Երեկ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում տեղի է ունեցել նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի օծումը: Մատուռի կառուցումը հովանավորել է ծննդով բարեկամավանցի, ներկայումս ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ Ցոլակ Միքայելյանը:
Մատուռի օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:
Ավելորդ չէ նշել, որ Բարեկամավան համայնքում մինչ օրս չկար գործող սրբավայր:
Ուրախալի է, որ հեռավոր այս գյուղակն ունեցավ աղոթատեղի: Եւ վերջին շրջանում Տավուշի մարզի մի շարք համայնքներում օծվել են նոր մատուռներ ու եկեղեցիներ: Սակայն մյուս կողմից ցավալի է, որ անտերության են մատնվել միջնադարյան եկեղեցիները, որոնցից Տավուշի անտառներում բազմաթիվ են: Նրանց պատերին կանաչ խոտ է բուսնում, փլվում են տանիքներն ու սյուները:
Իսկ օրինակ 10-13-րդ դարերում կառուցված Մակարավանք վանական համալիրը, որը համեմատում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետ, փլվում է անձրեւներից: "Անկախը” նյութեր է պատրաստում Տավուշի եկեղեցիների ներկայիս վիճակի մասին, եւ առանձին հոդվածներով կներկայացնի ընթերցողի ուշադրությանը: Քրիստինա Տեր-Մաթեւոսյան