Հայկական էստրադայի ներկայացուցիչներն ու այդ ոլորտին առնչվող մարդիկ խոսում են, թե հայտնի երգիչներ, ամուսիններ Արամոն ու Էմմա Պետրոսյանը վաճառել են իրենց ամբողջ ունեցվածքը եւ պատրաստվում են մշտական կամ առնվազն երկարատեւ բնակության մեկնել արտերկիր: Արձագանքելով այս լուրերին ու հերքելով դրանք` մեզ հետ զրուցում Արամոն հայտարարեց. «Ցանկանում են, որ մենք դաշտը ազատենք, բայց դա իրենց աչքին է երեւում: Մեր փոքրիկ դաշտը մենք ունենք»: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը երգչի հետ:
- Արամո, տեղեկություններ կան, որ վաճառել եք ձեր ունեցվածքը եւ պատրաստվում եք մեկնել Հայաստանից: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները:
- Ոչ, չկա այդպիսի բան:
- Իսկ հնարավո՞ր է` նման ծրագրեր կան, պարզապես խոսակցությունները մի քիչ չափազանցված են մեզ հասել:
- Մեր ազգին բնորոշ է դա:
- Այսինքն` ամեն դեպքում մտադի՞ր եք հեռանալ Հայաստանից:
- Չէ, մտադիր չեմ: Ես չգիտեմ, մտքովս այդպիսի բան չի անցել երբեւեէ:
- Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում, կարծես ասպարեզում այնքան էլ հաճախ չեք երեւում թե դուք, թե Էմմա Պետրոսյանը:
- Հեռուստաընկերությունները պիտի ցույց տան, մենք մատերիալներ, համերգներ ունենք: Չգիտեմ` ինչու չեն ցուցադրում: Պայմանավորվածություն չկա, ուղղակի իրենք պետք է ցույց տան: Մենք նորմալ պատրաստվում ենք, տա Աստված` Էմմայի մենահամերգը կայանա առաջիկայում: Ամեն ինչ դեռ աշխատանքային փուլում է:
- Նկատի ունեք` այնպես չէ, որ դուք չեք աշխատում, ու հեռուստաընկերությունները ցուցադրելու բան չունեն, այլ ուղղակի ցանկությո՞ւն է պետք դա ներկայացնելու:
- Այո, իհարկե: Այսինքն` նոր տեսահոլովակ չկա, բայց չգիտես ինչու` մեզ չեն ցուցադրում: Ուրիշների 5-6 տարվա տեսահոլովակները ես տեսնում եմ, որ հեռարձակում են: Չգիտեմ` ինչն է դրա պատճառը, չեմ հետաքրքրվել, չեմ էլ ուզում հետաքրքրվել:
- Այդուհանդերձ, այսօր ասպարեզում լինելու գրավականը ո՞րն է, ի՞նչ սկզբունքով են ընտրում այն արտիստներին, ում պետք է եթեր տրամադրեն:
- Դա պիտի իրենց հարցնեք: Ես պրոբլեմ չունեմ հանդիսատեսի: Էմմայի հետ արդեն տասնյակ տարիներ է, ինչ բեմում եմ: Իմ հանդիսատեսն ունեմ, չեմ մտածում, չեմ էլ վախենում, որ որեւիցե օր կարող է դատարկ դահլիճում երգեմ: Ես իմ 2 հազար հոգին ունեմ, ու հերիք է, բավ է ինձ: Դրանք մարդիկ ենք, ովքեր մեր երաժշտությունը սիրում են ու գալիս են համերգի: Եթերում լինել-չլինելը ոչ մի նշանակություն չունի: Օրինակ` Ժակ Բրելը... կամ չեմ ուզում համեմատություն անցկացնել, արտիստներ կան, որոնք երբեւիցե ինտերվյու չեն տվել, սակայն նրանց համերգների ժամանակ դահլիճները միշտ լեփ-լեցուն են: Եթերն ուղղակի միջոց է, որ ավելի շատ մարդ գա, բայց եթե պաստառներ եղան եւ ուղղակի գովազդ եղավ քաղաքում, բնականաբար կտեսնեն ու կգան համերգի:
- Արամո, վիրավորվա՞ծ եք հեռուստաընկերությունների` նման վերաբերմունքից: Ձեր ձայնի մեջ ես մի տեսակ վիրավորվածություն եմ զգում:
- Ես չեմ ասում` ամբողջ օրը ցույց տան մեր տեսահոլովակները կամ համերգները, բայց պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ, որովհետեւ կան սիրուն երգեր, կան սիրուն տեսահոլովակներ, կան մի շարք համերգներ` իմ եւ Էմմայի մենահամերգները, որոնք կարելի է ուղղակի ցույց տալ: Չգիտեմ, դա իրենց իրավունքն է` ուզում են ցույց տան, ուզում են` ցույց չտան: Հիմա երեւի ուրիշ երաժշտության պահանջարկ կա ավելի շատ:
- Որպես ստեղծագործող մարդ այստեղ դուք հոգեպես ինչպե՞ս եք ձեզ զգում:
- Նորմալ: Ստեղծագործության համար ոչ մի այլեւայլություններ պետք չեն: Ստեղծագործողը ստեղծագործում է ամեն պահի, ամեն իրավիճակում, ամեն ձեւի մեջ: Ստեղծագործողը եթե ստեղծագործում է, նորմալ մարդու մասին է խոսքը, իր ստեղծածը հրամցնում է հանդիսատեսին: Բայց հանդիսատեսը պարտավոր չէ այդ բոլորը ուզենա լսել կամ ուտել, կամ տեսնել: Ես ոչ մեկի չեմ պարտադրել: Ստեղծագործողը միշտ էլ ստեղծագործում է, լսողը` լսում: Երաժշտության մեջ հանդիսատեսին ինչ հրամցնես, այն էլ ուտելու է: Սուտ է, երբ ասում են` հանդիսատեսի պահանջարկը սա է: Շոու բիզնես ընդհանրապես չի եղել Հայաստանում: Ես ի սկզբանե ասել եմ: Շոու բիզնեսը Մոսկվայում է, որտեղ կանոններ կան, Եվրոպայում է, ԱՄՆ-ում է: Այստեղ շոու բիզնես չկա:
- Իսկ ի՞նչ է այստեղ:
- Այստեղ համերգներ են կազմակերպում, այդքան բան: Շոու բիզնես մոդայիկ բառն ուղղակի բռնել կպցրել են: Կարող է` ես սխալ եմ, ուրիշների համար շոու բիզնես է, բայց ես Էմմայի հետ ոչ շոու բիզնեսի ներկայացուցիչ եմ եղել, ոչ կամ, ոչ էլ լինելու եմ:
Աննա Զախարյան
Աղբյուր`http://www.armtimes.com/27430
|