Գլխավոր » 2011»Օգոստոս»1 »
Արցախի «Մրակաց» երգչախումբը`Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Երգող աշխարհ» փառատոնի մասնակից
14:54
Արցախի «Մրակաց» երգչախումբը`Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Երգող աշխարհ» փառատոնի մասնակից
Հուլիս 29-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում գտնվող Սուրբ Պողոս եւ Պետրոս տաճարում տեղի ունեցավ «Երգող աշխարհ» երգչախմբային արվեստի 9 - րդ միջազգային փառատոնի եւ դրա շրջանակներում անցկացվող երգչախմբային կոլեկտիվների ու վոկալ համույթների 7-րդ միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր բացումը: Փառատոնի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ գալա- համերգ, որն սկսվեց «Երգող աշխարհ» փառատոնի հիմնի կատարմամբ, որին ձայնակցում էին փառատոնի մասնակից խմբերի բոլոր երգիչները: Նշենք, որ ինքնաթիռի ուշ ժամանման պատճառով փառատոնին մասնակցելու հրավեր ստացած Արցախի երգչախմբային արվեստի լավագույն խմբերից մեկը' Ստեփանակերտի «Մրակաց» պետական կամերային երգչախումբը, չմասնակցեց փառատոնի բացման արարողությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից,
երգարվեստի միջազգային տոնին մասնակցելու համար Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են ժամանել աշխարհի քսանվեց երկրների երգչախմբային արվեստի եւ վոկալ համույթների 40 պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբեր:Ասենք, որ «Մրակաց» երգչախումբն օգոստոսի 2 - 3 -ին կմասնակցի փառատոնի շրջանակներում անցկացվող երգչախմբային կոլեկտիվների եւ վոկալ համույթների 7-րդ միջազգային մրցանակաբաշխությանը: Փառատոնի ծրագրի համաձայն' արցախցիները ելույթներով հանդես կգան քաղաքի լավագույն համերգասրահներում, հանդիպում կունենան տեղի հայ համայնքի անդամների հետ: