Օգոստոսի 6-ին Բեյրութի Մարինա նավահանգստում տեղի ունեցավ «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական միջոցառման ժամանակ Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի առաջնորդ արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանն ու Բեյրութ քաղաքի քաղաքապետ Բիլալ Համմադի ներկայացուցիչ Արամ Մալյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, «Արմենիա» առագաստանավի արշավախմբին դիմավորում էին հոգևոր հայրեր, Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Այնճարի և Բուրջ Համուդի քաղաքապետերը, սկաուտներ, Համազգայինի և հայաբնակ Այնճարի նվագախմբեր, կրթօջախների և սպորտային դպրոցների սաներ, պարախմբեր, հարյուրավոր բեյրութահայեր, Լիբանան – Հայաստան բարեկամության ասոցիացիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նշենք, որ «Արմենիա» առագաստանավն ավարտում է իր շուրջերկրյա նավարկությունը, որն իր սկիզբն է առել 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Առագաստանավն անցել է տարբեր օվկիանոսներով, ծովերով և Սփյուռքի ճամփաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նավահանգիստներում: Առագաստանավի արշավախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Խորհրդանշական է, որ նավարկությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին: Նախատեսվում է, որ առագաստանավին, որը մոտ օրերին մեկնում է Բեյրութից, Կիպրոսում կողջունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/08/armenia-boat/
|