփոխության հետ առանձնակի հույսեր չեն կապում՝ պատճառաբանելով, թե անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, եւ որ այստեղ վաղուց ի վեր անձնական շահերը գերակայում են  երաժշտական շահերին: Որեւէ փոփոխության հնարավորությունը բացառում են նախկին ռեկտոր, այժմ Ռուսաստանում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանի գործոնով, ով նաեւ բուհի մեծ խորհրդի նախագահն է:

Ավելին` Սմբատյանին շարունակում են համարել կոնսերվատորիայի ստվերային ռեկտորը, առանց ում ոչինչ չի որոշվում, եւ ում անմիջական մասնակցությամբ է նշանակվել Սարաջյանը եւ այժմ էլ՝  Շահինյանը: Թերեւս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրերս հայ երգարվեստի մի շարք կարկառուն դեմքեր նամակով դիմել են ՀՀ նախագահին եւ նշել, որ կոնսերվատորիային անհրաժեշտ է մարդ, ով կգործի երաժշտական շահերից ելնելով:

Կոնսերվատորիայում տիրող տրամադրությունները պարզելու համար զրուցեցինք շատերի հետ: Ոմանք չցանկացան, որ իրենց անունները գրվեն, բայց խոսեցին. «Բացի մի քանի կաբինետներից, մնացած պայմաններն ուղղակի ստորացուցիչ են: Ուսանողի հետ խոսում ես Բեթհովենի, Շոպենի մասին, բայց ամաչում ես, որովհետեւ սենյակի փոշուց ասթմատիկ հազ է բռնում»: Փոշին դեռ չարյաց փոքրագույնն է, իսկ խարխլված դռները, պատուհանները, մանրահատակն ու հատկապես զուգարանները:

Ինչ վերաբերում է Սմբատյանի գործոնին, ապա. «Դա կա, բայց թող մեզնից դուրս չգա: Դուք հասկանո՞ւմ եք մեր վիճակը, մենք ներսի մարդ ենք, շատ ինֆորմացիայի ենք տիրապետում, բայց չենք կարող մեզ հարվածի տակ դնել, հետո դեռ սպասելիքներ ունենք նորից»: Շատերի կարծիքով՝ կոնսերվատորիայում հնարավոր չէ, որ մի «տերեւ» շարժվի առանց Սմբատյանի իմացության, եւ նա, որպես կանոն, առաջնորդվում է «ծանոթ-բարեկամ» տարբերակով:

«Նա թե Մոսկվայի իր լծակները, թե Սպիվակովի հիմնադրամը, որի տնօրենը կինն է, օգտագործում է միայն իր նպատակների համար: Կոնսերվատորիայի մեծ մասը՝ լսարաններով, գործիքներով հանդերձ, ավերված վիճակում է, բայց մի վայրկյանում իր տղայի համար (Հայաստանի երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյան) 4-րդ հարկում բոլոր հարմարություններով փորձասենյակ ստեղծեց»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:

Մի հոգեբանություն է աշխատում՝ գրպանիս չկպնես

Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի կարծիքով՝ դասակարգային անհավասարություն կա անգամ ադմինիստրացիայի ու մնացած հարկերի միջեւ: «Կլանային մտածելակերպը չի նպաստի, որ կոնսերվատորիան ծաղկի: Այստեղ ընդամենը մի հոգեբանություն է աշխատում՝ գրպանիս չկպնես՝ ինչ ուզում ես ասա, թքի երեսիս, մենակ գրպանիս մի կպնի: Ոչինչ չի փոխվում, որովհետեւ ամեն ինչ փտել է, հարկավոր է 1-2 սերունդ, որպեսզի նոր մտքեր առաջանան: Հավատ ու լավատեսություն չունեմ»,- նշեց պարոն Սարգսյանը՝ իրենց աշխատանքն այսօր համեմատելով մահապարտների հետ:

Դժգոհությունն ավելի է աճել, երբ անցած տարի մի շարք ժամ կրճատելու հաշվին պրոֆեսորի աշխատավարձը 50-ից դարձել է 30 հազար դրամ: Կոմպոզիտորը չի հավատում նաեւ փող չլինելու պատճառաբանություններին. «Ես կարող եմ Ձեզ հավատացնել, որ եթե փորձենք իմանալ, թե գումարը որտեղ եւ ինչ ճանապարհներով է գնացել, ապա աշխարհի ամենալավ հետախույզն էլ չի կարող հետքը գտնել»:

Ինչ վերաբերում է նորանշանակին. «Էլի նշանակվել է մարդ, ով շարունակում է այդ գիծը, ու դրա համար մարդկանց մոտ այս հույսը մարել է: Իսկ դա չեղավ զարգացում, դա աշխատողների մոտ առաջացնում է ստրկատիրական մտածողություն: Եթե մի բան ես անում, պիտի ի օգուտ կոնսերվատորիայի անես, որովհետեւ դասատուները խեղճուկրակ վիճակում են, նրանց բարեկամներն են օգնում: Եթե կոնսերվատորիան հեղինակություն չունի, փակեք՝ գնանք մեր տները, դառնանք վայրենիներ, բայց մի ասեք՝ հին ազգ ենք. դա արդեն կեղծավոր բան է, ինչքա՞ն կարելի է անցյալով ապրել: Չկան Արամ Խաչատրյանի նման կոմպոզիտորներ, որ կարողանային խառնվել, իսկ մեզ զրկել են հեղինակությունից, բերանդ փակել են, որ ձեն չհանես, չե՞ս ուզում աշխատել, գնա՝ ուրիշը կգա քո տեղը»:

Ռուբեն Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ ուսումնական եւ ոչ ուսումնական գրականություն կա, որոնք չեն թարգանվում, եւ ուսանողներն էլ չեն կարդում: Մինչդեռ մթնոլորտը պետք է նաեւ ուսանողին թելադրի, որ ամոթ է վատ սովորելը. «Եթե մթնոլորտը փոխվի, դասախոսն էլ ավելի լավ կաշխատի, ուսանողն էլ լավ կսովորի, բայց հիմա միեւնույն է՝ ուզում ես լավ աշխատի, ուզում ես վատ»: Ըստ Սարգսյանի, կան ուսանողներ, որոնց մակարդակն այնքան ցածր է, որ ոչ թե ծիծաղելի, այլ լացելու պատասխաններ են տալիս: Նա օրինակ բերեց, երբ 2-րդ կուրսի ուսանողներից մեկը քննության ժամանակ ասել էր՝ Մոցարտը Երեւան է եկել 10 թվին: Երբ դասախոսը հետաքրքրվել է, թե ո՞նց կարող է նման բան լինել, ուսանողն ասել է՝ Դուք եք ասել: Պարզվել է, որ դասախոսություն կարդալու ժամանակ դասախոսն ասել է՝ Մոցարտի արվեստում երեւան է եկել…:

50 հազար աշխատավարձը՝ «կատաստրոֆա»

Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը չցանկացավ խոսել կենցաղային պայմաններից, նշելով, որ դրանք իսկապես շատ վատ վիճակում են, եւ ֆինանսական խնդիրների պատճառով նորոգման  աշխատանքները կեսից դադարեցվել են: «Պատուհանները մոտավորապես 40-50 տարվա են եւ պետք է փոխել, բայց կան ավելի կարեւոր խնդիրներ՝ գործիքները: Անցած տարի մենք գրանտ շահեցինք ճապոնական կազմակերպության հետ, եւ այսօր կոնսերվատորիան դաշնամուրների հետ կապված խնդիր չունի, բայց կա գործիքների խնդիր՝ փողային, ժողովրդական գործիքների բաժնում, որտեղ հիմնականում ուսանողներն օգտագործում են իրենց գործիքները»:

Անդրադառնալով պրոֆեսորների 50 հազար դրամ աշխատավարձին՝ նա նշեց, որ դա լուրջ «կատաստրոֆա» է բուհի համար, եւ ամեն հնարավոր բան պիտի անեն աշխատավարձը բարձրացնելու համար: Շահինյանի այս խոսքերը, որպես նախընտրական խոստում, վատ չէին դիտվի, եթե հավելեր. «Շատ լուրջ մասնագիտական հանձնաժողովներ կկազմվեն, որոնք կանցկացնեն ատեստացիաներ, եւ բավականին մարդիկ կկրճատվեն, ինչը կսկսվի ադմինիստրացիայից»: Մենք հետաքրքրվեցինք կոնսերվատորիայի վեբ-կայքով, որը երկլեզու է՝ ռուսերեն եւ անգլերեն, հայերենը չկա, ինչը «Լեզվի մասին» օրենքի խախտում է: Շահինյանը համաձայնեց. «Սխալ է, որ հայերեն չկա, պետք է շտկվի», տեխնիկական խնդիր է եղել:

«Մսի պասաժները» դարձան փիառ ակցիա

Շահեն Շահինյանն անդրադարձավ մամուլում տարածված լուրերին, թե մսի պասաժներ ունի Գումի շուկայի մոտ, նշելով, որ այդ լուրերն անգամ փաստաթղթերով է հերքել, կամ էլ պահանջեց՝ թող այդ խանութի հասցեն իրեն տան: Երբ նկատեցինք, թե ինչո՞ւ՝ վատ չէ մսի պասաժ ունենալը, համաձայնեց. «Լավ կլիներ, որ Հայաստանում էլ երաժիշտներն ունենային իրենց փոքրիկ բիզնեսը, որը, իմ կարծիքով, երաժիշտի համար ամենաերազելի բանն է», ինչի արդյունքում, ըստ նրա, կբարձրանա երաժիշտի աշխատունակությունը: Գուցե մրցակիցների ձեռքի գո՞րծն է՝ նախընտրական փիառ. «Սկզբում ամաչեցի, երբ բոլորը գալիս-ասում էին՝ ինչ լավ է, որ Դուք բիզնես ունեք, բայց հետո Ձեր տարիքի մարդիկ ասացին՝ ի՞նչ եք խոսում՝ դա լուրջ փիառ էր Ձեզ համար»: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա դրանք անպայման կան. «Եթե ես իմանայի, որ մրցակիցներ չեմ ունենալու, ուրեմն կոնսերվատորիան էլ չէր փրկվի, ու ոչ մեկը չէր կարողանա փրկի»: «Շատերն ասում են՝ շատ վատ է վիճակը, պարզապես սխալ բաներ կան, որոնք պետք է շտկել»:

Սմբատյանի դերակատարման մասին էլ ասաց. «Արմեն Սմբատյանն ընտրող խորհրդի նախագահն է, որ նշանակվում է կառավարության կողմից, նա իմ ընկերն է, ես շատ հարգում, սիրում եմ նրան, բայց այս խոսակցությունները վիրավորական են նաեւ այն մարդկանց համար, ովքեր ստորագրում ու նշանակում են ինչ-որ մեկին: Կարծում եմ՝ Արմեն Սմբատյանն այն մարդկանցից չէ, որ կարողանա նախարարի վրա ազդել, իսկ սովորաբար նշանակում են այն մարդկանց, ովքեր կարող են կամակատարներ լինել, ինձ ճանաչողները գիտեն, որ ես ինչ-ինչ թերություններ ունեմ, բայց ոչ մեկի կամակատարը չեմ լինի»:

Ապա հեգնելով իր՝ մսի պասաժներ ունենալու լուրը, նշեց՝ քանի որ սեփական բիզնես ունի, ապա ֆինանսական ակնկալիքներ չունի կոնսերվատորիայից: «Ես շահագրգռված եմ, որ այս անգամ կոնսերվատորիան էլ ցույց տա իր փորձով, որ ամենաթափանցիկ ձեւով կանցկացնի ընտրությունը»,- նշեց վճռականորեն տրամադրված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը եւ հավելեց. «Եթե զգամ, որ գիտխորհրդի 90 տոկոսն ինձ չի վստահելու, իմ թեկնածությունը չեմ դնի»:

Գոտկատեղից ներքեւ հարված չէ

Ինչ վերաբերում է կոնսերվատորիայի մոնոպոլիզացված ու փակ համակարգ լինելուն, հարցն ակնհայտորեն դուր չեկավ Շահեն Շահինյանին, եւ նա առաջարկեց դիմել աշխատասենյակում ներկա ու մեր զրույցն ունկնդրող 2 դասախոսներին. «Այդ մասին իմ աչքի առաջ հարցրեք նրանց, ես նրանց մոտ աշակերտ եմ եղել, նրանք ինձնից չեն հուզվի… Հենց հիմա հարց տվեք՝ իրենք կասեն»: Հրամայական տոնով կրկնում էր նա, մատնացույց անելով սենյակում իրեն սպասող պարոններին, անընդմեջ հորդորելով հենց իր աչքի առաջ հարցնել, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում կոնսերվատորիայի կլանային համակարգի մասին լուրերը: Ժամանակավոր պաշտոնակատարի տոնը չմեղմացավ, երբ ասացի, որ մարդիկ իրենց տեղը կորցնելու վտանգ ունեն:

«Չի ծնվել մի մարդ, որ կարողանա իրենց տեղից հանել»,- ապա քիչ ավելի մեղմ ավելացրեց. «Դժվար է լինել առաջին դեմք, եթե ունես ծրագիր, ունես ազնվություն, հայ ես եւ ղեկավարելու ես Կոմիտասի անունը կրող շենքը, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, ու դա վերաբերում է բոլոր թեկնածուներին»: Հետաքրքրվեցինք հայ արվեստագետների նամակով: Պարզվեց՝ նա ոչ միայն տեղյակ է, այլեւ իր դարակից հանեց դրա օրինակը. «Նորմալ եմ համարում: Ով որ կազմակերպել է, ինքն իր ձեռքով բերեց-տվեց այդ նամակը, որ ուրիշ խոսակցություններ չլինեն: Կարծում եմ՝ այս ցուցակից գոնե կեսը, եթե ես էլ խնդրեմ, ինձ համար էլ կստորագրեն, եւ եթե ինձ էլ խնդրեին, ես էլ կստորագրեի, այնպես չէ, որ դա գոտկատեղից ներքեւ հարված է»:

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/06/vochinch-chi-poxvum/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 824 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Rose   (13.12.2013 11:00) [Նյութ]
I like to party, not look arlcites up online. You made it happen.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0