Արցախում Բարքեմփի անցկացման ճակատագիրն անորոշ է: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԼՂՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն, Արցախում Բարքեմփի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ֆինանսական խնդիրներ կան: Անցած տարի Բարքեմփի անցկացման համար գումարներ էր հատկացրել ԼՂՀ մշակույթի նախարարությունը, նաև մի քանի հովանավորներ կային: Այս տարի նախարարությունը բյուջեով չի նախատեսում միջոցներ հատկացնել:
«Միայն ֆինանսական պահն է, խանգարող այլ հանգամանք չկա: 3 մլն դրամից քիչ գումար է անհրաժեշտ»,- նշեց Վ.Գրիգորյանը՝ հավելելով, որ հետաքրքրվողները շատ են, զանգում են և՛ Երևանից, և՛ արտասահմանից. «Հույս ունեմ, որ լինելու է»:
Նախապես ծրագրվում էր, որ Բարքեմփը տեղի կունենա սեպտեմբերին և նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակին։
Նշենք, որ Բարքեմփը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, ներկայացվում են համացանցին և ՏՏ ոլորտին վերաբերող շնորհանդեսներ:
Առաջին անգամ Արցախում Բարքեմփ տեղի է ունեցել նախորդ տարի օգոստոսին՝ Ստեփանակերտում։ Դրան մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ` Հայաստանից և Ղարաբաղից: