Օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ռուսաստանի հայերի միության, "Տաշիր" ընկերությունների խմբի, Մորդովիայի մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ հայ նկարիչների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների պարգևատրման հանդիսավոր արարողությունը և Մորդովիայի Հանրապետության դատախազ Կաֆիլ Ամիրովի լուսանկարչական աշխատանքների` "Թաթարստանի բնությունը" խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Մորդովիայի ազգային քաղաքականության հարցերով նախարար Ալեքսանդր Լուզգինը, Մորդովիայի կառավարությանն առընթեր գիտահետազոտական ինստիտուտի հնագիտության և ազգագրության բաժնի վարիչ Լյուդմիլա Նիկոնովան, Ռուսաստանի հայերի միության Մորդովիայի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Լևոն Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության Թաթարստանի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Միխայիլ Խաչատուրյանը:
Ռուսաստանի ժողովուրդների հետ Մորդովիայի ժողովրդի միավորման 1000-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին` հայ նկարիչներին և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետներին Մ. Խաչատուրյանը պարգևատրեց մեդալներով, պատվոգրերով և նվերներով, որից հետո տեղի ունեցավ "Թաթարստանի բնությունը" լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
Միջոցառման վերջում հրավիրվածները ունկնդրեցին "Սայաթ-Նովա" աշուղական երգի վաստակավոր անսամբլի ելույթը: