«Առաջին լրատվականն» անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են 107.0 հաճախականությամբ գործող Radio Jazz-ի փակման մասին լուրերը:
«Սովորաբար ինչքան լավ բան կա, դրա կյանքը քիչ է տևում: Ափսոս, որ փակվում է»,- ցավով ասաց Վ. Հայրապետյանը՝ նշելով, որ գուցե հարցազրույցներով, տեղեկատվություններով այն հնարավոր լիներ պահպանել, դարձնել շահավետ՝ կոմերցիոն առումով:
«Ցանկալի կլիներ, որ այդ ջազային ալիքով ավելի շատ ջազ հնչեր, քան pop ու smooth jazz: Ջազն ավելի քիչ էր հնչում: Գոնե լավ էր, որ մի նորմալ երաժշտություն հնչում էր»,- նկատեց ջազմենը՝ ընդգծելով, որ թեև չգիտի ռադիոյի փակման իրական պատճառների մասին, սակայն որոշ լուրեր լսել է:
«Ռադիոն իր լավ կողմն ունի, քանի որ ռադիոլսողները շատ են: Ցանկացած նորմալ քաղաքում լինում է գոնե մեկ ջազային ալիք, իսկ մեզանում կա ընդամենը մեկ հաղորդում ջազի մասին, որը վարում է Արմեն Թութունջյանը՝ ամեն շաբաթ մատուցելով շատ լավ, գրագետ հաղորդում»,- նշեց երաժիշտը:
Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ այդ ռադիոալիքով եթեր հեռարձակվեին նաև տեղացի ջազային երաժիշները, «ինչը երբեք տեղի չունեցավ»:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ ու ռադիոյով եթեր հեռարձակվող երաժշտությանը, ապա նա նկատեց, որ «լավ երաժշտություն հնչում է, բայց լավ ջազ չի հնչում»: Նրա խոսքով՝ լավ կլիներ նաև ունենալ այնպիսի հեռուստաալիք, որով մարդիկ տեղեկություններ կքաղեին՝ ովքեր են նվագում, ինչ է հնչում, ինչ խմբեր կան:
Նրա խոսքով՝ դեռ 1960-ականներից Հայաստանը միջազգային փառատոներում միշտ փայլել է իր ջազային կատարողներով՝ ի տարբերություն «մեր աստղերի, որոնք գնում ու ելույթներ են ունենում միայն հայերի համար»:
«Աստված տա, որ չփակվի ռադիոն կամ հետո վերաբացվի»,- նշեց Վ. Հայրապետյանը՝ ընդգծելով, որ իր գործը «սուս-փուս նվագելն է»:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30003.html
|