Երեկ երեւանցիների համար տոն էր. Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը լեցուն էր նրա արվեստի սիրահարներով, մարդկանցով, ովքեր անկեղծ խոսքի ծարավ են, ովքեր չեն ընդունում այսօր հեռուստաէկրաններից քարոզվող եւ պետականորեն հովանավորվող ցածրաճաշակ երաժշտությունը:
Ռուբեն Հախվերդյանի համերգն ավելի շուտ մտերմիկ երեկո էր, որի ընթացքում նա կիսվում էր իր մտքերով ու խոհերով հանդիսատեսի հետ, եւ այնքան հոգեհարազատ էին նրա գաղափարները երեկոյի մասնակիցներին, որ ոչ միայն երգերից հետո, այլեւ խոսքերից հետո էին բուռն ծափողջույններ հնչում: Հախվերդյանը մի քանի անգամ երեկոյի ընթաքում կրկնեց, որ շատ պարտավորեցնող է այսօրվա հանդիսատեսը, քանի որ հիմնականում միջին եւ բարձր տարիքի մարդիկ են, ոչ թե երիտասարդներ, որոնց շատ հեշտ է «խաբելը»:
Ռուբեն Հախվերդյանը ներկայացրեց իր հին եւ նոր երգերը` ամեն երգի հետ պատմելով դրա ստեղման նախապատմությունը:
Նրա ամենահին երգերն անգամ այսօր արդիական են հնչում: «20 տարի նույն բանն եմ ասում, ոչինչ չի փոխվում»,-նկատեց Ռուբեն Հախվերդյանը: