Թերթը գրում է, որ իրեն հասած, բայց դեռեւս չհաստատված լուրերը պարզապես զարմացրել են: «Ըստ այդ լուրերի, հեղինակավոր մի շարք արվեստագետներ համապատասխան դրամական վարձատրության դիմաց բարեխոսություններ են արել բարձրաստիճան մի պաշտոնյայի մոտ, որպեսզի կոնսերվատորիայի պրոռեկտորներից (վեց պրոռեկտոր մի բուհո՞ւմ) Շահեն Շահինյանին նշանակեն կոնսերվատորիայի ռեկտոր:
Երբ կրթության նախարարություն է հասնում այդ լուրը, շատ են զարմանում եւ տեղեկացնում են, որ ռեկտորի տեղի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել: Հարցն այն է, որ վերոհիշյալ անձը Երեւանի Գումի շուկայի մսի պասսաժներից մեկի սեփականատերն է: Այդ լուրը շատ ցավագին է ընդունել նաեւ ներկայիս ռեկտորը, որը սրտի սուր ցավերով այժմ գտնվում է բուժման մեջ:
Մի՞թե հանրապետությունում չկա այնպիսի անվանի երաժիշտ, որը արժանի լինի այդ կարեւոր բուհում զբաղեցնելու ռեկտորի աթոռը, այլ ոչ թե մսի պասսաժ տնօրինողը»,- գրում է «Ազգը»: