«Ինչ-որ դիլետանտ որոշում է` տարին մեկ խոսել`ունե՞նք գրականություն, թե՞ ոչ: Եթե գրականություն չլիներ, այս հարցադրումն էլ անիմաստ կլիներ: Ես գարշում եմ այն հարցադրումից, թե ներկայում գրականություն չունենք»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:
Ըստ նրա՝ հասարակությունը ներկայում բացարձակ անտեղյակ է, թե ինչ գրքեր են տպագրվում, ինչ գրողներ ունենք: «Դա նշանակում է, որ հասարակությունը շարունակում է չկարդալ: Այսօր կա արդի հայ գրականություն, այն ստեղծվում է: Խնդիրը ընթերցողներ մեջ է, որոնք չեն կարդում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ 21-րդ դարի գրականությունը պարզունակ ուղեղների համար չէ, և պետք է վերագնահատել արժեքները, քանի որ դրանք ճիշտ չեն քարոզվում:
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ քննարկումներն արդեն 10-20 տարի չեն դադարում: «Նմանատիպ հարցադրումներին պատասխան ենք տալիս տպագրված գրքերի թվով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անկախությունից հետո լույս է տեսել առնվազն 100 արժեքավոր գիրք:
Ա. Նիկողոսյանի խոսքով՝ տեղի է ունեցել խոսքի՝ որպես հոգևոր-մշակութային արժեքի, անկում, մշակութային չափանիշների ձևախեղում, ու բնավ էլ պատահական չէ, որ հասարակության մեծ մասն այսօր նախընտրում է կարդալ գլամուրային ամսագրեր, յուրացնել հեշտ մարսելի մշակութային միջոցառումներ:
«Շատերին այսօր ավելի շատ հետաքրքրում է Արամեի կոշիկի համարը, քան Հովհաննես Գրիգորյանի կամ Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունները»,- վրդովված ասաց գրաքննադատը՝ հավելելով, թե իսկապես եկել են «ոգու սովի» ժամանակները:
«Զզվում եմ, որ հասարակությունն իր ոչ ինտելեկտուալ լինելու մեղքը գցում է գրականության վրա»,- ասաց Ա. Նիկողոսյանը:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30252.html
|