160 տարի առաջ այս օրը` 1851թ-ի օգոստոսի 2-ին, Կոստանդնուպոլսում ծնվել է եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ Պողոս Նուբարը (Պողոս փաշա Նուբարյան), վախճանվել է 1930 թ.-ին:
Պողոս Նուբարը (Նուբարյանը) հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ և ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրն ու առաջին նախագահը։
Պողոս Նուբարի անհատականության վրա անշուշտ մեծ ազդեցություն է ունեցել նրա հայրը՝ Նուբար Նուբարյանը (Նուբար փաշան) (1825-1899), ով եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա։
Պողոս Նուբարը մասնավոր կրթություն ստանալուց հետո, հիմնավոր երկրագործական կրթություն է ստացել նախ Ֆրանսիայում, ապա Շվեյցարիայում։ Ավարտելուց հետո որպես ճարտարագետ-երկրաչափ աշխատել է Ֆրանսիայի հանքերում, ստեղծել է կարծր հողերի հերկման առաջին ինքնաշարժ արորը (տրակտորը), որի համար 1900 թ. Փարիզի ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետության խաչը, ինչպես նաև Ֆրանսիայի երկրագործության ընկերակցության ոսկե շքանշանը։ 1912 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Պողոս Նուբարը նշանակվել է Հայ Ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ:
Պողոս Նուբարը եղել է լիբերալ կուսակցության անդամ, հայկական ազգային շարժման առաջնորդներից մեկը և հիմնադիրը ՀԲԸՄ-ի (1905թ-ի ապրիլի 15-ին): 1906-1928թթ. եղել է ՀԲԸՄ-ի առաջին նախագահը:
Պողոս Նուբարին շնորհվել են Բելգիայի «Ordre de Leopold» և եգիպտական «Mejideh», «Osmanineh» և «Nile» պատվավոր կոչումներ և շքանշաններ նրա հռչակավոր գործերի համար:
Նուբարը մահացել է 1930 թվականին, իր սիրելի կնոջ՝ Մարիի մահվանից մեկ տարի անց, իր ողջ կյանքի ընթացքում անսահման նվիրվածությամբ ծառայել է հայ ժողովրդին ու հայրենիքին: