Թերթը գրում է, որ երեկվա համարում տպագրել էին ստույգ աղբյուրներից չհաստատված տեղեկատվություն այն մասին, թե Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնի հավակնորդ է պրոռեկտոր Շահեն Շահինյանը, ով ներկայումս հեղինակավոր արվեստագետների միջնորդությամբ եւ դրամական վարձատրության խոստմամբ աշխատում է վերեւների բարեհաճությամբ հասնել ցանկալի պաշտոնին: Ավելացրել էին նաեւ, որ պրոռեկտոր Շահինյանը տեր է մսի պասաժի:
«Շահինյանը երեկ ներկայացավ թերթի խմբագրություն եւ ամբողջովին հերքեց մսի պասաժի տեր լինելու տեղեկությունը, ինչպես նաեւ նյութական վարձատրության պահը: «Միակ կապը Սիլաչի թաղամասի հետ այն է, ասաց նա, որ ծնվել եմ այնտեղ եւ վաղուց տեղափոխվել այլ բնակավայր»:
Այնուամենայնիվ, պրն Շահինյանը չժխտեց, որ տարիքային ցենզի կամ այլ պատճառով ռեկտորի աթոռի թափուր մնալու պարագայում ինքը հավակնորդ է լինելու այդ պաշտոնին: Պրն Շահինյանը խմբագրության տրամադրության տակ դրեց իր կենսագրականը, որն իրոք հարուստ է երաժշտական գործունեությամբ` եւ ուսումնառությամբ, եւ միջազգային ու տեղական մրցանակներով, եւ մասնագիտական-կրթական աշխատանքով:
Հիշեցնենք, որ Շահինյանը մասնագիտությամբ ջութակահար է, երաժշտագիտության բնագավառի դոցենտ, կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր: Ցավում ենք չստուգված տեղեկություն հրապարակելու համար»,- գրում է թերթը:
Աղբյուր`http://news.am/arm/news/64427.html
|