23 երկիր, երկու հասարակած, 42 հազար մղոն, որը մոտ 82 հազար կմ է: Այսքան ճանապարհ է անցել առաջին աշխարհաշուրջը կատարած «Արմենիա» նավը, որն իր շուրջերկրյա ճամփորդությունը սկսել է 2009թ. մայիսի 28-ին՝ Վալենսիա քաղաքից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արմենիա»-ի նավապետ Սամվել Կարապետյանը: Էքսպեդիցիայի ղեկավար Զորի Բալայանն իր հերթին ճանապարհորդությունն անվանեց ծովից ծով՝ նշելով, որ այդ ձևակերպումը չափազանցված չէ: Նրա խոսքով՝ «Արմենիա» առագաստանավը ճանապարհորդությունն ավարտել է այս տարվա օգոստոսի հինգին գիշերվա ժամը երկուսին, երբ առագաստանավը Կարմիր ծովից Սուեզի ջրանցքով մտել է Միջերկրական ծով, որտեղից էլ սկսվել է ճանապարհորդությունը:
«Շուրջերկրյա ճանապարհորդությունը յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր ժողովրդի համար մի կողմից երևույթ է, մյուս կողմից՝ երազանք»,- հայտարարեց Բալայանը՝ նշելով, որ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելը երազանք է դեռևս սկսած Մագելանից, որը կատարեց առաջին այդպիսի ճանապարհորդությունը: «Արմենիա» նավով ճամփորդելու գաղափարը, Բալայանի ներկայացմամբ, ծագել է 2005թ. Ջիբրալթարում, երբ առաջին անգամ հայկական «Կիլիկիա» նավով դուրս է եկել Ատլանտյան օվկիանոս: «Այդտեղ էր Սերժ Սարգսյանը, որին խնդրեցինք սեփական ձեռքով քարտեզի վրա գծել այն երթուղին, որով կցանկանար՝ մենք անցնեինք.... կար պատմական նպատակ՝ անցնել երեք օվկիանոսներով, հինգ մայրցամաքներով և Սփյուռքի գաղթօջախներով»,- հիշեց Զորի Բալայանը:
Նավարկության ժամանակ հանդիպած փորձություններից նա առանձնացրեց հանրահայտ Հորն հրվանդանը հատելու գործընթացը: Բալայանը հատուկ շեշտեց, որ Հորն հրվանդանը հատողները համարվել են էլիտար ծովայիններ, այդ բարդ հրվանդանում են խորտակվել բազմաթիվ նավեր, զոհվել բազմաթիվ ծովայիններ:
Նավի կապիտան Սամվել Կարապետյանի խոսքով՝ ճամփորդությունը նախ սպորտային նվաճում է Հայաստանի համար: «Սա հայ պատմության համար առաջին աշխարհաշուրջն է, որը բարեհաջող ավարտվեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որև ճամփորդության պատմական իմաստն այն է, որ իրենք նավարկելիս այցելել են աշխարհով սփռված հայությանն ու նրանց կառուցած եկեղեցիները: Նավարկությունն, ըստ նրա, բիզնեսի առումով էլ գրավչություն ունի՝ տարբեր երկրներում ստեղծված կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում ներդրումներ արվեն: «Շատերն են զարմացել, Հայաստանը ծով չունի, բայց նավ ունի»,- իրենց հանդիպած մարդկանց զարմանքի մասին նշեց նավի կապիտանը:
Ջիբրալթարում նրանք խաչ են տեղադրել՝ ի հիշատակ աշխարհի բոլոր անմեղ զոհերի: Խաչի վրա գրված է, որ այն տեղադրվել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմի կողմից՝ ի հիշատակ երկրագնդի բոլոր անմեղ զոհերի:Նավի բոցման Մուշեղ Բարսեղյանը նշեց, որ եթե մի քիչ հնարավորություն լինի, իրենք ցանկություն ունեն շարունակելու ճամփորդությունը: Այս ճամփորդության մասին Զորի Բալայանը պատրաստվում է հերթական հատորը կազմել: Անձնակազմը ճամփորդության մասին նաև ֆիլմ կներկայացնի: Այս մասին տեղեկացնում է tert.am լրատվական կայքը:
Աղբյուր`http://www.zham.am/index.php?lid=am&pageName=evayln&id=851018450
|