Գլխավոր » 2011»Օգոստոս»25 »
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայկական ներկապնակ»-ի մասնակիցներին
03:31
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայկական ներկապնակ»-ի մասնակիցներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է «Հայկական ներկապնակ» նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին' ուղեկցությամբ Սերգո Երիցյանի եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին' Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել կարուոր այս նախաձեռնության կազմակերպիչներին: Ամենայն հայոց հայրապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք զորացնում են ժողովուրդների միջեւ մշակութային կապերը' այդպիսով նպաստելով եղբայրության եւ համագործակցության առավել ամրապնդմանը: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային այս փառատոնը շարունակական կդառնա' առիթ ընծայելով արվեստագետների նորանոր շփումների եւ փորձի արդյունավետ փոխանակման:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գեղանկարներին, դրանց համալրման, ընտրության եւ ձեռքբերման սկզբունքներին: Նորին Սրբությունը նկարիչներին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկային Մայր Աթոռում իբրեւ պատկերասրահ կսկսի գործել Խրիմյան թանգարանը, ուր ցուցադրվելու են ինչպես Արշիլ Գորկու նկարները, այնպեսեւ ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ: