 Report.am-ի զրուցակիցը Հայոց ցեղասպանության մասին պատմող "Առաքել" ֆիլմի բեմադրիչ-ռեժիսոր, դերասան Զոհրաբ Բեկ-Գասպարենցն է: Նա ներկայում բնակվում  եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում:
  - Պարոն Բեկ-Գասպարենց, երկար ժամանակ է` Հայաստանում չեք: Այստեղ Դուք զբաղված էիք թատրոնում, ֆիլմերում էիք նկարահանվում. ինչո՞ւ գնացիք: 
  - Եթե ես հիմա Ամերիկայում եմ, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, դա իմ կյանքի ընթացքի մասն է: Եվ ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ում եմ, քանի որ այստեղ` համաշխարհային կինոյի մայրաքաղաքում, լցվել եմ տարբեր մշակութային եւ հոգեւոր արժեքներով: Դրանք մի օր ես ծառայեցնելու եմ իմ ազգին:
  - Հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմանները դեր խաղացի՞ն Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելու Ձեր որոշման կայացման ճանապարհին:
  - Երբ եկա ԱՄՆ, ի սկզբանե մտադիր չէի մնալ: Կյանքի հանգամանքները դրդեցին:
  - Նախ որպես բեմադրիչ-ռեժիսոր, դերասան, ապա նաեւ որպես ՀՀ քաղաքացի, մեր երկրում գնահատված լինելու խնդիր ունեի՞ք:
  - Հանդիսատեսի կողմից իմ կատարած աշխատանքը մշտապես գնահատվել է: Եվ ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի գնահատանքն է:
  - Ներկայում ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:
  - Իմ գործն են անում. ներկայում համագործակցում եմ "USArmenia" hեռուստաընկերության հետ, նաեւ աշխատում եմ "Pacific Max" փրոդաքշնում:
  - Կապեր ունե՞ք հայ համայնքի հետ: "Հայկական հավաքներ" կազմակերպվո՞ւմ են: 
  - Ամերիկահայերի հետ շփվում եմ, բայց, անկեղծ ասած, "ժողովներ" դեռ մանկուց չեմ սիրել եւ չեմ մասնակցել:
  - Հեռվից հեռու հետեւո՞ւմ եք հայաստանյան մշակութային իրադարձություններին: Ինչպե՞ս կգնահատեք դրանք:
  - Հետեւում եմ համաշխարհային մշակութային իրադարձություններն. դրա մեջ հայկականն էլ է մտնում:
  - Մի շարք կինո եւ թատերական փառատոներ են կազմակերպվում Հայաստանում, որոնց շրջանակներում Ձեզ չենք տեսնում` ո'չ որպես ժյուրիի անդամ, ո'չ որպես մասնակից: Ինչո՞ւ:
  - Ժյուրին դատավորների կարգավիճակ է ապահովում որեւէ մասնագետի համար, իսկ ես դատելու հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ: Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա ասեմ, որ շուտով երեւանյան հանդիսատեսն ինձ կտեսնի բեմում:
  - Թատերասեր հանրությունը սկսում է մոռանալ Ձեզ. դա Ձեզ մտահոգո՞ւմ է:
  -Վստահ եմ, որ իմ հանդիսատեսին երկար չեմ սպասեցնի, իսկ հանդիսատեսն իր համար ընդունելի արտիստներին, իմ կարծիքով, չի մոռանում:
  - Ե՞րբ կվերադառնաք:
  - Ես ԱՄՆ-ի մշտական բնակիչ եմ, սակայն դա ինձ չի խանգարում հայ մնալ եւ գործել, ստեղծագործել, մտածել իմ ազգի համար:
  Զրուցեց ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 
 
  Աղբյուր`http://www.report.am/news/culture/bek-gasparenc.html
 
  
		
	  |