Վ. Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործությունը ինչ կերպ ասես չի ընդունել՝ մյուզիքլ, բալետ, օպերա, ֆիլմ. պատճառը այս գործի ինքնատիպությունն է՝ նախ այն շեղվում է դասական ողբերգության ընդունված կանոններից, եւ հետո շատ ինտիմ է ու գունեղ: Մոնտեկի եւ Կապուլետի ընտանիքների միջեւ եղած տեւական թշնամանքը եւ ընդհանրապես սիրող սրտերի մասին գեղեցիկ, բայց տխուր վերջաբանով պատմությունը վերջերս Երեւանում էլ ուրույն մեկնաբանություն է ստացել: Օրերս կայացավ Լիլի Էլբակյանի բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերան: Երաժշտությունը Աննա Էլբակյանինն էր, գործիքավորումը՝ Էվա Ոսկանյանինը, գրաֆիտին՝ Վիլեն Գայֆեջյանինը: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Արմեն Էլբակյանի կուրսի ուսանողներն էին խաղում՝ Վարսիկ Շահինյան, Մեսրոպ Ապտոյան, Սիլվի Իգիթյան, Կարեն Բարբարյան, Հակոբ Հակոբյան, Արթուր Չալիկյան, Արմեն Մելքոնյան, Վարդան Էլոյան, Վահագն Ազիզբեկյան եւ այլք:
Չնայած սա երրորդ կուրսեցիների նախադիպլոմային ներկայացում է, բայց, ինչպես «Առավոտին» փոխանցեց սիրված դերասան եւ ռեժիսոր Արմեն Էլբակյանը, այն ընդգրկվել է «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկ: Պարոն Էլբակյանն ասում է, որ երբ ներկա է եղել բեմադրության հանձնմանը, հաճելիորեն զարմացել է. «Իհարկե, անթերի չէ, անթերի միայն Աստված կարող է լինել, բայց երեխեքը լավն են, սիրով են աշխատել եւ, որ ամենակարեւորն է՝ տիրապետում են պրոֆեսիային: Մեր մասնագիտության բոլոր տարրերն այս ներկայացման մեջ կան՝ պար, շարժում, խոսք, էմոցիա... կա նաեւ րՑցՊՌռվՏրՑՖ: Այսպիսի մի երիտասարդական խումբը կարող է ինչ-որ թատրոնի խումբ դառնալ, մոտ 22 մարդ է այս ներկայացման մեջ, ներկայացումն էլ շատ հասուն է, ինչի համար ուրախ եմ»: Մեր զրուցակիցն ասում է, որ սկզբից դեմ է եղել, որ «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրվի, բայց Լիլի Էլբակյանը պնդել է եւ ապացուցել, որ հնարավոր է լավ արդյունք ունենալ: «Շատ համարձակ եւ անսպասելի մեկնաբանություն է, իմ տեսած բոլոր «Ռոմեո եւ Ջուլիետն»-երից տարբերվում է»,- նշում է Արմեն Էլբակյանը: Իսկապես երիտասարդական շունչ կար Լիլի Էլբակյանի «Ռոմեո եւ Ջուլիետում»՝ ջինսեր, ռեփ, պար, երգ, գրաֆիտի, երիտասարդներին բնորոշ խենթություն, համբույրներ, լկստվածություն, երբեմն չգիտակցած քայլեր ու ռիսկ... Առանձին կտորներ շատ ստացված էին. օրինակ՝ գեղեցիկ էր եւ Ռոմեոյի ու Ջուլիետի անկողնու տեսարանը կամ թեկուզ ներկայացման ավարտը: Ամեն ինչ ճաշակով էր արված:
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/94794/view
|