Խնկո Ապոր անվան գրադարանի նախասրահն այդ օրը` հունիսի 16-ին, լցված էր Ջոյսերով: «Ուլիսեսի» հեղինակն այդ օրը ժամադրում է կնոջը` Նորային, ինչն էլ հավերժացնում է վեպում: «Ուլիսեսում» նկարագրված բոլոր իրադարձությունները կատարվում են այդ օրը` 1904 թ. հունիսի 16-ին, որը հայտնի է որպես Բլումի օր:
Բլումը վեպի գլխավոր հերոսն է: Ասում են` Ջոյսի կինը` Նորան, հեռու է եղել գրականությունից և չի էլ կարդացել «Ուլիսեսը», սակայն դա չխանգարեց, որ իռլանդացի գրողը մեծարի կնոջն ու իրենց հանդիպման օրը հավերժացնի հսկայածավալ վեպով:
Մոտ կես տարի առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Մկրտչյանը թարգմանել է աշխարհի ամենադժվարընթեռնելի վեպերից մեկը` «Ուլիսեսը»: Այն աշխարհում թարգմանվել է շատ քիչ լեզուներով, իսկ հայ թարգմանական գրականության մեջ այն կզբաղեցնի պատկառելի տեղ, քանի որ խորհրդային տարիներին թարգմանված արտասահմանյան գրականության մի զգալի հատված թարգմանվել է ռուսերենից:
Թարգմանիչը գրքի շնորհանդեսը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ սպասում էր Բլումի օրվան: Իսկ այդ օրը Խնկո Ապոր անվան գրադարանում հավաքվել էր հայ մտավորականության սերուցքը. Տիգրան Մանսուրյան, Գրիգոր Պլտյան…այլք
- Բոլորն այստեղ են,- մտածում եմ:
«Ջոյսը մեծ է, բոլորն են գալիս Ջոյսի մոտ»,- լսում եմ կողքից: Տարեց և պատկառազդու արտաքինով մարդ է: «Հավանաբար նկարիչ է»,- մտածում եմ: Իսկ շուրջբոլորը Ջոյս է. երկար, հսկայական պոստերներ են, որոնցից նայում են տարբեր տարիների Ջոյսերը: Ջոյս է անգամ տորթը, ավելի ճիշտ` «Ուլիսես». տորթի երեսին կրեմներով նկարված է «Ուլիսեսի» հայերեն հրատարակությունը:
Մկրտչյանն ասում է, որ այդ օրը Իռլանդիայում ազգային տոն է, որը Դուբլինում վերածվում է մեծ տոնախմբության: «Փողոցներում ընթերցումներ են կազմակերպվում, հատվածներ են բեմադրվում, մարդիկ շրջում են «Ուլիսեսի» կերպարներին բնորոշ հագուստներով,- «Անկախին» ասում է թարգմանիչը,- ամբողջ օրը մարդիկ ուրախանում են»:
Մկրտչյանն ուզում է Բլումի օրը մեզանում էլ ավանդույթ դարձնել: Նա բոլորին բացիկ էր ուղարկել` «Բլումսդեյ» հրավիրատոմս: «Իսկ այդ օրը ես շնորհավորանքներ եմ ստացել. շնորհավոր Բլումի օրը»,- ասում է նա:
Մկրտչյանն ասում է, որ Հայաստանում անցկացվող Բլումի օրվա մասին տեղյակ են Դուբլինի «Ջոյս» կենտրոնում, և նրանց պաշտոնական կայքում այդ մասին տեղեկություն կա:
Շնորհանդեսը, ըստ էության, նաև ցուցահանդես էր: Մկրտչյանի մտահղացմամբ` 15 «Ուլիսես» տպվել էր կտավե շապիկով, որոնք ձևավորել էին 15 տարբեր նկարիչներ: Ամեն հեղինակ գրքի շապիկը ձևավորել էր` առաջնորդվելով «Ուլիսեսի» իր մեկնաբանությամբ: Ցուցադրված էր նաև փայտե գեղեցիկ տուփի մեջ դրված «Ուլիսեսի» մեկ օրինակ. այդպիսի ընդամենը 10 օրինակ է թողարկվել:
«Ուլիսեսը» վաճառվում է օնլայն պատվերով, բացառություն է «Բյուրոկրատ» գրախանութը, իսկ գրքի տպագրությունն արդեն դադարեցվել է, քանի որ թարգմանչի տեղեկացմամբ` շատ քիչ է վաճառվում: Մինչ օրս վաճառվել է «Ուլիսեսի» մոտ 120 օրինակ:
Աղբյուր`http://ankakh.com/2011/06/128447/
|